«Իմ պահանջը միակն է՝ սահմանադրական կարգը տապալելու համար քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին». Կիմ Բալայան

«Իմ պահանջը միակն է՝ սահմանադրական կարգը տապալելու համար քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու ու պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև նրա հրաժարականի պահանջով ՀՅԴ-ական գործիչ Գեղամ Մանուկյանի հացադուլին միացած՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին անդամ Կիմ Բալայանը:

Ըստ նրա՝ մեր Սահմանադրության 116 հոդվածով հստակ սահմանվում է, թե ի՞նչ բան է միջազգային պայմանագիրը, ո՞ր հարցերն են, որ պետք է կարգավորվեն միջազգային պայմանագրերով, և այստեղ, բացի հրադադարի պահից, որը որպես հումանիտար հրադադար՝ պետք է կնքվեր, մնացած բոլոր կետերը Սահմանադրությամբ սահմանված կարգի ուղիղ հակառակ կերպ են կազմված:

«Դա պետք է լիներ միջազգային պայմանագիր, պետք է գար ՍԴ, ՍԴ-ն պետք է քններ, և եթե որոշեր, որ այն Սահմանադրությանը համապատասխանում է, այդ պարագայում նոր պետք է գնար Ազգային ժողով (ԱԺ), և ԱԺ-ն նոր պետք է վավերացներ: Էլ չեմ ասում, որ վիճահարույց կետեր կան, որ նույնիսկ ՍԴ-ն, հնարավոր է՝ ասեր, որ Սահմանադրությանը չեն համապատասխանում, և դրանք պետք է հանրաքվեով լուծվեին»,- ասաց Կիմ Բալայանը:

Նրա խոսքով՝ անգամ այս պահին ՍԴ-ով կարելի է որոշ շտկումներ անել, բայց ո՞վ է այն սուբյեկտը, որ պետք է դիմի ՍԴ. չկա այդ սուբյեկտը:

«Չկա այն միջազգային պայմանագիրը, որը ներկայացրել են ՍԴ: Այսինքն՝ սահմանադրական կարգն ամբողջությամբ տապալված է, սա է ասելիքս»,- ասաց ՍԴ նախկին դատավորը:

Կիմ Բալայանը շեշտում է, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններում սահմանադրական կարգի տապալման հանցակազմն ակնհայտ է:

«Իմ հացադուլը նաև ուղղված է գլխավոր դատախազին և Հատուկ քննչական ծառայության ղեկավարին նաև, որոնք մինչև հիմա քրեական գործ չեն հարուցել ու քրեական պատասխանատվության չեն ենթարկում: Այսինքն՝ իրենք նույնպես հանցանք են կատարում՝ անգործություն ցուցաբերելով»,- ասաց Կիմ Բալայանը:

Հարցին, թե որքան է շարունակելու հացադուլը, նա պատասխանեց՝ մինչև արդյունքի հասնելը:

«Եթե չեմ հասնի արդյունքի, ուրեմն կգնամ-կհավասարվեմ այն 5000-ներին, ովքեր զոհվեցին հանուն հայրենիքի: Ես հասկանում եմ, որ ժողովուրդը բավականին ծանր վիճակում է, որովհետև չկա մի ընտանիք, որ հարազատ, բարեկամ կորցրած չլինի, ամեն մեկն իր հոգսերի մեջ է: Ես փառք եմ տալիս բոլոր զոհվածներին, ափսոսում եմ, որ իրենց փոխարեն ես չեմ զոհվել, բայց հանուն հայրենիքի պետք է մենք շարունակենք ճիշտ վարքագիծ դրսևորել: Պետք է ժողովուրդը միավորվի և իր ձայնը բարձրացնի, որ իշխանավորները համոզվեն՝ այն ժողովուրդը, որ միահամուռ ձևով իրենց է ընտրել, այժմ իրենց դեմ է, և ժամանակն է, որ իրենք հեռանան: Այս իշխանության երկարաձգումը նշանակում է նոր պարտությունների շարանի սկիզբ»,- եզրափակեց Կիմ Բալայանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս