
«Այս ընթացքում «Կամազ» մակնիշի մոտ 172 ինքնաթափ շինաղբ ենք հանել թաքստոցներից». փոխքաղաքապետ

Այսօր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն իր ելույթում անդրադարձավ ապաստարանների խնդրին: Նա նշեց, որ դրանց մի մասը սեփականաշնորհված է:
«Մենք պարտվել էինք դեռ այն ժամանակ, երբ ապաստարանները դարձան ուտելու և փող աշխատելու վայրեր, շատ ուտելու և շատ փող աշխատելու վայրեր, ավելի շատ ուտելու և ավելի շատ փող աշխատելու օբյեկտներ, երբ չգիտես ինչպես՝ այդ ապաստարանները սեփականաշնորհվեցին, չգիտես ում թեթև ձեռքով և մտքով որոշվեց, որ դրանք այլևս մեզ պետք չեն գա: Այո, կարող են մեզ պետք չգալ, բայց այն դեպքում, երբ ունես իրականում մինչև ատամները զինված մարտունակ բանակ ու գերզարգացած պետություն, չնայած այս դեպքում էլ է վիճելի»,- ասաց Անտոնյանը:
Այս պնդումներին անդրադարձավ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ չնայած խնդիրներ կան, բայց պատերազմի ընթացքում և հիմա էլ հնարավորինս կարգի են բերվում ապաստարանները:
«Երևան համայնքում կա մոտավորապես 4682 բազմաբնակարան շենք, եթե չեմ սխալվում, ու ոչ բոլոր բազմաբնակարան շենքերում կան թաքստոցներ: Այդ թաքստոցները, ինչպես նշեցիք, տարբեր տարիներում դարձել են առևտրի կենտրոններ, ինչպես նաև այդ թաքստոցները լցված են եղել շինաղբով: Այս ընթացքում Կամազ մակնիշի մոտ 172 ինքնաթափ շինաղբ ենք հանել այդ թաքստոցներից, նախապատրաստման և պատրաստման աշխատանքները մինչև հիմա շարունակվում են»,- ասաց Սարգսյանը: