«Փնտրում էին ցուցարարների ցուցակներ, ռուպըռներ, ապօրինի հավաքներ կազմակերպելու հետ կապված ինչ-որ պարագաներ». Միհրան Հակոբյան
Քիչ առաջ քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը:
168.am-ը կապ հաստատեց Միհրան Հակոբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ էին իրավապահները փնտրում իր տանը:
«Մեր տանը փնտրում էին ցուցարարների ցուցակներ, ռուպըռներ, ապօրինի հավաքներ կազմակերպելու հետ կապված ինչ-որ պարագաներ: Բնականաբար, նման բան մեր տանից չգտան, բայց այլ իրեր առգրավեցին, որի իրավունքը չունեին: Օրինակ, ես ունեմ օրինական զենքեր՝ փաստաթղթավորված, որոնք առգրավեցին ու տարան փորձաքննության: Հավանաբար մի քանի օրից կվերադարձնեն»,- ասաց Միհրան Հակոբյանը:
Մեր հարցին, թե կա՞ր արդյոք դատարանի համապատասխան որոշում, որով թույլատրվում էր խուզարկություն իրականացնել, Միհրան Հակոբյանը պատասխանեց, որ այն կար, բայց դրա հետ կապված՝ մեկ այլ խնդիր կար:
«Դատարանի որոշմամբ՝ այլ մարդ պետք է խուզարկություն իրականացներ, սակայն մեկ այլ քննիչ էր այն իրականացնում, և չկար քննիչի հանձնարարական, որ մեկ այլ մարդ պետք է այդ գործողությունն իրականացնի»,- նշեց Միհրան Հակոբյանը՝ հավելելով, որ խուզարկության իրավաչափությունն անպայման կբողոքարկվի իր փաստաբանների կողմից:
Տեղեկացանք նաև, որ խուզարկությանն իր փաստաբանները ներկա են գտնվել:
«Քանի օր ինձ ապօրինի էին ձերբակալել, և դատարանն ինձ ազատ արձակեց, որպես խափանման միջոց՝ ընտրվեց քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը: Որևէ այլ պարտավորություն ինձ չի ներկայացվել: Իրենք ինչ փնտրում էին, չգտան, իսկ այն, ինչ տարել են, խնդրահարույց է, որովհետև դատարանն իրենց չի լիազորել փնտրել այն, ինչ առգրավվել է»,- եզրափակեց Միհրան Հակոբյանը: