«45 օր նորություն չենք ունեցել, երեկ երեխեն օնլայն է եղել, զանգահարել է, մեր հեռախոսն անջատված է եղել». անհետ կորածի ծնող
Այսօր Էջմիածնի զորամասի առջև բողոքի ակցիա էին անցկացնում անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանցից մեկը զորամասի շտաբի պետի հետ զրույցում ասաց, որ իր տղան, որից 45 օր նորություն չեն ունեցել, երեկ փորձել է կապի մեջ մտնել:
«Երեկ կապի է եկել երեխեն, երեխու Viber-ն ու WhatsApp-ն աշխատել են, զանգահարել է քրոջս տղային, իրա հեռախոսն անջատված է եղել, մինչև միացրեց, երեխեն կապից դուրս եկավ: Հիմա որտեղ դիմում ենք, էդ հարցը չեն կարողանում պարզել: Էս ի՞նչ Հայաստանում ենք ապրում: Երեխեն փաստացի զանգել ա, ուղղակի մենք չենք կարողացել կապվել: Բա ո՞ւմ համար ենք մենք երեխա տվել»,- ասաց ծնողը:
Նա նշեց, որ իր տղան սեպտեմբերի 27-ին Ռուսաստանից հատուկ եկել է Հայաստան՝ պատերազմին մասնակցելու համար:
«Մեկը կա՞, որ մեզ կասի՝ էս ուղղության վրա գնացեք, էնքան արեցին, որ ձյունն էլ եկավ: Տունը նստած՝ մենք չենք կարողանում դիմանանք, էդ երեխեքը 45 օր որտեղի՞ց դիմանան: Ես էն եմ ջոկում, որ մեր երկիրը երկիր չի, մեր ղեկավարությունը շատ թույլ է աշխատում: Ստից փող են ստանում, ինչի՞ համար՝ չենք հասկանում: Ավելի լավ ա գնանք Ալիևին դիմենք, խնդրենք, թող ընդառաջի, մեր երեխեքին տա: Էդ ա՞ մնում: Փաստացի ասում ենք, որ էսինչ տեղն ա երեխեն, գնացեք հետևից, ոչ մեկը չի գնում»,- ասաց ծնողը: