«Թուրքական հետքն արցախյան պատերազմում. ո՞ւր էին նայում հայկական հատուկ ծառայությունները». Репортер-ի անդրադարձը

Պատերազմը Լեռնային Ղարաբաղում ծրագրված էր դեռ դրա սկսվելուց շատ առաջ՝ Անկարայի ամենաակտիվ մասնակցությամբ, ինչը Հայաստանի պաշտպանության նախարարությանը պետք է հասկանալի լիներ դեռ ամռանը, երբ թուրքական ռազմական պատվիրակություններն սկսեցին պարբերաբար այցելել Բաքու, գրում է Репортер-ը՝ հավելելով, որ ռազմատեխնիկական համագործակցության նման ակտիվություն Թուրքիայի և Ադրբեջանի միջև այս դարում դեռ չէր եղել։

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեռ օգոստոսին Բաքու ժամանած գլխավոր պատվիրակությունը ղեկավարում էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որը տևական հանդիպում է ունեցել Ալիևի հետ։ Այս դեպքում հարց է ծագում՝ ո՞ւր էին նայում հայկական հատուկ ծառայությունները։

Ինչպես գրում է աղբյուրը, այդ այցերի արդյունքում կնքվեց «Բայրաքթար» հետախուզական-հարվածային անօդաչու սարքերի մեծ խմբաքանակի մատակարարման պայմանագիր, ինչը հայտնի էր հայերին։ Բացի այդ, նրանց հայտնի էր նաև, որ Բաքվում է եղել թուրքական բանակի բարձրաստիճան սպա, գեներալ-մայոր Հեքսել Կահյան, որն անօդաչուների կիրառմամբ օպերացիաների խոշոր մասնագետ է։ Հենց նա է կազմակերպել Լիբիայում թուրքական անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոնի ստեղծումն ու հիմնականում նրա շնորհիվ էր, որ դադարեցվեց մարշալ Հաֆթարի հարձակումը Տրիպոլիի վրա։

Այս երկու փաստը, ինչպես գրում է պարբերականը, միայն կույրը կարող էր չտեսնել, սակայն հայերն էյֆորիայի մեջ էին, այն բանից հետո, ինչ ամռանը Հայաստանի Տավուշ մարզի սահմանին տեղի ունեցած հնգօրյա զինված բախման ժամանակ իրենց հաջողվեց խոցել իսրայելական արտադրության տասը անօդաչու և ստանալ հասանելիություն ևս երեքին։ Ընդամենը 2,5 ամիս անց տեղի ունեցավ դաժան սթափեցումը։

Տեսանյութեր

Լրահոս