
«Նշում են, թե մի ձեռքի բազկի երկարություն է մնացել, որ հասնեն Արցախի մայրաքաղաք». Արծրուն Հովհաննիսյանը թշնամուն դժոխք է խոստանում

Այսօր օրվա ընթացքում Ադրբեջանի տարբեր դիվերսիոն խմբեր, վարձկաններ, ահաբեկիչներ մի քանի ուղղություններով, այդ թվում` Արցախի հյուսիսային անտառապատ տարածքներում, փորձել են հարձակումներ իրականացնել:
Այսօր Արցախի տեղեկատվական շտաբում կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այդ անտառները, ձորակները, այն տարածքները, որ ոմանք նշում են, թե մի ձեռքի բազկի երկարություն է մնացել, որ հասնեն Արցախի մայրաքաղաք, իրենց համար դառնալու են դժոխք»,- ասաց նա:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ՝ Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ:
Նրա խոսքով, մի վաշտային խումբ՝ զրահատեխնիկայով, փորձել է հարձակում իրականացնել, բայց կորցրել է 2-3 միավոր զրահատեխնիկա և հետ շպրտվել:
ՊՆ ներկայացուցիչը նշեց` մարտերում կիրառվում է ոչ մեծ մասշտաբով օդուժ և հրետանի՝ ոչ մեծ քանակով:
«Բայց այն հատվածներում, որտեղ հարձակման փորձ է իրականացվում, կրակի խտությունը երբեմն բարձրանում է»,- հավելեց Հովհաննիսյանը: