«Տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը որոնողական աշխատանքներ կիրականացնեն Զանգելանի հատվածում». Էջմիածնի զորամասի շտաբի պետ
Այսօր Էջմիածնի զորամասի առջև բողոքի ակցիա էին անցկացնում անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանց հետ հանդիպման դուրս եկավ զորամասի շտաբի պետ կապիտան Կամո Մալխասյանը, զինծառայողների ծնողների հետ զրուցելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին և վստահեցրեց, որ տվյալ պահին իրենցից հասանելիք ամեն բան արել են:
«Բոլոր տեղեկություններով, տվյալներով ներկայացված է հանձնաժողովի նախագահին: Այս պահին էլ տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը աշխատանքներ են իրականացվելու Զանգելանի հատվածում: Այսօր զրուցել եմ մեր վարչության անդամների հետ մեր անձնակազմի վերաբերյալ, ինձ տեղեկություն են տվել, որ այսօր կամ վաղը թույլ կտան աշխատել Զանգելանի հատվածում: Մինչև այժմ չի եղել նման թույլտվություն, իսկ հիմա տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը կաշխատեն»,- ասաց Մալխասյանը:
Զորամասի շտաբի պետը նշեց, որ որոնողական աշխատանքներին մասնակցելու են Կարմիր խաչի և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Ծնողները թերահավատորեն էին վերաբերվում լսածին, պնդում էին՝ 40 օր նույն բանն են լսում: