Առաջարկել էինք բյուջեով ավելացնել 15 հաստիք, առաջարկն ամբողջությամբ մերժվել է․ Արման Թաթոյան
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2021 թվականի բյուջեի նախագծում խնդրել է ներառել նոր 15 աշխատողի հաստիք, սակայն առաջարկն ամբողջությամբ մերժվել է»,- այսօր Ազգային ժողովում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, թեև հասկանում է, որ, հավանաբար, մերժման պատճառը կապված է պատերազմական իրավիճակին, սակայն ավելացվող հաստիքներն անհրաժեշտ էին միջազգային մարմինների հետ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքն ավելի ամրապնդելու համար։
«Մենք խնդրել ենք նաև բյուջեով ավելացնել 3 միլիոն 800 հազար դրամ՝ անհրաժեշտ, մեր կենսական նշանակության ծախսերի համար։ Խնդրել ենք, որ այդ գումարն անպայման ավելացնեն, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու անընդհատ կառավարության որոշումներով փորձենք հարցերը կարգավորել»,- ասաց պաշտպանը։