ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի ազատման պատճառը դասալքությունը չէ

Վերջին երկու օրերին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրերի և հաստատած կառավարության որոշումների համաձայն՝ մի շարք պաշտոնյաներ են ազատվել զբաղեցրած պաշտոններից:

Ազատված և պաշտոնական լիազորություններից զրկված պաշտոնյաների թվում են նաև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը (նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանին) և Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր.

«Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար: Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»:

168.am-ը փորձեց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանից ճշտել, թե արդյոք Լևոն Գրիգորյանը ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ևս, այսպես ասած, դասալքության պատճառո՞վ է ազատվել, Վահրամ Պողոսյանը նշեց, որ նրա պաշտոնազրկման պատճառն աշխատանքային հարաբերությունների համատեքստում է:

«Ազատումը պայմանավորված է զուտ աշխատանքային հարաբերություններով: Նրա ազատումը որևէ կապ չունի դասալքության հետ, որովհետև առաջին օրից մինչև նախագահի հանձնարարությամբ Երևան մեկնելը Լևոն Գրիգորյանը չի բացակայել Ստեփանակերտից»,- նշեց Պողոսյանը:

Մեր տեղեկություններով՝ Լևոն Գրիգորյանը Երևանում էր՝ կազմակերպելու Երևանում օպերատիվ շտաբի աշխատանքները:

Շտաբի աշխատանքներն այսուհետ կարգավորելու է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը:

Ինչ վերաբերում է Արտակ Միրզոյանի՝ Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցմանը, ապա դա արվել է նրա իսկ դիմումի համաձայն:

Տեսանյութեր

Լրահոս