Էդուարդ Աղաջանյանը խմբագրել է գրառումը. ո՞վ  է հորդորել

Այսօր ժամը 12։00-ին մոտ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդգար Աղաջանյանը գրառում էր կատարել, որում ասվում էր:

 «Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղյակ ենք, որ Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ մեկնած կամավորներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երևանում՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ցուցաբերած աջակցության համար, և վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով կարդարացնենք այն։

Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը։ Բացի այդ՝ այս օրերին մեզ առավել քան երբևէ համախմբվել է պետք ու մեր ամբողջ ներուժն ուղղել հայրենիքի վերակառուցմանը։

Ողջախոհություն բոլորիս»:

Գրառումից մեկ ժամ հետո մամուլում հրապարակումներ եղան, որ Լուսակերտում գտնվող զորամասերից ավտոբուսներով Երևան զինծառայողներ են բերվում:

Պաշտպանության նախարարությունից ասացին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, մեր ունեցած տեղեկություններով՝ այնտեղ զորանոցային վիճակ է:

Չշեղվելով հոդվածի բուն խնդրից, նկատենք, որ իր գրառման մեջ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հիշատակում է ռազմական դրության պայմաններում հավաքների կազմակերպման արգելքը, բայց մոռանում է ամենակարևորի մասին՝ բանակը, զինծառայողը չի կարող այս կամ այն կերպ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացների, հավաքների:

Մասնավորապես,

  1. Համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 14.2-ի՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են։
  2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի Հոդված 8․1.6-ի համաձայն՝ զինծառայողն իրավունք չունի պաշտոնական դիրքն օգտագործելու ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական կազմակերպությունների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության:
  3. Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։
  4. Նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։ Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։

Ի  դեպ, երբ փորձեցինք Էդուարդ Աղաջանյանից ճշտել, թե որտեղից տեղեկությունը, որ մի շարք զինծառայողներ պատրաստվում են հօգուտ կառավարության հավաք անել, հայտնաբերեցինք, որ նա  խմբագրել է կեսօրի գրառումը՝ հանելով «Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողները»:

Թե ով է հորդորել վարչապետի աշխատակազմի ղեկավարին խմբագրել գրառումը և հանել  սահմանադրության և մի շարք օրենքների խախտումներ առաջացնող հատվածը, տեղյակ չենք: Գուցե, օրինակ, Էդուարդ Աղաջանյանի աչքով է ընկել ԼՀԿ-ական Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը:

Իսկ միգուցե ՊՆ-ն ինքն է նկատել Էդուարդ Աղաջանյանի գրառումը և հորդորել սրբագրումներ կատարել:

Նշենք, որ նույնատիպ «խմբագրված» գրառում ֆեյսբուքյան իր էջում ավելի ուշ տեղադրեց նաև ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Հ.Գ. Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով, որի համար, ըստ էության, ոչ ոք օրենքի սահմաններում պատասխանատվության չենթարկվեց՝ 2008-ի մարտիմեկյան դեպքերին բանակի խառնվելու մասին տարիներ շարունակ խոսողների կողմից: Ավելին, այդ ժամանակ  ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարը՝  Վաղինակ Սարգսյանը, ամիսներ հետո նշանակվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար:

Տեսանյութեր

Լրահոս