Վրաստանի տնտեսական երազանքը
Հիմա նույնիսկ սոցիալ-տնտեսական վիճակի մասին գրելն առանձնահատուկ հմտություններ է պահանջում: Այլաբանական պատկերներով ներկայացնելու հմտություններ: Ուստի շատ ավելի նախընտրելի է գրել հարևան երկրների տնտեսական վիճակի մասին: Օրինակ՝ Վրաստանի:
Հատկապես, որ մեր մամուլում պարբերաբար լուրեր են հրապարակվում, որ վրաց իշխանությունները խոչընդոտում են մեր երկիր կատարվող բեռնափոխադրումներին: Խոչընդոտում են նույնիսկ հումանիտար բեռների փոխադրմանը: Խոչընդոտում են՝ չեզոքություն պահպանելու մասին խոսելով: Բայց հնարավոր է՝ իրականում այլ պատճառներ էլ կան: Հայաստանում բոլորը գիտեն, որ նույնիսկ համացանցային գնումների հարցում են խնդիրներ առաջացել:
Նկատելի աճել են և գները, և մատակարարման ժամկետները: Այս հարցում մեր հարևաններին գուցե և արդարացում ունեն: Նոյեմբերի 4-ին AliGorgia ինտերնետային առևտուր իրականացնող ընկերությունը հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը:
Պատճառը համավարակի պատճառով բեռնափոխադրումների գնաճն է, որի արդյունքում առևտրի ծավալները կրճատվում են: Իսկապես համավարակը սահմաններ է փակում: Բայց հարևանների ու հատկապես մեր հանդեպ Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը հավանաբար տնտեսական ու քաղաքական այլ բաղադրիչներ էլ ունի: Խորհրդարանական ընտրությունների հետևանքներից՝ մինչև տնտեսական: Մեր հարևանների տնտեսական անկումն այս տարի, ըստ միջազգային կառույցների գնահատման՝ կկազմի 4.8 տոկոս:
Այդ անկումը նույնիսկ լավատեսական կանխատեսումներով եկող տարի չի վերականգնվի: Վրաց պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հունվար-հոկտեմբերին երկրում գնաճը կանխատեսված 3 տոկոսի փոխարեն՝ կազմել է 3.8 տոկոս: (Հացամթերքների գնաճը 8 տոկոս է): Զուգահեռ՝ «ռեկորդային» տեմպով արժեզրկվում է լարին: (Շաբաթվա սկզբին եվրոյի փոխարժեքն առաջին անգամ 4 լարիից ավելի էր, դոլարինը նույնպես պատմական ցուցանիշ էր՝ 3.42 լարի): Չի փրկում ոչ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, ոչ պահուստային տարադրամի վաճառք-ներարկումը:
Տարվա սկզբից ԿԲ-ն վաճառել է 709 մլն դոլար, որից 320 մլն-ի վաճառքը կատարվել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին (նոյեմբերի 2-ին վաճառքի ծավալը 60 մլն դոլար էր): Վրաց փորձագետները լարիի արժեզրկումը կապում են համավարակի գարնանային փուլում բնակչությանը տրամադրված փոխհատուցումներով: Խորհրդարանական ընտրություններն ի մտի ունենալով՝ վրաց իշխանությունները գարնանային «լոքդաունի» օրերին 1200-ական լարի տրամադրեցին աշխատանք ունեցողներին, 300-ական՝ գործազուրկներին, ևս 200-ական լարիի ստացան մինչև 17 տարեկանները: Նման շռայլ մոտեցումը քաղաքական իմաստով նվազագույն դրական արդյունք տվեց՝ ընտրությունների արդյունքում իշխանափոխություն չեղավ: Փոխարենը՝ տնտեսական արդյունքը սպասվածից բացասական էր:
Վրաստանի արտահանումներն առաջին ինն ամիսների ընթացքում նվազել են մոտ 15 տոկոսով: Ինչպես մեր պարագային՝ ավելի առաջանցիկ նվազել են ներմուծումները՝ 17.5 տոկոսի չափով:
Օգոստոսին երկրի սահմանների բացումը, զբոսաշրջության աշխուժացման սպասումների փոխարեն, համավարակի լայնածավալ մասշտաբների պատճառ դարձավ: Բնականաբար, վատթարացնելով սոցիալ-տնտեսական իրավիճակը: Ստեղծված պայմանները Վրաստանն ավելի զիջող կդարձնեն մեր մյուս երկու «հարևանների» պահանջների հանդեպ: Դրան գումարած՝ Վրաստանը կփորձի օգտվել թուրքական պատրաստի ապրանքներից մեր հրաժարվելու որոշումից: Բայց դա արդեն առանձին քննարկման նյութ է: