Հրապարակել է 2021թ. պետական բյուջեի նախագիծը. ինչ սպասելիքներ ունի կառավարությունը

Մինչև սեպտմբերի վերջ կառավարությունը պետք է հաստատեր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և ուղարկեր Ազգային ժողով։ Այդպես է պահանջում բյուջետային համակարգի մասին օրենքը։ Բայց Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված հերթական ավանտյուրան ու Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը փոխեցին իրադրությունը։

Կառավարությունը ոչ հրապարակային հաստատեց բյուջեի նախագիծը և ուղարկեց Ազգային ժողով։ Շուտով ԱԺ-ում, ըստ էության, կմեկնարկեն բյուջետային քննարկումները։

Ֆինանսների նախարարությունն արդեն հրապարակել է հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը։ Թեև ենթադրվում է, որ այն առաջիկայում դեռ կփոփոխվի. փաստաթղթում, ըստ ամենայնի, ներկայացված չեն երկրում ռազմական դրության հայտարարման ու Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի տնտեսական հետևանքները։ Բայց դրանք, անշուշտ, կլինեն։ Այլ հարց է, թե մինչև ուր կարող են հասնել։

Առայժմ շատ վաղ է հետևանքների վերաբերյալ ենթադրություններ անելը։ Ամեն ինչ կախված կլինի ռազմական հետագա գործընթացներից։ Անորոշություններն ու ռիսկերն այս առումով չափազանց շատ են։ Ուստի 2021թ. պետական բյուջեի ներկայացված նախագիծը դեռ կարող է շատ նախնական լինել։

Ամեն դեպքում, այն, ինչ արդեն հրապարակվել է, թույլ է տալիս որոշակի պատկերացում կազմել հաջորդ տարվա սպասելիքների վերաբերյալ։

Հաջորդ տարի կառավարությունը պլանավորել է ապահովել 1 տրիլիոն 569 մլրդ դրամի եկամուտ։

Այն ավել կլինի այս տարվա ճշգրտված ցուցանիշից 132 միլիարդով։ Բյուջեի նախագծով կառավարությունը կանխատեսել է, որ այս տարի կհաջողվի ապահովել 1 տրիլիոն 437 մլրդ դրամի եկամուտ։ Թեև ռազմական դրություն հայտարարելուց հետո դրա հետ կապված առաջացել են որոշակի ռիսկեր։

Հաջորդ տարվա համար բյուջեի հարկային եկամուտների ակնկալիքները 1 տրիլիոն 500 մլրդ դրամ են։ Այս տարվա ճշգրտված պլանի համեմատ՝ դրանք ավելացել են 144 միլիարդով։

Ներկայացված նախագծում կառավարությունը կանխատեսել է, որ 2020թ. պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1 տրիլիոն 356 մլրդ դրամ, չնայած այս ցուցանիշն արդեն հիմա հարցականի տակ է։ Կառավարությունն ընթացիկ բյուջեի ներկայացված վերջին փոփոխություններով ակնկալում է, որ հարկային եկամուտներն ավելի քիչ կլինեն։ Ոչ թե 1 տրիլիոն 356 միլիարդ, այլ 1 տրիլիոն 320 միլիարդ։

Այսինքն՝ 36 միլիարդով պակաս։ Դա ըստ էության այն ֆինանսական հետևանքն է, որ կրելու է Հայաստանի տնտեսությունն ու պետական բյուջեն՝ ռազմական իրավիճակի կտրուկ սրացման հետևանքով։

Հաջորդ տարվա համար կառավարությունը նախատեսել է կատարել 1 տրիլիոն 843 մլրդ դրամի ծախս։

Այս տարվա ճշգրտված պլանի համեմատ՝ այն ավելացել է 22 միլիարդով։ Բայց պետք է ենթադրել, որ 2020թ. համար նախատեսված ոչ բոլոր ծախսերը կիրականացվեն։ Դրանք անհամեմատ ավելի քիչ կլինեն, քան ճշգրտված պլանն է։ Կառավարության վերջին կանխատեսումներով, այս տարվա բյուջետային ծախսերը կլինեն 1 տրիլիոն 637 մլրդ դրամի սահմաններում։

Ակնկալվող եկամուտների համեմատ ծախսերի տարբերությունը ֆինանսավորելու համար կրկին ստիպված կլինենք պարտք վերցնել։ Պլանավորված է դեֆիցիտի հաշվին ներգրավել 274 մլրդ դրամ։ Այստեղ մեկ առանձնահատկություն կա. բյուջեի հաջորդ տարվա դեֆիցիտի ֆինանսավորման միակ աղբյուրը ներքին միջոցներն են։ Արտաքին հատվածից գումարներ չեն նախատեսվում։ Թեև դա էլ ունի իր պատճառները՝ կապված դեֆիցիտի ավելացման սահմանափակումների հետ։

Այս տարի կառավարությունը կհատի դեֆիցիտի պլանավորված առավելագույն մակարդակը, ինչը զսպող գործոն է դրսից նոր միջոցներ ներգրավելու համար։

Կանխատեսվում է, որ հաջորդ տարի կառավարության պարտքը, խոսքն  արտաքին և ներքին պարտքի մասին է, կշարունակի գերազանցել համախառն ներքին արդյունքի 60 տոկոսի մակարդակը։ Դա այն առավելագույն սահմանագիծն է, որը ստիպում է շատ ավելի կոշտ բյուջետային քաղաքականություն իրականացնել և զսպել դեֆիցիտի հաշվին հավելյալ ծախսերի իրականացումը։

Տնտեսության վերաբերյալ կառավարության ակնկալիքները հաջորդ տարի, կարելի է ասել, դրական են։ Կանխատեսվում է, որ տնտեսությունը դուրս կգա անկումից։ Թեև աճը շատ մեծ չի լինի, ինչպես կարծում էին ոչ վաղ անցյալում։

2021թ. պետական բյուջեի նախագծում կառավարությունը տեսնում է 4,8 տոկոսի տնտեսական աճի հավանականություն։ Այս տարվա համար սպասելիքը 2021թ. պետական բյուջեի նախագծով 6 տոկոս է, թեև Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո այն արդեն վերանայվել և նվազեցվել է։

Հիշեցնենք, որ նոր բյուջետային փոփոխություններով կառավարությունն այս տարվա տնտեսական անկման հավանականությունը գնահատել է 6,8 տոկոս։

Հաջորդ տարվա տնտեսական աճի սպասելիքները կառավարությունը չափավորել է նաև միջինժամկետ ծախսային ծրագրի նկատմամբ։

2021-2023թթ. ՄԺԾԾ-ով ոչ վաղ անցյալում 2021թ. համար կանխատեսվել էր ընդհուպ մինչև 7 տոկոս տնտեսական աճ։ Հիմա արդեն կառավարությունը համարում է, որ տնտեսության մեջ տեղի ունեցած վերջին մի քանի ամիսների զարգացումներից և ղարաբաղյան իրավիճակի սրացումից հետո նման ակնկալիքներ չկան։ Սպասելիքներն ավելի ցածր են և առաջիկայում դեռ կարող են փոխվել՝ կապված այն բանի հետ, թե ինչպես կզարգանան ռազմական գործողությունները ղարաբաղյան ճակատում։

Ակնհայտ է, որ, ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ՝ Հայաստանի տնտեսությունը համավարակից հետո բախվել է մի շարք խնդիրների հետ, որոնք թուլացրել են տնտեսական աճի պոտենցիալը։ Հայաստանի պարագայում ավելացել է նաև ադրբեջանաթուրքական ագրեսիան։ Այդ ամենն իր ուղղակի ազդեցությունն է ունենում նաև պետական բյուջեի եկամուտների վրա։

Դա ստիպում է ձգել գոտիները և տնտեսական ու ֆինանսական ռեսուրսներն ուղղել ի հայտ եկած նոր մարտահրավերների դիմագրավմանը, թշնամու ագրեսիայի ու դրա հետևանքով երկրի ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերի չեզոքացմանը։ Թերևս, սա է պահի հրամայականը, որին պետք է պատրաստել երկրի տնտեսությունն ու պետական միջոցները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս