«Նիկոլ Փաշինյանն ամբողջ իր կյանք միայն մահ է բերել այս ազգին. Նիկոլ Փաշինյան երևույթը բաղկացած է 3 թվերից՝ 10, 2.000 և 4.750». Արա Վարդանյան
«Երբ որ Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը, նա փորձեց արմատախիլ անել բոլոր քիչ թե շատ կայացած բաներն այս ազգի մեջ: Հենց առաջինը դա Երկրապահն էր»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը՝ անդրադառնալով Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, «Արցախի հերոս» Մանվել Գրիգորյանին «Եռաբլուր»-ում չհուղարկավորելու փաստին:
«Երկրապահին խփելու ամենալավ միջոցը դա Մանվելի դեմ սարքած քրեական գործն էր, տուշոնկեքը: Եվ գաղտնիք չէ, որ ցայսօր Երկրապահ կամավորական ջոկատի տղաների գերակշիռ մասն ամաչում են ասեն, որ իրենք Երկրապահի անդամ են»,- ասաց Արա Վարդանյանը:
Խոսելով պաշտոնավարման ընթացքում ու դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականությունից՝ Արա Վարդանյանը նշեց.
«Պետք է հասկանա ժողովուրդը, որ Նիկոլ Փաշինյան երևույթը բաղկացած է 3 թվերից՝ 10, 2.000 և 4.750: 10-ը դա Մարտի 1-ի զոհերն են, մոտ 2.000-ը դա կորոնավիրուսի զոհերն են, 4.750-ը դա այս պատերազմի մեր նահատակված զինվորներն են: Նիկոլ Փաշինյանի էությունն այդ երեք թիվն է: Նիկոլ Փաշինյանն ամբողջ իր կյանք միայն մահ է բերել այս ազգին: Ժողովուրդը պետք է դա ի վերջո հասկանա:
Եվ ես չեմ ուզում՝ մենք թույլ տանք, որ Նիկոլ Փաշինյանն իմ հիշատակած երեք թվերին ավելացնի ևս չորրորդը, օրինակի համար, Թուրքիայի պատերազմի սկսման դեպքում զոհեր, կամ ներքաղաքական իրադարձությունների արդյունքում արձագանագրված զոհեր: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այս մարդը մահաբեր է, այս մարդը վտանգավոր է Ձեր և Ձեր երեխաների առողջությանը: Հասկացե՛ք դա օր առաջ, և բոլորով կանգնե՛ք ոտքի, որպեսզի այդ ստախոս ընտանիքը, այս մահաբեր ընտանիքը հեռանա իշխանությունից»: