«Գագիկ Խաչատրյանը չէր մասնակցում դատական նիստին, քանի որ առողջական վիճակը թույլ չի տալիս. երկար նույն դիրքով նստելուց անգամ ուժեղ ցավեր է ունենում». Երեմ Սարգսյան

«Գագիկ Խաչատրյանը չէր մասնակցում դատական նիստին, քանի որ առողջական վիճակն ըստ էության թույլ չի տալիս, որպեսզի նիստերին մասնակցի: Այս մեկ տարվա ընթացքում պետական մարմիններն ամեն ինչ արեցին, որ նրա առողջական վիճակում բացասական դինամիկա տեղի ունենա: Այն, որ բուժման, վիրահատության կարիք ուներ, թույլ չէին տալիս, խնդիրը հասցրեց նրան, որ նույն դիրքում երկար նստելուց անգամ ուժեղ ցավեր են առաջանում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը շատ կարճ տևած դատական նիստից հետո:

Նրա խոսքով՝ Գագիկ Խաչատրյանի՝ ազատ արձակվելուց հետո տեղի է ունեցել բժշկական կոնսիլիում, որը ևս արձանագրել է բացասական դինամիկան:

«Դատարանին միջնորդեցինք, որպեսզի թույլ տա՝ Գագիկ Խաչատրյանը մեկնի Գերմանիա բուժման նպատակով: Դատարանը մերժեց միջնորդությունն ըստ էության ինձ համար անհասկանալի պատճառներով: Որովհետև պատճառաբանություններն այնպիսին էին, որ նա Հայաստանում կարող է պատշաճ բուժօգնություն ստանալ, բայց մոռանում ենք, որ հենց պետությունն առողջապահության նախարարի մակարդակով նախաձեռնել էր երկու բժշկական կոնսիլիումներ ՀՀ լավագույն մասնագետների ներգրավմամբ, և հենց իրենք էին արձանագրել, որ այս վիրահատությունը Հայաստանում հնարավոր չի կատարել»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2021թ. հունվարի 18-ին:

Երեմ Սարգսյանն ասաց նաև, որ Գագիկ Խաչատրյանը տնային պայմաններում է գտնվում բժշկական հսկողության տակ ու ստանում բուժում, կինեզոթերապիա է իրականացվում, ինչն այս պահին բուժման միակ հնարավոր տեսակն է Հայաստանում:

«Կարեն Խաչատրյանը դատական նիստին ներկա էր, բայց ամբաստանյալներից մեկի բացակայությունը հիմք էր դատական նիստը հետաձգելու: ՄԻԵԴ-ը ևս արձանագրել է, որ Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի: Ամեն անգամ, երբ Եվրոպական դատարան դիմում էինք ներկայացնում, և ՄԻԵԴ-ը պահանջում էր պարզաբանումներ, շատ հրատապ կարգով փորձաքննություն էին կատարում՝ հավանաբար կոնկրետ իրենց ընտրած փորձագետների մասնակցությամբ, որպեսզի հերքեն իրենց իսկ կողմից տրված կոնսիլիումի արդյունքները: Եվ այս մեթոդն ըստ էության ՄԻԵԴ-ի մոտ նույնպես կասկածի տեղիք է տվել, թե ինչպես է ստացվում, որ մինչև ՄԻԵԴ դիմելը դուք կոնսիլիում եք անում, և պարզվում է, որ ունի բժշկական օգնության կարիք, իսկ ՄԻԵԴ հարցերից հետո՝ ոչ, և նույնիսկ նշում եք, որ ընդամենը միայն ցավազրկող պետք է խմի և ուրիշ ոչինչ»,- ասաց փաստաբանը:

Նրա պնդմամբ՝ Գագիկ Խաչատրյանը պետք է վիրահատվի, որ կարողանա մասնակցել դատական նիստերին, և եթե պետությունն այս միջոցները չի ձեռնարկում, նշանակում է՝ դիտավորյալ գործողություններ են կատարվում, այդ թվում՝ խոշտանգման հետ կապված:

«Այս առումով ՄԻԵԴ-ը կողմերին նամակ էր ուղարկել, որում նշված էր, որ, եթե ընդհանուր հայտարարի չգան, ՄԻԵԴ-ը կսկսի խոշտանգման վարույթ»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Հարցին, թե ինչ օգնություն է ցուցաբերել Կարեն Խաչատրյանն Արցախին պատերազմի ժամանակ, Երեմ Սարգսյանը պատասխանեց, որ ինքն իրավասու չէ դա հանրայնացնել:

«Այո, ես պնդում եմ, որ կատարվել է լուրջ աշխատանք՝ ի նպաստ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության, ընդ որում, անգնահատելի աշխատանք, ինչը որոշ դեպքերում նույնիսկ գումարային չափում չի կարող ստանալ, որովհետև անհնարինություն կար այլ մարմինների կողմից կատարելու, բայց կատարվել է կոնկրետ անձանց և մտավոր, և աշխատանքային հնարավորությունների արդյունքում»,- ասաց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս