«Ռազմագերու նկատմամբ միտումնավոր իրավունքների խախտումներ թույլ տալը պատերազմական հանցագործություն է». Սիրանուշ Սահակյան
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրն «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների հարցերով զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանն է:
– ՀՀ Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր, որ այս պահի դրությամբ սեպտեմբերի 27-ից մինչ երեկ Ադրբեջանի իշխանությունների մոտ հայտնված 17 ռազմագերու մասին տեղեկություն է հայտնի, ևս 2-ի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Այս պահին ի՞նչ նորություն կա այս առնչությամբ:
– Կապված ռազմագերիների թվաքանակի հետ՝ մենք նոր տեղեկություններ չունենք: Այս պահին 17 հաստատված դեպքերից 8-ի մասով մենք ենք զբաղվում և անհատական միջոցների շրջանակներում ՄԻԵԴ-ում հայցել ենք վերջիններիս կյանքի և առողջության պաշտպանություն: Հայտնի է նաև, որ ևս 8 ռազմագերիների առնչությամբ որոշակի գործողություններ նախաձեռնել է ՀՀ Կառավարությունը:
– Ինչպե՞ս եք տեղեկանում գերեվարվածների մասին, ադրբեջանական տեսանյութերո՞վ, թե՞ այլ աղբյուրներ էլ կան:
– Հիմնականում ընտանիքի անդամները կապ են հաստատում և անհետացման, երկար ժամանակ տեղեկություն չունեցող զինվորների մասին տվյալներ են փոխանցում, որոշ դեպքերում նաև հանգամանքներ, թե որտեղ է վերջին անգամ եղել, ինչ տեղեկություններ է փոխանցել: Դրան գումարվում է նաև համածառայակիցների փոխանցած տեղեկատվությունը: Որոշ դեպքերում նաև հեռախոսազանգերը կարող են ինֆորմատիվ լինել: Եվ արդեն փաստերի համադրմամբ հետևություններ ենք անում, փորձում ենք կանխավարկած կառուցել, թե արդյո՞ք հնարավոր է, որ ողջ հայտնված լիներ թշնամու տիրապետության ներքո: Եվ առանձին դեպքերում այն դրվագներում, որտեղ կանխավարկածներ ենք ունեցել, ավելի ուշ ժամանակահատվածում ի հայտ են եկել ադրբեջանական մամուլի տարածած տեսանյութերը, ընտանիքի անդամները ճանաչել, նույնականացրել են իրենց հարազատներին, և այսօրվա դրությամբ մենք ունենք հաստատված դեպքեր:
– Կարո՞ղ ենք ասել, որ այն ռազմագերիների կյանքին և առողջությանը, որոնց մասով ՄԻԵԴ որոշում կա, վտանգ չի սպառնում:
– Նախ ասեմ, որ երեկվա դրությամբ էլ որոշակի զարգացում է եղել: Մեր կողմից ներկայացված 8 գործերից 7-ով արդեն իսկ ունենք Եվրոպական դատարանի ներգրավվածությունը: ՄԻԵԴ-ը մեր միջնորդությունը բավարարել է, հսկողության տակ է վերցրել նշված անձանց և ժամկետ է տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, որպեսզի ռազմագերիների գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրի Եվրոպական դատարանին: Այս պահին՝ որպես վերջնաժամկետ, ունի սահմանված նոյեմբերի 3-ը:
Իհարկե, գործնականում մենք չենք բացառում միտումնավոր գործողությունների կատարում ռազմագերիների նկատմամբ, ուղղակի հավանականությունները փոխվում են այն պարագայում, երբ մենք ունենք անհայտ անձինք, որոնց ռազմագերի լինելու կարգավիճակը հաստատված չէ, և դեպքեր, երբ ռազմագերու կարգավիճակը հաստատվում է փաստերով և տեսանյութերով: Ավելին, ռազմագերիների՝ ողջ եղած ժամանակ հակառակորդի տիրապետության տակ հայտնվելը հայտնի է դառնում միջազգային կառույցներին: Միջազգային կառույցների ուշադրության տակ գտնվող գործերով միտումնավոր քայլերի ձեռնարկները ռազմագերիների կյանքի դեմ լուրջ վտանգներ է պարունակում հենց Ադրբեջանի համար: Այստեղ կբացահայտվեն դիտավորությամբ կյանքի դեմ ոտնձգելու դրվագները, իսկ ռազմագերու նկատմամբ միտումնավոր իրավունքների խախտումներ թույլ տալը պատերազմական հանցագործություն է, և հետագայում դրանց հեղինակները՝ Ադրբեջանի ռազմաքաղական ղեկավարությունը, կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին:
– Ի՞նչ կլինի, եթե նոյեմբերի 3-ից հետո մենք ունենանք մի իրողություն, որ ՄԻԵԴ-ը չի ստացել իր ակնկալած հարցերի պատասխանները:
– Դրա հավանականությունը փոքր եմ գնահատում, քանի որ նախորդող գործերով, երբ վերջնաժամկետ էր համարված հոկտեմբերի 22-ը, Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ տեղեկատվություն ուղարկել է, այսինքն՝ այս պահին մենք տեսնում ենք Դատարանի հետ համագործակցելու պատրաստակամություն: Ինչքանով են այդ տվյալները փաստաթղթավորված, իրականությանը համապատասխանող, կարող են խնդրահարույց լինել, բայց քանի որ կա մրցակցային դատավարություն, մենք արագ այդ խնդիրներն ի հայտ ենք բերում և դատարանի ուշադրությունը հրավիրում ենք ու խնդրում, որպեսզի լինի որոշակի նկարագրություն, որտեղ կերևա, որ ամեն ինչ լավ է, պայմանները նորմալ են, դժգոհություն չկա, և դա ներկայացված կլինի ոչ թե դեկլարատիվ, այլ դրանց հիմքում կլինեն փաստաթղթեր, լուսանկարներ և, ինչո՞ւ ոչ, նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների գնահատականները:
– Առհասարակ ինչպե՞ս է հնարավոր ռազմագերիների վերադարձը կազմակերպել: Ի՞նչ ընթացակարգ է գործում:
– Ռազմագերիների վերադարձը պարտադիր հարց է նախ՝ կոնֆլիկտի ավարտի, սառեցման պարագայում: Եթե մենք ունենում ենք հրադադար, զինադադար, քննարկման ենթակա պարտադիր հարցերից մեկը լինում է գերիների, ռազմագերիների փոխանակումը: Երկու կողմերն էլ հայտնում են իրենց մոտ գտնվող անձանց մասին և կազմակերպում են ու Կարմիր խաչի ներգրավվածությամբ իրականացնում են փոխանակումը: Ուստի ռազմական գործողությունների դադարն անխուսափելիորեն պետք է հանգեցնի ռազմագերիների փոխանակման:
Սակայն ընթացող ռազմական գործողությունների պայմաններում ևս հնարավոր է գերիների և ռազմագերիների վերադարձը կամ փոխանակումը, և այդ նպատակով կողմերը հաճախ կնքում են հումանիտար զինադադար, և դրա նպատակը բացառապես ռազմագերիների փոխանակումն ու դիակների վերադարձն է: Այս իրավիճակում մենք տեսանք, որ 3 գերտերությունների՝ ՌԴ, ԱՄՆ Ֆրանսիա, հսկողության ներքո ձեռք բերվեցին հումանիտար հրադադարի պայմանավորվածություններ, բայց ադրբեջանական կողմը չպահպանեց հումանիտար զինադադարի պայմանները, և հնարավոր չեղավ թե դիակների վերադարձը, թե գերիների փոխանակումը:
Մանրամասները՝ տեսանյութում