Փաշինյանի հետ և առանց նրա
Փաշինյանի հրաժարականի պահանջի հիմքում հիմնականում հնչեցվում են անցյալին ուղղված փաստարկներ. պետք է հեռանա, քանի որ տապալել է։ Սակայն կարիք կա նաև քննարկելու, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե Փաշինյանը մնա, և ինչ խնդիրներ կլուծվեն, եթե Փաշինյանը գնա։
Այսպիսով, եթե նա մնա.
- Երկրում քաղաքական և հասարակական լարվածությունը շարունակվելու է։ Կառավարությունը մնալու է հեշտ թիրախ ցանկացածի համար։ Գաղջը, ատելությունն ու ցույցերը լինելու են անպակաս։
- Հանրային դժգոհություններին հակադարձելով զբաղված Կառավարությունը «թևերը քշտած» աշխատելու ժամանակ չի ունենալու։ Հատկապես, երբ աշխատելու կարողություն երբեք էլ չի դրսևորել։ Իրական աշխատանքի փոխարեն՝ տեսնելու ենք ցուցադրական, ֆեյսբուքյան աշխատանք, քանի որ գերխնդիրը մնալու է հանրային տրամադրությունների մեղմումը։
- Բարձրաստիճան պաշտոնյաներն ունենալու են «խիստ ժամանակավորության» զգացում։ Սա բացառելու է համակարգված աշխատանքը և երկարաժամկետ պլանավորումը: Մի ամբողջ պետական համակարգ ապրելու է սպասման ռեժիմում, քանի դեռ հասարակական-քաղաքական հաշտեցում տեղի չի ունեցել։
- Հեղինակավոր և փորձառու մասնագետները չեն ընդունելու Կառավարության հետ աշխատելու հրավերը, քանի որ կառավարությունը վարկաբեկված է, աշխատանքային միջավայր չկա, իսկ «խիստ ժամանակավորության» պայմաններում ծանր հարվածի տակ մտնելը խելամիտ չէ:
- Ներդրողները և գործարարները չեն համագործակցելու Կառավարության հետ, քանի որ ճամպրուկները հավաքողների հետ երկարաժամկետ ծրագրեր չեն սկսում, նրանից երաշխիքներ չեն ակնկալում: Բացասական սպասումները դառնալու են տնտեսական վիճակի ավելի վատթարացման կարևոր գործոն:
- Հայաստանն արտաքին ճնշումների նկատմամբ դառնալու է ավելի խոցելի։ Ներքին խնդիրներ ունեցող պետության ղեկավարից որոշակի ծառայությունների դիմաց հեշտությամբ կարելի է զիջումներ կորզել՝ ի վնաս պետության:
- Ընկճված հասարակությունը չի համախմբվելու այն կառավարության շուրջը, որի առաջնորդությամբ արդեն մեկ անգամ հանգել է աղետի: Եթե մարդիկ մինչև սահմանների բացումը հույս չգտնեն նոր առաջնորդների մեջ (թեկուզ ոչ ռացիոնալ), արտագաղթի ալիքը զսպելը դառնալու է անհնարին:
Իսկ եթե հաջողվի հասնել Փաշինյանի հեռացմանը և ստեղծել ժամանակավոր կառավարություն, վերոնշյալ մի շարք բաղադրիչներ կփոխվեն.
- Քաղաքական-հասարակական լարվածությունը կթուլանա։ Իհարկե, արտահերթ ընտրությունների հեռանկարը պահպանելու է քաղաքական ուժերի միջև մրցակցությունը, սակայն ատելության թիրախների բացակայությունն էապես կպարպի մթնոլորտը։
- Եթե Ժամանակավոր կառավարությունը բաղկացած լինի ոչ թե քաղաքական դեմքերից, այլ մասնագետներից, կառաջանա «թևերը քշտած» աշխատելու հնարավորություն։
- ժամանակավորության զգացումը և սպասմանը ռեժիմը հետապնդելու է նաև այս կառավարությանը։ Սակայն վարկաբեկված չլինելու և երկիրը ծանր վիճակից հանելու առաքելությունը նպաստելու է անհրաժեշտ մարդկային և ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը։
- Եթե ժամանակավոր կառավարության ղեկավարն ունենա հիմնական քաղուժերի աջակցությունը, Հայաստանն արտաքին ճնշումների նկատմամբ դառնալու է ավելի դիմադրունակ։
Ժամանակավոր կառավարությունը բոլոր խնդիրների դարման չէ, սակայն բացում է մի շարք հնարավորությունների պատուհան։ Ամենակարևորը՝ բացում է ճանապարհ դեպի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծում։ Ավելի երկարաժամկետ ապագան որոշվելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ինչի մասին խոսելը դեռ ժամանակավրեպ է։
Ուստի, այժմ մարդիկ ունեն երկու ընտրություն. կա՛մ համակերպվում են «Հայաստանը Փաշինյանի հետ» հեռանկարին՝ իր բոլոր անխուսափելի հետևանքներով, կա՛մ արտահայտում են «Հայաստանը առանց Փաշինյանի» տեսնելու կամք՝ իր բոլոր հնարավորություններով։ Ընտրությունն ունի պատմական կարևորություն։
Դավիթ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն