
«18 տարեկան զինվորից մինչև կամավորական՝ մարտական են տրամադրված, պատրաստ են ջախջախել հակառակորդի ջոկատները». Արման Գրիգորյան

Արման Գրիգորյանը՝ 200 հոգանոց խմբով, պատերազմական այս օրերին մասնակցում է Քարվաճառի, Օմարի պաշտպանությանը:
«Աշխարհը տեղյակ է, որ մենք կռվում ենք և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի, և՛ վարձկանների դեմ, որոնց Թուրքիան բերել-լցրել է: Բայց մեր 18 տարեկան զինվորից մինչև կամավորական՝ մարտական են տրամադրված, բոլորն էլ պատրաստ ջախջախել հակառակորդի ջոկատները, մեծաքանակ ուժերին: Իմ տղաները կոնկրետ Օմարում կատարել են շատ լուրջ խնդիրներ ՝ ջախջախել հակառակորդի մեծ ուժ, հետ շպրտել, մեր դիրքերը պահել»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց նա:
Արմանը որպես կամավոր՝ մասնակցել է նաև 2016-ի ապրիլյան քառօրյային՝ ԵԿՄ Սևանի տարածքային բաժանմունքի հետ: Եղել է այդ օրերին Ջաբրայիլում:
Իսկ զինվորական ծառայությունը մոտ 13 տարի առաջ անցել է Հադրութում, եղել է հենակետի պատասխանատու:
«Հիշում եմ, թե ինչպես ադրբեջանական ջոկատը հարձակվեց մեր դիրքի վրա, շրջանաձև պաշտպանություն կազմակերպվեց, և անձնակազմիս հետ ջախջախեցինք հակառակորդին, հետ շպրտեցինք, դիրքը պահեցինք»,- եզրափակեց մեր զրուցակիցը: