«Այս իրավիճակում հենց Նիկոլ Փաշինյանն է կայունացնող գործոնը». Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի խոսքով՝ ռազմական դրության վերաբերյալ նախագիծը խորհրդարան էր բերել Կառավարությունը, և այն ընդունել են Կառավարության գնահատականով և որոշմամբ։

«Մենք հիմա չունենք Կառավարությունից որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի, հետևաբար՝ մենք չեն մասնակցելու այդ նիստին»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց Լենա Նազարյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ կրկին հրավիրելու են ԱԺ խորհրդի նիստ, որպեսզի հրավիրվի արտահերթ նիստ և չեղարկվի ռազմական դրությունը։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ նոյեմբերի 10-ից առաջ վարչապետին ավելի լավ առաջարկ է եղել հրադադարի, սակայն Փաշինյանը մերժել է, Լենա Նազարյանն ասաց, որ, երբ հայկական կողմը տեսել է, որ դրությունը ռազմակաճակատում ծանր է, փաստացի համաձայնել է 7 շրջանների վերադարձին, բայց Ալիևը փաստացի դրան գումարել է նաև Շուշին։

«Սա է եղել պատմությունը, հայկական կողմը քննարկելով այդ հարցը՝ մտածել է, որ անընդունելի է եղել Շուշիի հանձնումը, այսինքն՝ սա նշանակում էր Շուշիի հանձնում, քանի որ, եթե այնտեղ են վերադառնում ադրբեջանցի փախստականները, որոշել է շարունակել պայքարը, որի մասին ասաց նաև ՌԴ նախագահը։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը մտածել է, որ Շուշիում կունենանք ռազմական հաջողություն, սակայն դա տեղի չի ունեցել, և այդ պահից սկսած հասկացել են, որ հնարավոր չէ ունենալ ռազմական հաջողություն, և այդ իրավիճակում յուրաքանչյուր հաջորդ զոհ չէր լուծելու որևէ ռազմական խնդիր։ Եթե այն ժամանակ՝ հոկտեմբերի 19-20-ին, Հայաստանը և Արցախը համաձայնվեր, որպեսզի Շուշի վերադառնային փախստականներ, այսօր մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ, հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք»,- շեշտեց Լենա Նազարյանը։

Իշխանական պատգամավոր Արման Եղոյանն էլ իր բացատրությունը ներկայացրեց՝  եթե ադրբեջանցի փախստականները վերադառնային Շուշի, ապա քաղաքապետը դառնալու էր ադրբեջանցի, որովհետև քաղաքի 80 տոկոսն առնվազն լինելու էին ադրբեջանցի։

«Դրանից հետո մենք ինչպե՞ս կարող էինք ասել, որ Շուշին գտնվում է մեր վերահսկողության տակ, եթե 80 տոկոսը ադրբեջանցի են, քաղաքապետն ադրբեջանցի է, նաև հարց էր, թե նրանք ինչպե՞ս էին հասնելու Շուշի, և այլն, այսինքն՝ ունենալու էինք նույն այս վիճակը, այն տարբերությամբ, որ Շուշին ոչ թե հանձնվել է, այլ կորսվել է մարտում»,- նշեց Արման Եղոյանը։

Անդրադառնալով վարչապետի հրաժարականի պահանջներին, Լենա Նազարյանն ասաց, որ այդ տարբերակն իրենց համար ընդունելի չէ. «Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց այս իրավիճակում հենց Նիկոլ Փաշինյանն է կայունացնող գործոնը։ Տեսաք, որ երեկ Հանրապետության հրապարակում հավաքվել էին մարդիկ՝  ի աջակցություն վարչապետի, և միայն վարչապետը կարող էր խոսել և խոսեց այդ մարդկանց հետ՝ հորդորեց գնալ տուն և չլարել վիճակը։ Չեմ պատկերացնում՝ որևէ մարդ, այլ ղեկավար կարող է կայունացնել վիճակը։ Նիկոլ Փաշինյանի գործոնն այս իրավիճակում ավելի շատ կայունացնող է, քան ապակայունացնող, ոչ, վարչապետի այլ թեկնածու չեմ պատկերացնում»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս