«Սելավը կգա, Հայաստանի տնտեսությունը կտանի, սա՞ է ուզում՝ տնտեսական դիվանագիտությունից այդ մարդը բոբիկ է». Տնտեսագետը՝ Էկոնոմիկայի նախարարի հայտարարության մասին
Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 28-ին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել էր, որ երկրաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություններ է տեսնում:
Հարցին, թե խոսում են, որ նախատեսվում է բացել սահմանները, Հայաստանն արդյո՞ք ունի ռազմավարություն, նախարարը պատասխանել էր.
«Իհարկե, տնտեսության համար բաց սահմանները շատ լավ են, քանի որ մրցակցության արդյունքում ավելի լավ ապրանքներ են ստեղծվում, այսինքն՝ մեր տնտեսությունը կարող ենք դարձնել աշխարհի մակարդակին հավասար։ Այսինքն, եթե մեզ մոտ էժան և որակյալ ապրանքներ են ներմուծվում, ապա մեր տեղական արտադրողը ստիպված է ավելի լավը դառնալ։ Բայց հունվարի 1-ից արգելվելու է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, այդ որոշումն ընդունվել է պատերազմի ժամանակ, նախորդ նախարարի օրոք, և արդյունքում՝ ազատվելու է 200 մլն դոլարանոց շուկա Հայաստանում։ Ես կոչ եմ անում վերցնել այդ ցուցակը և այնպես անել, որ հունվարի 1-ից մեր խանութներում թուրքականի փոխարեն՝ հայտնվեն հայկական ապրանքները»,- ասել էր Վահան Քերոբյանը։
Նախարարը նաև ընդգծել էր. «Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու՝ մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»։
168.am-ի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն անդրադառնալով Էկոնոմիկայի նորանշանակ նախարարի՝ մեր մեջբերած հայտարարությանը, նշեց, որ Հայաստանում կարծես թե մրցույթ է, որքան անհայտ, պատերի տակ մնացած մարդ կա, որին հանրությունը չի ճանաչում, հատուկ բերում ու նշանակում են Կառավարության անդամ։
«Ես չեմ հասկանում՝ այդ տղան որտեղից է ընդհանրապես եկել, հանրությանն ինքը պետք է ծանոթ լինի, հայտնի լինի՝ որպես արհեստավարժ կառավարիչ, եթե այդպես չէ, կենսափորձ չունի, պետական կառավարման ոլորտում անցած ճանապարհ չունի, սա շատ վատ մեսիջ է, նաև իմ ուսանողներին։ Ես պրոֆեսոր եմ և այդ ուսանողներին չեմ կարող դաստիարակել ու ասել՝ գիտելիք ստացեք, որպեսզի հետագայում դուք դառնաք էկոնոմիկայի նախարար։ Երբ նման մարդկանց են պաշտոնի դնում, դնողն էլ ինքը տեղով պատահականություն ու թյուրիմացություն է, լրագրողներն ու փորձագետներն ընկնում են կրակը՝ փորձում են մեկնաբանել նրա ասածները։ Ես իրականում ցանկություն չունեմ մեկնաբանելու իր ասածները, որովհետև աբսուրդի ոլորտից է նրա ասածները։ Ինքը հիմա թող գնա Թուրքիա, Ադրբեջան և նստի բանակցի, եթե ուղեղն այդքան կարճ է ու չի հասկանում, որ նախ և առաջ քաղաքական գործոններով է ամեն ինչը որոշվում։ Գոյություն ունի տնտեսական դիվանագիտություն, որից այդ մարդը բոբիկ է, ոչ էլ գիտի՝ ինչ է դա»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։
Ըստ նրա, տնտեսության մրցակցություն կա, և Հայաստանը մի քանի անգամ զիջում է Թուրքիային, և զարմանալի է, թե ինչու է այս պայմաններում Էկոնոմիկայի նախարարը որբի ուրախություն ու հրճվանքն ապրում, թե սահմանները կբացվի, Հայաստանն էլ մեջտեղը կօգտվի։
«Սելավը կգա, Հայաստանի տնտեսությանը կտանի, սա՞ է ուզում, ինքն էլ իր շեֆի նման պետք է կանգնի մեջտեղն ու կսկսի բացատրություններ տալ ու արդարանալ, թե ինչու այդպես եղավ, կամ, որ ինքը դավաճան չէ, այս անգամ՝ տնտեսական դավաճան»,- հավելեց նա։
Թե այս պայմաններում ինչ պետք է անել, Թաթուլ Մանասերյանն առաջարկեց՝ գնացեք նստեք Կառավարության շենքի մոտ ու պիկետ արեք՝ պահանջելով, որ «նման ապուշի չնշանակեն նախարար, որը բացարձակապես չգիտի, թե ինչ է նշանակում տնտեսությունը»։
«Հավատացեք, կյանքումս առաջին անգամ է, երբ որակում եմ տալիս նախարարին, ես բոլորին շատ հարգանքով եմ վերաբերվել, նույնիսկ նրանց, որոնց հայեցակարգերի ու մոտեցումների հետ համամիտ չեմ եղել։ Բայց սա արդեն բացարձակ ապուշություն է, ինչո՞ւ ես պետք է մեկնաբանեմ։ Պետք է նախ և առաջ՝ վերականգնվի էկոնոմիկան, այն, ինչը քանդվել է, և վերջին հաշվով չի կարելի Հայաստանի տնտեսությանը մեկուսի նայել, պետք է մտածել նաև Արցախի տնտեսության մասին, որի փշրանքներն են մնացել, որը 17-18 տոկոս տնտեսական աճ է արձանագրել, և պարզ է, չէ՞, թե ինչ հաջողության պատմություն է նույնիսկ Հայաստանի տնտեսության համեմատ, որովհետև այնտեղ մարդիկ աշխատել գիտեն, բառադի մարդկանց չեն բերում ու պաշտոնի նշանակում։ Իհարկե, նման նախարարի առկայության դեպքում հնարավոր չէ տնտեսություն վերականգնել, նրանք ինչպե՞ս կարող են տնտեսություն վերականգնեն, ավելի շատ ավերվելու է, եղածն էլ են տանելու մեջտեղից»,- զայրացած եզրափակեց Թաթուլ Մանասերյանը։