«Իմ կարծիքով՝ այս չեզոք քաղաքականությունն ունի իր տրամաբանությունը». վրացագետ

Երեկ Թբիլիսիում խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների մի մասը տեղափոխվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Տեղեկությունը փոխանցում է 1tv.ge կայքը՝ հավելելով, որ «Ազգային շարժման» առաջնորդներից Նիկա Մելիան ասել է, թե ոչ մեկին թույլ չեն տա մտնել ընտրական վարչակազմի շենք, քանի դեռ չեն նշանակվել նոր ընտրություններ:

1tv.ge-ի հաղորդմամբ՝ «Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին հայտարարել է, որ ցուցարարները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ցրվելու են և հավաքվելու են այսօր, ժամը 18։00-ին՝ Ռուսթավելիի պողոտայում:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացել էին խորհրդարանական ընտրություններ, հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։  Ընդդիմությունը դժգոհում է ընտրությունների արդյունքներից։

168.amվրացագետ Ջոնի Մելիքյանից հետաքրքրվեց, թե հարևան երկրում այս զարգացումներն ի՞նչ հանգուցալուծում կունենան, և արդյո՞ք ընդդիմությունը շանս ունի իր քայլերում հաջողելու համար։ Ի պատասխան՝ վրացագետն ասաց.

«Ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու նոյեմբերի 21-ին, և արդեն դրա արդյունքում Վրաստանում կձևավորվի Վրաստանի նոր՝ 10-րդ գումարման խորհրդարանը:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ըստ իս, միգուցե կան հարցեր և խնդիրներ, որոնք կապված են ընտրությունների անցկացման հետ, բայց այստեղ շատ կարևոր է արձանագրել՝ եթե կա որևէ խնդիր, իրենք պետք է փաստերով դիմեն դատարան կամ վերահաշվարկ պահանջեն, այլ ոչ թե դեպի ԿԸՀ փողոցային գրոհներով փորձեն իրենց հարցերը հեղափոխությամբ լուծել»:

Վրացագետը հավելեց, որ վրացական ընդդիմության մոտեցումներն արդարացված չեն, ու դժվար թե ինչ-որ արդյունքի կհասնեն «փողոցի քաղաքականությամբ»․

«Պետք է պատրաստվեն և մասնակցեն երկրորդ փուլերին, որոնք տեղի կունենան 17 մաժորիտար շրջաններում, և արդեն դրա արդյունքում ձևավորվի իրենց պառլամենտը:

Բայց փաստն այն է, որ իշխանությունները ստանում են պառլամենտական մեծամասնություն, ու չեմ կարծում, թե այնպիսի փոփոխություն տեղի կունենա վերահաշվարկների արդյունքում, որ այդ կոնֆիգուրացիան փոխվի և կարիք լինի ձևավորելու կոալիցիոն կառավարություն»:

Իսկ այդ կոնֆիգուրացիայով հայ-վրացական հարաբերություններն ինչ-որ փոփոխության կենթարկվե՞ն, ինչ-որ դրական միտումներ տեսնո՞ւմ եք՝ հարցադրումներին ի պատասխան՝ Ջոնի Մելիքյանը նշեց.

«Դրական դինամիկա կար մինչև ընտրությունները, մինչև պատերազմը (2018-ից առաջ էլ եղել, 2018-ից այս կողմ ևս որոշ իմպուլսներ եղան), բայց վերջին մեկ տարվա ընթացքում՝ անցյալ տարվա նոյեմբերից, Վրաստանի իշխանությունները գրեթե ամբողջովին զբաղված էին ներքաղաքական խնդիրները լուծելով: Կհիշեք, անցյալ տարի, երբ տապալվեց սահմանադրական բարեփոխումների փաթեթը, ընդդիմությունը նորից փողոց էր դուրս եկել, ակցիաներ էին անցկացնում: Ուստի այս մեկ տարվա ընթացքում իրենք մաքսիմալ՝ իրենց էներգիայի 80-90 տոկոսը ծախսում էին ներքաղաքական հարցերը լուծելու-փակելու համար՝ մանավանդ կորոնայի պայմաններում, և 10-20 տոկոսն էր գուցե մնում արտաքին քաղաքականությանը: Բոլոր ոլորտներով իրենց արտաքին ակտիվությունը ես կապում եմ ընտրությունների ավարտի հետ: Ընտրությունները կավարտվեն, և կկարողանան արդեն տարածաշրջանային իրենց հարաբերությունները, հիմնական կենտրոնների հետ հարաբերությունները ակտիվացնել»:

Ճշգրտող հարցին, թե ներքաղաքական խնդիրների հանգուցալուծումից հետո արդյոք կարո՞ղ ենք ենթադրել, որ հստակ դիրքորոշում կլինի նաև Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ, Ջ. Մելիքյանն արձագանքեց.

«Իրենք արդեն ունեն կոնկրետ մոտեցում պատերազմի հետ կապված. իրենք հայտարարել են, որ չեզոք են, և իրենց համար իրենց ազգային շահերից է բխում, որ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ, և, որ այս պատերազմը չներթափանցի իրենց տարածք՝ իրենց համար ներքին վտանգներ ստեղծելով՝ ապակայունացում և այլն: Ուստի այդ մոտեցումը շատ կարևոր է, և իմ կարծիքով՝ գնահատելի:

Ուրիշ հարց է, որ մեզ մոտ կան շրջանակներ, որոնք մտածում են, թե Վրաստանն այլ կերպ է իրեն պահում, Վրաստանից իրենց սպասելիքներն ավելի շատ էին: Նրանք, ովքեր ռեալ են գնահատում այն իրավիճակը, որում գտնվում է Վրաստանը՝ տնտեսական, ներքաղաքական, տարածաշրջանային, հասկանում են, որ իրենց այսօրվա վարած քաղաքականությունն այն մաքսիմալ հնարավորն է, որը կարող էր լինել մեր մասով:

Ադրբեջանցիները ևս գուցե սպասում էին այլ մոտեցում, հասկանալի է՝ ինչ մոտեցում պետք է լիներ:

Իմ կարծիքով՝ այս չեզոք քաղաքականությունն ունի իր տրամաբանությունը, ուստի կարևոր է, որ մենք մեր հարաբերությունները չբերենք կոնկրետ այս հարցին հանգեցնենք, քանի որ այդտեղ մենք փակուղի ենք մտնում և թե մեզ, թե  իրենց բարդ իրավիճակի մեջ ենք դնում»:

Վրացագետն ամփոփելով՝ հավելեց, որ հայ-վրացական հարաբերությունները բազմազան են, և հույս հայտնեց, որ մոտ ապագայում հնարավորություն կլինի ընդլայնել միջպետական օրակարգը:

Տեսանյութեր

Լրահոս