«Սա մի կողմից՝ ուղղակի քաղաքական ճնշում է, մյուս կողմից՝ առարկայական «դոսյեի» համալրում». Քաղաքագետ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցում հերթական անգամ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ծայրահեղական վարձկաններ տեղափոխելու մասին տեղեկություններին: Նա մասնավորապես նշել է, որ այս ամենը չի կարող Մոսկվայի մոտ լուրջ մտավախություններ չառաջացնել, քանի որ իրավիճակի նման զարգացումը սպառնում է արդեն Անդրկովկասում ահաբեկչական անկլավի առաջացմամբ։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների թիվը հասնում է երկու հազարի։
168.am–ը քաղաքագետ Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս հայտարարություններով նախապատրաստվում են նաև ինչ-որ գործողություններ, թե՞ սրանք զուտ հերթապահ հայտարարություններ են։
Ի պատասխան՝ քաղաքագետը նշեց. «Իմ կարծիքով՝ Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ որոշակի հակաահաբեկչական «դոսյե» են պատրաստում՝ տվյալ դեպքում՝ թիրախավորելով Թուրքիային և, բնականաբար, մասամբ նաև՝ Ադրբեջանին: Այնուամենայնիվ, բոլորը հասկանում են, որ հիմնական խաղացողն ահաբեկիչների պատրաստման, տեղափոխման և, ընդհանրապես, ահաբեկչության հիմնական գաղափարախոսը Թուրքիան է:
Սա հերթական քայլն է, որով «դոսյեն» է պատրաստվում, որպեսզի ինչ-որ պատեհ պահի, գուցե ինչ-որ մի ֆորմատում (իհարկե, ՌԴ-ի համար ցանկալի կլինի՝ միջազգային մանդատ ունենալով, համապատասխան դիմում ունենալով՝ նույն Հայաստանի կողմից) Ռուսաստանը կարող է նաև գործողություն կատարել:
Այս պահին կարող ենք ֆիքսել, որ սա մի կողմից՝ ուղղակի քաղաքական ճնշում է Թուրքիայի և Ադրբեջանի վրա, մյուս կողմից՝ առարկայական «դոսյեի» համալրում»:
Վիգեն Հակոբյանը հավելեց, որ, թեև Հայաստանում նման հայտարարություններին թերահավատորեն են վերաբերվում, այդուհանդերձ, դրանք հենց այնպես չեն արվում:
Հարցին, կարո՞ղ ենք այդ գործընթացում ակնկալել Եվրոպայի աջակցությունը, Եվրոպայից կլինե՞ն կոնկրետ ազդակներ՝ հաշվի առնելով Թուրքիայի հրահրմամբ այնտեղ տեղի ունեցող ահաբեկչական վերջին դրսևորումները, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Մենք այդ ազդակներն արդեն ունենք: Երբ նշեցի միջազգային մանդատի մասին՝ նկատի ունեի, որ ոչ միայն Ռուսաստանի կողմից են այդ ազդակները եղել. օրինակ՝ Ֆրանսիան բացահայտ խոսել է դրա մասին, Հունաստանը, Նիդեռլանդները: Այսինքն՝ այս ամեն ինչը հենց այնպես չի արվում. սրանք քաղաքական հայտարարություններ են, որոնք թվում է, թե որևէ պրակտիկ նշանակություն չունեն, բայց դրանք հիմք են ստեղծում, որպեսզի պատեհ պահին, երբ շատերի շահերը համընկնեն, երբ կարիք լինի աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների, սա էլ հիմք հանդիսանա:
Ըստ իս՝ ռուսների համար առավել կարևոր է, որպեսզի ունենան նաև միջազգային մանդատ, որովհետև, այնուամենայնիվ, թիրախը Թուրքիան է: Ու մի բան է՝ եթե Թուրքիայի հովանու ներքո գործող ահաբեկիչների նկատմամբ, որոնք ձգտում են Արցախը «վերածել անկլավի», գործի միայն Ռուսաստանը, և մեկ այլ բան՝ եթե դա լինի միջազգային մանդատի ներքո»:
Հարցին էլ, թե երբ կլինի այդ պատեհ պահը, վերլուծաբանը պատասխանեց. «Դժվար է դա գնահատել, բայց ճնշումն ակնհայտորեն ավելանում է, այդ թվում՝ նաև հենց իրենց սեփական անվտանգությունից ելնելով»:
Ուշադրություն հրավիրելով Եվրոպայում տեղի ունեցող գործընթացների վրա՝ Վ.Հակոբյանն ասաց. «Դա բնութագրվում է՝ որպես իսլամական ֆաշիզմ, իսլամական տեռորիզմ, նույնիսկ Գերմանիայի կանցլերը, երբ աջակցություն հայտնեց Ավստրիային, ասաց, որ ընդհանուր ճակատ պետք է ստեղծել իսլամական տեռորի դեմ: Դա այսօրվա Գերմանիայի համար բավականին համարձակ հայտարարություն է»:
Անդրադառնալով Իրանի դերակատարմանը՝ քաղաքագետը նկատեց՝ Իրանը ամենամտահոգված երկրներից մեկն է՝ հաշվի առնելով, որ հենց Իրանի սահմանների մոտ է «ահաբեկչական անկլավ» ձևավորվում.
«Դրանով է պայմանավորված, որ Իրանը, լինելով բավականին զուսպ գործընկեր տարածաշրջանում, որը 1990-ականների կեսերից սկսած՝ ընդամենը հայտարարությունների մակարդակով է նշում, որ Արցախի հարցը միայն ռեգիոնալ խաղացողների մակարդակով պետք է լուծվի, հիմա տեսնում ենք, որ այնքան է մտահոգված, որ բավականին լուրջ, բավականին ակտիվ դիվանագիտական ջանքեր է սկսել ներդնել: Իրանը մտահոգված է ոչ միայն դիվանագիտական մակարդակով. Իրանը զորավարժություններ արեց, ինֆորմացիա եղավ, որ զորքեր է տեղաբաշխում հենց սահմանի վրա: Իրանը շատ լավ հասկանում է՝ եթե սահմանը վերահսկվի Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից, դա, ըստ էության, վերահսկվում է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից, այսինքն՝ իր անվտանգությանը զգալի վտանգ է սպառնում:
Դրա համար Իրանը փորձում է շատ լուրջ և գործուն քաղաքական դերակատարում ունենալ, այլ հարց է, թե որքանով է իր առաջարկը մեզ ձեռնտու. այսօր Իրանը ձգտում է՝ իր շահերից ելնելով, իր ազդեցությունը ռեգիոնում մեծացնելով, տարածաշրջան բերել նաև Թուրքիային, ինչը, չեմ կարծում՝ մեզ ձեռնտու է որևէ պայմանում»: