Հայրենազրկման տեսարանները՝ նոր ամֆիթատրոնից

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 10 մլն դոլարի չափով ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է Կոմիտասի պողոտայում կառուցել վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան-ջրավազաններ: Սա այն է, ինչ պետք է իմանալ հետպատերազմյան Հայաստանի մասին։

Պաշտոնական այս հաղորդագրությունը նման է հուղարկավորությունից հետո հանգուցյալի հարազատներին ուղղվող մխիթարությանը՝ «կյանքը շարունակվում է»։

Բայց կառավարության առօրեական որոշումների ու հանգուցյալին հղվող մխիթարանքի միջև կա սկզբունքային տարբերություն։ Մարդկային երևակայությունը չի կարող պատկերացնել տեսարան, երբ հանգուցյալի հարազատներին «կյանքը շարունակվում է» մխիթարանքի խոսք է հղում հանգուցյալին սպանողը։ Մինչդեռ կառավարության կողմից հանրությանը հղվող «կյանքը շարունակվում է» ուղերձը հենց դրա մասին է, որովհետև գործող կառավարությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «հանգուցյալին» սպանողը։

Սպանության մեջ նա մեղադրում է բոլորին, բացի իրենից՝ սպանության կոնկրետ ու հասցեական հեղինակից։ Նա չարախնդում է զոհին, ծաղրում է նրա հիշատակը, որովհետև զոհի հարազատները հանդուրժում են նրա ներկայությունը։ Այդ հանդուրժմամբ նրանք լեգիտիմացնում են սպանությունը, ինչը սպանությունն իրագործողին հավելյալ անպատկառություն է հաղորդում հեգնելու զոհի հարազատներին՝ առանց այլևայլությունների ուղերձ հղելով այն մասին, որ սպանության լեգիտիմացումից հետո ինքը շարունակելու է իր գործը։

«ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը, և այս զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան: Նաև ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի, այդ գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա․․․»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը պղծել է հայ ժողովրդի անցյալը, արյունոտել է ներկան՝ խաչ քաշելով ապագայի վրա։ Եվ դրանից հետո նա հայտարարում է, որ ժողովուրդը պետք է որոշի, թե այդ ապագան ում հետ է կառուցում՝ «ում» ասելով՝ նկատի ունենալով ինքզինքը։

Մարդկային երևակայությունն այս դեպքում ևս չի կարող պատկերացնել, որ բռնաբարության հեղինակը բռնաբարությունից հետո կարող է ամուսնության առաջարկ անել բռնաբարության զոհին։

Պատմությանը, իհարկե, նման դեպքեր հայտնի են, բայց որպես կանոն՝ այդ ամուսնությունները չարիք են դառնում ոչ միայն ամուսինների համար․․․։

Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին զրկել է Արցախից, վտանգել է Հայաստանի անվտանգությունը և առաջարկում է․․․ հետևել տեսարաններին Կոմիտասի պողոտայում կառուցվելիք ամֆիթատրոնից։

Քաղաքացիները պետք է պատասխանեն՝ ընդունո՞ւմ են առանց հացի հայրենազրկման տեսարաններին ամֆիթատրոնից հետևելու հրավերը, թե՞ ապագան շարունակելու են կառուցել ցանկացածի հետ, բացի նրանից, ով սպանությունից հետո զոհի հարազատներին մխիթարում է՝ «կյանքը շարունակվում է»։

Հարություն Ավետիսյան  

Տեսանյութեր

Լրահոս