«Պայքարը շարունակելու ենք, որովհետև տվյալ դեպքում մի մարդու պաշտոնի մնալ-չմնալու հարցը չէ, մեր ապագայի հարցն է». Գեղամ Մանուկյան
Տարբեր քաղաքացիներ, հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, կուսակցությունների ներկայացուցիչներ են մոտեցել, զորակցության խոսքեր ասել: Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ով այսօր անժամկետ հացադուլ է սկսել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
«Մեկը խորհուրդ է տալիս չանել, պատճռաբանությունը՝ Նիկոլ Փաշինյանը արժանը չի, բայց մեր խնդիրն է հարցը բարձրաձայնել»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել անձամբ ինքը և 17 կուսակցությունները, որոնք հանդես են գալիս նույն պահանջով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հրաժարական չտալու դեպքում, Գեղամ Մանուկյանը հայտարարեց` «Շարունակելու ենք»:
«Պայքարը շարունակելու ենք, որովհետև տվյալ դեպքում մի մարդու պաշտոնի մնալ, չմնալու հարցը չէ, մեր ապագայի հարցն է: Հիմա բոլորը ականատես են լինում՝ ինչ բարձիթող վիճակ է, ականատես են լինում՝ գյուղերը ոնց են դատարկվում, երբ պետություն չկա գյուղացու կողքը, այդ մարդիկ խայտառակ վիճակով դուրս են գալիս իրենց բնակավայրերից: Որևէ մեկը ծրագրավորումը չի ունեցել, մշակումը չի ունեցել և բոլոր հարցերում է այսպես: Օր առաջ նա պետք է հեռանա՝ երկիրը փլուզումից փրկելու համար»,- նշեց Գ. Մանուկյանը:
Անդրադառնալով անհետ կորածների հարազատների խնդրին, ովքեր այս պահին հանդիպում են վարչապետի հետ՝ մեր զրուցակիցը նկատեց, որ թերևս ամենադժվար հարցերից մեկն է.
«Սփոփանքի, ցավակցութան, զորակցության խոսքերից ավել չես կարողանում ասել: Բայց նաև հասկանում ես՝ այդ մարդկանց թև ու թիկունք է պետք, այդ մարդկանց աջակցություն է պետք, պետության աջակցություն և պետության զորակցություն և գործնական քայլեր՝ իրենց զավակներին, աճյունները գտնելու, բայց դա կարող է իրականացնել միայն ուժեղ, միայն նպատակաուղղված իշխանությունը: 2.5 տարի և հատկապես վերջին երկու ամիսը ցույց տվեց, որ այս իշխանությունը անզոր է նման կրիտիկական ճգնաժամային պայմաններում կառավարելու, երբ կառավարությունը փլուզված է: Իրենց ամբողջ ուշքն ու միտքը լայվն է, իրանց անձնական PR-ն է, նույնիսկ պատերազմի մեջ անձնական PR-ն է: Դերասանկան կամավորական ջոկատը գնաց, մի շաբաթ գնացին, ավելի շատ լուսանկարվեցին, քան րոպեներ մնացին առաջնագծում: Նույնիսկ օրերս Լենա Նազարյանի պատասխանը Շուշիի հետ կապված վկայում էր, որ այդ մարդիկ նույնիսկ Շուշիի հարցով միայն անձնականի մասին են մտածում: Մարդը ասում է՝ գիտեք, երբ հարց էին դրել՝ Շուշիի հարցում՝ միայն փախստականների վերադարձ, մենք մտածեցինք՝ ի՞նչ կասի ժողովուրդը, դրա համար մերժեցինք, ասեցինք՝ ավելի լավ է կռվով հանձնենք Շուշին, որպեսզի հետո, ինչպես հիմա են անում մեղքը բարդեն ժողովրդի վրա, մեղքը բարդեն բանակի վրա, մեղքը բարդեն կամավորների վրա»,- եզրափակեց Գեղամ Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում