«Փաշինյանը պետք է քաղաքական պատիժ կրի տեղի ունեցածի համար, իհարկե, որոշողը ՀՀ ընտրողներն են»․ Ֆելգենգաուեր
Նախօրեին ռուսահայկական տելեգրամյան հարթակը պայթեցրեց լուրն այն մասին, որ Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանին՝ Իգդիրում, զորք և ռազմատրանսպորտային ավիացիա է կուտակում։ Ռուս հեռուստառադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովի տելեգրամյան ալիքը ևս տարածել էր տեղեկությունը, որից էլ լուրը մեծ տարածում գտավ։
Թեև պաշտոնական Անկարան որևէ կերպ չի մեկնաբանում այս տեղեկությունները, սակայն, դրանց համաձայն, Թուրքիան Ստամբուլից ուժեր է տեղափոխում։
«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Թուրքիայից սպառնալիքի թեմային՝ գրել է, որ իր տվյալներով՝ առնվազն հոկտեմբերի կեսերից Թուրքիան սկսել է ամրաշինական աշխատանքներ հայ-թուրքական սահմանի որոշ հատվածներում։
«Թուրքիան հարձակմա՞ն է պատրաստվում։ Բա ռուսական բազա՞ն։ Փորձեմ պատասխանել։ Կարող է նշանակել, որ. 1. Թուրքիան ուժեր է կուտակում, որպեսզի ճնշում գործադրի Հայաստանի վրա և չթողնի, որ փորձենք թպրտալ Արցախից զորքերի դուրսբերման հարցում։ 2. Թուրքիան տեսնելով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ապիկարությունը, խուճապը և արագ մոբիլիզացվելու ընդունակ չլինելը, զորքեր է կուտակում, որպեսզի Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնի։
Օրինակ՝ ՀՀ տարածքի հաշվին Նախիջևանի հետ սահմանի իր հատվածը մեծացնելու պահանջ։ 3. Կարող է ուղղակի զգուշավորություն լինել. հաշվի առնելով լարված իրավիճակը, զորքեր է մոտեցնում սահմանին։ Այս տարբերակն ամենաքիչ հավանականն եմ համարում, քանի որ Հայաստանն ու նաև ՀՀ-ում ռուսական զինուժն այս պահին որևէ վտանգ Թուրքիայի համար չեն ներկայացնում։ Արդյոք ռուսական բազան կարո՞ղ է լիարժեք պաշտպանել ՀՀ-ն Թուրքիայի ոտնձգություններից։
Մասամբ։ Խնդիրը հետևյալն է. բազան ավելի շատ քաղաքական գործոն է, քան ռազմական, քանի որ Թուրքիայի 3-րդ բանակի հետ բաց բախման համար այդ բազայի ռեսուրսներն անբավարար են։ Ռազմական առումով կա բազայի մատակարարման խնդիր, այսինքն՝ պետք է շտապ Հայաստան բերվեն մեծ թվով ուժեր, տեխնիկա, ինչն ինքնաթիռներով շատ դժվար է լինելու, առավել ևս, որ մեր 2 հիմնական օդանավակայանն էլ Թուրքիայի հետ սահմանին շատ մոտ են և ռազմական գործողությունների ժամանակ խոցելի են թշնամու հեռահար միջոցների համար։ Նշանակում է, որ ռազմական առումով բազան մատակարարելու համար Ռուսաստանը պետք է ստիպված լինի Վրաստանով ցամաքային կապ բացել, ինչն էլ միանգամից ՆԱՏՕ-ին առիթ կտա այս կոնֆլիկտին միջամտելու։ Ռուսաստանի քաղաքական գործոնն էլ է այս պահին բավականին թուլացած Ադրբեջանում և ընդհանրապես Հարավային Կովկասում Թուրքիայի կշռի աճի ֆոնին։ Այսինքն՝ Ռուսաստանը լուրջ մտավախություններ ունի, որ իրեն կարող են լուրջ քաղաքական թակարդի մեջ գցել (ի դեպ, նույնը՝ Իրանը)»,- գրել էր Վրթանեսյանը։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ևս ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր թեմային՝ գրելով․ «Թուրքիան Հայաստանի սահմանին զորք է կենտրոնացնում, բայց կա մի նրբություն, ինչն անտեսում ենք։ Այս սահմանը նաև Իրանի սահմանն է։ Կարծես թե Նախիջևանի շուրջ կարող են զարգացումներ սկսվել։
Ի դեպ, Իրան-Թուրքիա սահմանի երկու կողմերում էլ քրդեր են բնակվում։ Բազմավեկտոր ու ինտրիգային զարգացումներ են սկսվել»։
Նախօրեին մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը ևս նշեց, որ Ռուսաստանն Անդրկովկասում հիմնավորվում է և մի քանի քայլ առաջ «մտածում», հաշվի առնելով, թե ինչ զարգացումներ կարող են լինել Իրանի ուղղությամբ։ Թուրքական զորաշարժերը վերջինս բացատրեց ավելի լայն և հեռահար զարգացումների կոնտեքստում։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ այդպիսի կոնկրետ տվյալ իրեն հայտնի չէ, սակայն դա ամենևին բացառված չէ, նրա խոսքով, վերջին բոլոր իրադարձություններից հետո։
Ըստ նրա, այդ թեման մի փոքր ակտուալ չէ, քանի որ գործողություններ սկսելու ցանկության դեպքում Թուրքիան շատ կարճ ժամանակում կարող է զորաշարժ անել թե Թուրքիայում, թե դեպի Ադրբեջան, հնարավոր է, որ ինչ-որ ուժեր նրանք տեղակայեն, տեղափոխեն, բայց նրանց դա հարկավոր չէ այս պահին, դատելով ուժերի դասավորությունից՝ Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններից ու Ռուսաստանի քայլերից։
Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ ՀՀ-ում և Ղարաբաղում ռուսական ռազմական ներկայությունը սպառնալիք չէ Թուրքիայի համար, քանի որ բավականին թեթև սպառազինություն ունեն խաղաղապահներն իրենց մոտ, ինչպես նաև՝ ռուսական բազան։
Նրա գնահատմամբ՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, բոլորն այս պահին խաղաղություն են ուզում։
«Այս պահին ռազմական սպառնալիք չեմ տեսնում Հայաստանի և Ղարաբաղի համար, Մոսկվայում հասկանում են, որ թուրքական սպառնալիք Հայաստանի համար ընդհանուր առմամբ գոյություն ունի, և նյարդային են արձագանքում նրան, որ թուրքերը ցանկանում են մասնակցել խաղաղապահ առաքելությանը, ուստի ամեն ինչ անում են, որ ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը տեղակայվի հնարավորինս հեռու ներկայումս տեղակայված ռուս խաղաղապահներից, դա է գլխավոր հարցն այս պահին։ Համատեղ դիտորդական կենտրոնի տեղակայման երկու վայր է քննարկվում՝ կա՛մ Բարդա, կա՛մ Շուշի։ Բարդայում կան ենթակառուցվածքներ, իսկ Շուշիում չկան, բայց Շուշիի նշանակությունն ավելի մեծ է Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Դեռ հստակեցում չկա, բայց մերոնք դրան դեմ կլինեն։ Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի հնարավորինս Ղարաբաղին մոտ լինեն, դա Թուրքիային պետք է, բայց ավելի շատ՝ Ադրբեջանին։
Ալիևը Ռուսաստանի հետ վիճել ընդհանրապես չի ցանկանում, բայց ցանկանում է, որ կանգնած լինեն նաև թուրքեր՝ հավասարակշռելու համար ռուսական ներկայությանը, պատճառաբանելով, որ դա ցանկանում են ոչ թե ադրբեջանցիները, այլ թուրքերը։ Իհարկե, սա քաղաքական նշանակություն ունի, ոչ այնքան ռազմական, բայց հասկանալի է, որ, եթե լինեն ռազմական գործողություններ, այդ դեպքում հարվածն ընդունելու է Ռուսաստանը կամ Թուրքիան։ Սա կայունացնող հանգամանք է։ Միանշանակ է՝ Ռուսաստանը չի ցանկանում Թուրքիային թողնել Անդրկովկաս, Ռուսաստանի համար այս պատերազմը դրական էր, Հայաստանը թուլացած է, դրա արդյունքում կլինի ավելի հավատարիմ դաշնակից, այսպես թե այնպես, Փաշինյանը կընկնի, դա ևս դրական է։ Ռուսաստանը մտավ Ղարաբաղ, Գրաչովը ժամանակին ասում էր, դա տեղի ունեցավ հիմա։
Ադրբեջանը, ասեմ Ձեզ, ևս թուլացած է, պետք է մարդիկ տեղափոխեն, բնակեցնեն տարածքներ, ենթակառուցվածքներ ձևավորեն, միջոցներ ներդնեն, պատերազմի ռեսուրս ու ժամանակ չեն ունենա, երևի թե ստիպված կլինեն ռազմական ծախսերը կրճատել։ Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայում և Լիբիայում ևս ունեն խնդիրներ, բայց Ռուսաստանը խնդիր ունի Թուրքիային պոկել Արևմուտքից, ՆԱՏՕ-ից, իհարկե, այս բոլոր գոտիները Ռուսաստանի համար կարևոր են, սակայն ամենակարևորը նեղուցներն են՝ Բոսֆորն ու Դարդանելը։
Ինչպես միշտ, ռուսական քաղաքականության ամենակարևոր հարցերն այս ողջ կոնտեքստում այս նեղուցներն են, քաշել Թուրքիային ՆԱՏՕ-ից, որպեսզի բարեկամական ռեժիմը վերահսկի նեղուցները, դա ամենակարևորն է, հանուն դրա՝ կարելի է շատ բան զոհաբերել Ղարաբաղում, Իդլիբում, ամեն դեպքում Ռուսաստանը Թուրքիայի հետ չի վիճում, նույնը՝ Թուրքիան, թուրքական մանդարինները, խաղողը վաճառվում են Մոսկվայում, չկան պատժամիջոցներ, մարդիկ մեկնում են Թուրքիա։ Նոր ռազմական գործողություններ ոչ ոք չի ցանկանում։ Ադրբեջանն այս պահին ևս չի ցանկանում, նա նշում է, որ այս պայմաններով պատրաստ է լիարժեք դադարեցնել ռազմական գործողությունները, առավել ևս՝ Շուշին իրենց մոտ է, դա շատ կարևոր է քաղաքականապես և ռազմավարական առումով։ Ուստի լիովին գոհ է, ինչպես կլինի Ղարաբաղի մնացած մասի ճակատագիրը։ Հիմա Արցախի ռեսուրսը չունի Ադրբեջանը, իսկ հինգ տարի հետո, երբ բոլոր կողմերից կշրջափակեն, գուցե այլ օպերացիա լինի՝ ով կուզի ադրբեջանական անձնագիր՝ կմնա, ով ոչ՝ կգնա։ Սպառնալիք այս պահին չկա, գուցե լինեն տեխնիկական խնդիրներ, տեղում կկարգավորվեն»,- այսկերպ մեկնաբանեց իրավիճակը Պավել Ֆելգենգաուերը։
Խոսելով Հայաստանի պարտությունից և պատասխանատվությունից խուսափելու՝ ՀՀ իշխանության փորձերից, այլ մեղավորների փնտրտուքից՝ Ֆելգենգաուերն ասաց, որ, իհարկե, բոլորն են մեղավոր, ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, խոսքը զինվորականների, ԳՇ-ի մասին է, բոլորը չէին պատրաստվել։ Նրա խոսքով, նախկին ղեկավարների պատասխանատվությունը ևս կա։
«Բայց նա (Նիկոլ Փաշինյանը,- Ա.Մ․) ամենապատասխանատուն է, քանի որ նա է եղել իշխանության ղեկին, նա է որոշումներ կայացրել, երկու տարի է, ինչ իշխանության է, նա պետք է քաղաքական պատիժ կրի սրա համար, իհարկե, դա պետք է ՀՀ ընտրողները որոշեն, բայց նա ծայրահեղ կերպով մեղավոր է այս ամենում, թեև նա ռազմական մասնագետ չէ, չի հասկացել, բայց ասվել է, որ պատերազմ լինելու է, այդ թվում՝ ես, 2016-ին, դրանից ավելի վաղ, ասել եմ, որ բացարձակ պատրաստ չեն։ Ինձ ասում էին՝ գնել են ՍՈՒ-30, ի՞նչ է դա փոխում, նման հակամարտությունում դրանք ոչինչ չեն որոշում, հատկապես, երբ Ադրբեջանը հիանալի ՀՕՊ ունի։ Դա անիմաստ գնում էր։ Ընդհանուր առմամբ պատերազմի պատրաստված չէր»,- ասաց Ֆելգենգաուերը։