«Ամբողջ բանակցությունների ընթացքում Ադրբեջանի կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի Ռուսաստանը` որպես առանձին խաղաղապահ, չմտնի Արցախ». Անդրանիկ Քոչարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նախ «5-րդ ալիքի» լրագրողին հորդորեց կարմիր միկրոֆոնը հեռու տանել՝ նշելով, թե կորոնավիրուս կա, բան կա, իսկ արդեն հարցազրույցի ընթացքում հորդորեց այդ հեռուստաընկերությունից իրեն հարց չուղղեն։
Այնուհետև անդրադառնալով քաղաքացիների այն տեսակետներին, որ ՀՀ վարչապետն Արցախը հանձնելու հայտարարությունը ստորագրելիս դավաճանել է հայրենիքին, հետևաբար՝ դավաճան է, ասաց. «Երկրի Գլխավոր գերագույն հրամանատարին դավաճան անվանելով՝ որևէ տեղ չենք հասնում՝ երկրում բարձրաձայնած խնդիրների լուծման առումով։ Նախ պետք է հասկանալ իրողությունները, այդ դեպքում մենք 20 տարի հետ պետք է գնանք, նորից գանք առաջ և սկսենք անընդհատ դավաճաններ փնտրել։ Առաջին հերթին էսօրվա հրամայականն արտաքին ու ներքին մարտահրավերները զսպելն է, որպեսզի մեր անվտանգության բոլոր համակարգերը գան լիակատար կայունացման»։
Ըստ նրա` տեսակետները շատ են, բայց դրանք իրենց մեջ լուծումներ չեն պարունակում։
Նա նաև հարց հնչեցրեց ու պատասխանը տվեց՝ այսքանով Թուրքիայի ախորժակը փակվե՞ց, իհարկե ոչ՝ միայն զսպվեց։
«Տեսեք, արդեն Ադրբեջանում տեսակետներ են հնչում, որ Ղարաբաղը չի անցել Ադրբեջանին, անցել է Ռուսաստանին։ Խոսում էին, որ իրենց բանակը հաղթում էր, ինչու կանգնեցին, ամբողջը վերցնում էին։ Աշխարհի իրողությունները կապված չեն մեր քաղաքական կուսակցությունների շահերի սպասարկման հետ»,- շեշտեց նա։
Անդրադառնալով Քարվաճառին՝ նա ընդգծեց, որ այն Հայաստանի համար շատ կարևոր հանգույց է, հետևաբար՝ այս ընթացքում պետք է հաշվի առնել, որ շատ լավ կլիներ, որ Քարվաճառի ճանապարհի վերահսկողությունը նույնպես լիներ ռուսական զորախմբի վերահսկողության տակ։
«Ասենք՝ ՄԱԿ-ի հովանու ներքո փախստականների գալը տարիների պրոցես է։ Արցախցին պետք է չլքի իր տարածքը, այլ մնա այնտեղ, մենք կուժեղացնենք նրանց անվտանգության բաղադրիչը, թեկուզ ռուսական խաղաղապահների միջոցով։ Ամբողջ բանակցությունների ընթացքում Ադրբեջանի կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի Ռուսաստանը որպես առանձին խաղաղապահ՝ չմտնի Արցախ։ Սա, իհարկե, պայմանագիր չէ, բայց սա պարտադրանք է, որի տակ կա երեք առաջին դեմքերի ստորագրությունը։ Այդ իրողությունից ելնելով՝ Արցախում անվտանգության կառուցվածքը փոխվեց Ռուսաստանի ներկայությամբ»,- նշեց նա։
Նա նաև շեշտեց, որ վատ է վերաբերվում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանի՝ խմբակցությունից դուրս գալու քայլին։