Օնիկ Գասպարյանը՝ Ռոման Բաբայանի հարցադրումների մասին
Մոտ մեկ շաբաթ առաջ ռուսական «НТВ» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ռոման Բաբայանն իր հաղորդման շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի շարք հարցեր էր ուղղել:
Եվ քանի որ այդտեղ կային նաև պատերազմի օրերին ռազմատեխնիկական կոնկրետ օգնություն ստանալու հետ կապված հարցեր, 168.am-ը փորձեց դրանց համատեքստում ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից պարզել.
1. Ի՞նչ օգնություն է առաջարկվել և տրվել Ռուսաստանի կողմից, երբ հայկական ռազմական և ոչ միայն ռազմական օդանավակայաններում 10-յակներով վայրէջք են կատարել ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները:
2. ԳՇ-ի առաջարկությամբ արդյո՞ք ՀՀ վարչապետը կոնկրետ սպառազինություն և ռազմական համակարգ խնդրել է ՌԴ-ից և ստացել: Եվ ի՞նչ սպառազինության և համակարգի մասին է խոսքը:
Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի անունից ստացված գրության մեջ ասվում է.
«Ի պատասխան ԶՈւ գլխավոր շտաբի պետին հասցեագրված Ձեր նոյեմբերի 16-ի գրության՝ տեղեկացնում ենք, որ.
1. 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ընթացքում ՌԴ կողմից ՀՀ-ին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերվել է:
2. Տրված ռազմական օգնության միջոցների և ծավալների մասին Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը հույժ գաղտնի է, այն հրապարակման ենթակա չէ, և դրանց հրապարակումը կարող է վտանգ հանդիսանալ ՀՀ ազգային անվտանգությանը:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ հասարակության իրազեկման համար անհրաժեշտ տեղեկատվությունը մշտապես հասցվում է հանրությանը թույլատրելի սահմաններում»:
Հիշեցնենք, որ վերջերս լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ ՌԴ-ն ՀՀ-ին տվել է այն, ինչ մենք կյանքում չէինք երազել: