«Ջիհադիստ վարձկաններին պատերազմում ներգրավելն անընդունելի է, և Եվրոպան պետք է բարձրաձայնի այս մասին». Մարկո Գոմբաչի
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք The European Post-ի գլխավոր խմբագիր Մարկո Գոմբաչիի հետ
– Պարոն Գոմբաչի, Դուք նոր եք վերադարձել Արցախից, ի՞նչ տեսաք այնտեղ, ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը:
– Այո՛, մենք նոր ենք վերադարձել ԼՂ-ից: Մենք Ստեփանակերտում էինք մնում, որտեղ, նախևառաջ, պարզ լսվում էին ադրբեջանական հրետանու և անօդաչու թռչող սարքերի հրետակոծությունների ձայները, ուստի շատ հաճախ մենք ստիպված էինք մնալ ապաստարաններում թե՛ օրվա, թե՛ գիշերվա ընթացքում: Այցելել ենք բոլոր այն քաղաքացիական վայրերը, որոնք հրթիռակոծության են ենթարկվել: Շինություններն ամբողջությամբ քանդվել էին: Նշեմ, որ բազմաթիվ տներում տարեցներ էին բնակվում, իրավիճակը բավականին մտահոգիչ է: Այցելել ենք նաև Մարտունի քաղաք, երբ վերջինս ռմբակոծության էր ենթարկվում:
Եղել ենք առաջնագծում և հանդիպել ենք զինվորների հետ: Այցելել ենք նաև Շուշի, որտեղ հնարավորություն ունեցանք Սբ. Ղազանչեցոց եկեղեցում ականատես լինել երիտասարդ աղջկա և երիտասարդ զինվորականի հարսանյաց արարողությանը: Չափազանց տպավորիչ ու զգացական էր, քանի որ երիտասարդն ամուսնանում էր զինվորականի համազգեստով և նոր էր վերադարձել առաջնագծից: Մենք ականատես եղանք երկկողմանի իրավիճակի. մի կողմից՝ կյանքը շարունակվում է, մարդիկ շարունակում են ամուսնանալ, իսկ մյուս կողմից՝ պատերազմ է ընթանում: Այս հարսանիքը շատ խորհրդանշական հաղորդագրություն ուներ առ այն, որ կյանքը շարունակվում է և սերը հաղթում է:
– Դուք ասացիք, որ առաջնածում եք եղել: Ի՞նչ իրավիճակ է առաջնագծում:
– Մենք երկրորդ գծում ենք եղել, անմիջական առաջնագծում չենք եղել, հայկական հրետանու կողմից վնասազերծված անօդաչու թռչող սարքեր տեսանք: Շատ կարևոր է հասկանալ, որ այս հակամարտությունը կոնվենցիոնալ պատերազմ է, որովհետև մարդիկ ու զինվորները խրամատներում են կռվում: Մյուս կողմից էլ, սակայն, ոչ կոնվենցիոնալ պատերազմ է, քանի որ կռվի մի մասն իրականացվում է անօդաչու թռչող սարքերի միջոցով, իսկ տեխնիկայով (անօդաչու թռչող սարքի) պայքարի պարագայում մարդիկ երկրորդ պլանում են մնում այնքան ժամանակ, մինչ անօդաչու թռչող սարքը հրթիռակոծում է թշնամու դիրքերը: Այս դեպքում խնդիրը բավականին բարդ է, քանի որ կարող են հրթիռակոծվել նաև երկրորդ, երրորդ գծերն ու քաղաքները: Մարտունին, ինչպես նաև Ստեփանակերտն առաջնագծի հետևում են, բայց ևս տուժում են, և այնտեղ գտնվող բոլոր մարդկանց, քաղաքացիական անձանց, նույնիսկ լրագրողների համար շատ բարդ է:
– Դուք եղել եք Սիրիայում, Իրաքում: Մեծ փորձառություն ունեք հակամարտությունների և պատերազմական իրավիճակների լուսաբանման, եթե համեմատենք այդ պատերազմների հետ, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը ԼՂ-ում:
– Ես կարծում եմ, որ սա ավելի կոնվենցիոնալ պատերազմ է, քանի որ, երբ ես Սիրիայում և Իրաքում էի, քաղաքների սրճարաններում նստած՝ Դուք չգիտեք՝ ինչ է կատարվում Ձեր շուրջը, ահաբեկչական խմբավորումներ են գործում, իսկ ԼՂ-ում պատերազմ է խրամատներում: Բոլոր տեսակի պատերազմներն են շատ ցավալի, բայց այս մեկն իր տեսակով ավելի կոնվենցիոնալ, քաղաքակիրթ պատերազմ է, քանի որ մի ճակատը կռիվ է մղում մյուս ճակատի հետ: Երբ ես Իրաքում և Սիրիայում էի, այնտեղ ոչ մի տեղ հնարավոր չէ ապահով լինել, մինչդեռ այստեղ՝ անկախ անօդաչու թռչող սարքերից ու հրետակոծություններից, մենք փորձում էինք ներկայացնել նաև՝ ինչպիսին կարող է լինել բնականոն կյանքը Ստեփանակերտում և Մարտունիում, ինչը չափազանց կարևոր է: Շուշիում մենք հանդիպեցինք բազմաթիվ մարդկանց, տարեց կանանց: Շուշիում քաղաքացիական բնակչությունը շատ չէր, բայց մի տարեց կին մեզ ասաց, որ ուզում է մնալ իր բնակության վայրում, երբ իր որդիները վերադառնան տուն, տեսնեն իրենց մորն ու տան դռները բաց: Սա չափազանց ազդեցիկ ուղերձ է, որ մարդիկ ուզում են շարունակել ապրել իրենց հողում:
– Դուք թղթակից ունե՞ք Ադրբեջանում:
– Ո՛չ, մենք լրագրող չունենք Ադրբեջանում: Որքանով ես տեղեկացված եմ՝ Ադրբեջանում լրագրողները մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորություն չունեն (առաջնագծում): Ես թերթերում կարդացել եմ, որ որոշ լրագրողներ մեղադրում են Ադրբեջանին այն բանի համար, որ չեն կարողանում լուսաբանումն իրականացնել իրենց համար ընդունելի տարբերակով: Մենք լուսաբանում ենք պատերազմող կողմերից մեկում առկա դրությունը, բայց եթե հակառակ կողմը ԶԼՄ-ներին թույլ չի տալիս գնալ այնտեղ, ապա լրագրողի համար լուրջ բարդություն է երկու կողմերի մոտեցումներն ունենալ:
– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Ադրբեջանը սահմանափակում միջազգային լրատվականների գործունեությունը:
– Դա տվյալ կառավարության որոշումն է: Որպես լրագրող՝ կարող եմ ասել, որ մամուլի ազատությունը հիմնարար արժեք է, և լուսաբանող լրագրողը միշտ հավելյալ արժեք է ստեղծում պատերազմող կամ հակամարտող ցանկացած կողմի համար:
– Այս ընթացքում միջազգային հանրության կողմից մենք միայն որոշակի հայտարարություններ և հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ կողմերին ուղղված կոչեր ենք լսել, բայց ինչպես տեսնում ենք՝ դրանք անարդյունավետ են: Մենք տեսնում ենք Ադրբեջանի հայտարարություններն առ այն, որ իրենք պայքարելու են մինչև վերջ, նրանք նույնիսկ չեն պահել այս ընթացքում երեք անգամ ձեռք բերված զինադադարի վերաբերյալ համաձայնագրերը: Ի՞նչ եք կարծում՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անեն եվրոպական պետություններն ու ԵՄ-ն:
– Կարծում եմ, ԵՄ-ին պետք է անհանգստացնի այն, որ հակամարտության մեջ ներքաշված է նաև Թուրքիան: Ինչպես գիտեք, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ-պետություն է, և ԵՄ-ն մեծ գումար է փոխանցում Թուրքիային՝ փախստականների հոսքը զսպելու համար: Այսինքն՝ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև բանակցելու բազմաթիվ առիթներ կան: Բայց այս հակամարտության դեպքում, ինչպես և Լիբիայում և Սիրիայում, Թուրքիան իր սեփական օրակարգն է առաջ մղում: ԵՄ-ն ու միջազգային հանրությունը չպետք է թույլ տան Սիրիայից եկած ջիհադիստ վարձկանների ներգրավումն այլ պատերազմներում: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ-պետություն է և պետք է հավատարիմ մնա Արևմուտքի արժեքներին: Վարձկաններին իրենց կողմից պատերազմելու ուղարկելու նրանց մոտեցումն անընդունելի է Եվրոպայի համար: Եվրոպական պետությունները պետք է ոտքի կանգնեն ու խոսեն այս խախտումների մասին:
– Ինչո՞ւ ԵՄ-ն կամ եվրոպական պետությունները ոչինչ չեն անում ստեղծված իրավիճակում:
– ԵՄ արտաքին քաղաքականությունը բավականին կաղում է: Անդամ-պետությունների շրջանում չկա միասնություն: Կուզենայի, որ մենք առավել միասնական լինեինք արտաքին քաղաքականության հարցում: Անկախ կայացված որոշումներից, կարևոր է, որ մենք միասնական լինենք: Տարբեր հակամարտությունների դեպքում միության անդամ-պետությունները տարբեր հետաքրքրություններ ունեն: Ցավոք սրտի, որպես Եվրոպա՝ չենք կարողանում միակարծիք մոտեցումներով հանդես գալ: Կարծում եմ, որ Եվրոպան չպետք է շարունակի աչք փակել և պետք է հետևողական լինի մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, չպետք է ընդունի միջազգային իրավունքի խախտումները: Կարծում եմ՝ ջիհադիստ վարձկանների՝ պատերազմում ներգրավվելն անընդունելի է, և Եվրոպան պետք է բարձրաձայնի այս մասին: Թուրքիայի դեպքում Եվրոպան ոչ միայն մեկ, այլ երկու աչքն է փակում: Եվրոպայում պետք է խոսեն այս հակամարտության մասին: Որպես Եվրոպա՝ մենք պետք է կողմերին խաղաղության կոչ անենք: Եվրոպական Միության արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեֆ Բորելը հանդես է եկել խաղաղության կոչով: Պետք է հստակ գիտակցենք, որ պետք է խաղաղություն լինի, և միջազգային իրավունքի նորմերը չպետք է խախտվեն՝ ջիհադիստներին հակամարտության գոտի ուղարկելու միջոցով: Մենք դժվարությամբ կարողացանք լիովին կամ դեռևս մասնակի ծնկել ԻԼԻՊ-ին Սիրիայում և Իրաքում: Վճարել ջիհադիստներին՝ մեկ այլ հակամարտությունում ներգրավվելու համար, պետք է անընդունելի լինի ԵՄ-ի համար:
– Արցախի և Ադրբեջանի միջև 31 օր տևող ծանր մարտերի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջնորդությամբ հումանիտար զինադադարի համաձայնագիր հաստատվեց երեք անգամ: Ադրբեջանը, սակայն, խախտեց դրանք: Դուք մի քանի ժամանակակից պատերազմներ եք լուսաբանել, խնդրում եմ ասացեք, որքանո՞վ կարող են զինադադարների համաձայնագրերն արդյունավետ լինել, և ինչպե՞ս պետք է հասնել դրանց պահպանմանը:
– Չափազանց կարևոր է, որ զինադադարի համաձայնագիր ձեռք բերող ուժը կարողանա երկու կողմերին էլ պարտադրել պահպանել զինադադարը: Եթե զինադադարի կնքումից մեկ րոպե առաջ կամ մեկ րոպե հետո կողմերից մեկը շարունակի հրթիռակոծությունները, զինադադարի համաձայնագիրն առոչինչ է: Զինադադարի համաձայնագիր ձեռք բերող ուժը պետք է երկու կողմերին էլ զգուշացնի, որ իրենք պարտավոր են հարգել զինադադարը, այլապես պատժամիջոցներ կկիրառվեն այն կողմի նկատմամբ, որը խախտում է հրադադարը: Ես իմ աչքով եմ տեսել տուժած քաղաքացիական անձանց: Ցանկացած պատերազմի դեպքում անմեղ քաղաքացիական անձինք տուժում են պատերազմող երկու կողմից էլ: Ես պարզամիտ չեմ և հասկանում եմ, որ աշխարհում խաղաղության հասնելու համար դեռ երկար ուղի կա, բայց միջազգային հանրությունն ու միջնորդ ուժը պետք է իրապես խոսեն պատերազմող կողմերի հետ և սպառնան պատժամիջոցներով՝ հրադադարը խախտող կողմին: Սա կարող է հրադադարը հարգելու պատճառներից մեկը լինել:
– Ի՞նչ կարող եք ասել հակամարտությունների գոտում ՄԱԿ խաղաղապահ զորքերի տեղակայման մասին: Արդյո՞ք վերջիններիս տեղակայումը հակամարտության լուծման տարբերակ է, եթե զինադադարի համաձայնագիրը չի կարողանում զսպել պատերազմը:
– Կարծում եմ, որ ՄԱԿ-ը միշտ պատրաստ է խաղաղապահներ ուղարկել հակամարտության գոտիներ՝ խաղաղություն ապահովելու համար: Հաճախ խաղաղապահների ներկայությունն օգնում է մարդկանց խուսափել հրետակոծությունից, հարգել միջազգային իրավունքը կամ զինադադարի համաձայնագիրը: Կարծում եմ, որ բացի ՄԱԿ-ից, աշխարհի գերտերությունները՝ ԱՄՆ-ը և ՌԴ-ն, պետք է իրապես փորձեն միջնորդել ու կողմերին պարտադրել հրադադար, քանի որ նրանք առավել ազդեցիկ են, քան ցանկացած միջազգային կազմակերպություն:
– Իսկ ի՞նչ աշխարհաքաղաքական կանխատեսումներ ունեք այս պատերազմի հետ կապված: Ինչպիսի՞ն եք տեսնում այն իրավիճակի հանգուցալուծումը:
– Դյուրին հանգուցալուծումը նվազ հավանական եմ համարում: Խաղաղության հասնելու համար գործընթացներ պետք է ընթանան, ինչը դյուրին չի, բայց չափազանց կարևոր է, որ այն չվերաճի «պրոքսի պատերազմի»: Կողմերին աջակցող տերությունները պետք է չհրահրեն պատերազմ, ինչպես Թուրքիան է վարվում Ադրբեջանի հետ, այլ նպաստեն խաղաղության հաստատմանը, ոչ թե մատակարարեն զինամթերք՝ պատերազմը շարունակելու համար: Գերտերությունները պետք է դադարեցնեն հակամարտության կողմերին զենք վաճառել, պետք է օգտագործեն իրենց ողջ ներուժը՝ խաղաղություն հաստատելու համար: Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական օժանդակություն տրամադրել Ադրբեջանին, չպետք է ջիհադիստ վարձկաններ ուղարկի Ադրբեջան՝ առաջնագծում պատերազմելու համար, այլ պետք է Ադրբեջանի վրա իր ազդեցությունն օգտագործի՝ պատերազմը դադարեցնելու համար: Նույնպես և բոլոր այն կողմերը, ովքեր ազդեցություն ունեն Ադրբեջանի կամ Հայաստանի վրա, պետք է օգտագործեն այդ ազդեցությունը հօգուտ պատերազմի դադարեցման:
– Ունե՞ք ավելացնելու որևէ բան:
– Ես իրապես տպավորված եմ այն մարդկանցով, ովքեր դեռ ապրում են այնտեղ՝ Ստեփանակերտում, Մարտունիում, Շուշիում: Լրագրողի համար շատ կարևոր է անձամբ ներկա լինել գործողությունների թատերաբեմում, ոչ թե լուսաբանել տանից՝ Եվրոպայում նստած, քանի որ այդ դեպքում իրապես չես պատկերացնում, թե որքան բարդ է խաղաղություն հաստատելը: Իսկ վերադառնալուց հետո ծայրահեղ կարևոր է բացատրել ու բարձրաձայնել խնդրի մասին: Եվրոպայում չպետք է խոսեն միայն կորոնավիրուսի մասին, չնայած, որ վերջինիս հետ կապված իրավիճակը ճգնաժամային է Եվրոպայում, բայց մարդիկ միայն դրա պատճառով չէ, որ մահանում են: Ես իմ աչքով եմ տեսել, որ մարդիկ պատերազմներում մահանում են: Եվրոպան Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցում է Հայաստանի, Ադրբեջանի հետ և տեսնելով, որ այս երկու պետությունները պատերազմում են միմյանց հետ ու երկուսն էլ համագործակցում են ԵՄ-ի հետ, նշանակում է՝ ԵՄ-ն պետք է արձագանքի հանուն ժողովրդավարության, խաղաղության և այլ արժեքների պահպանման, այլապես կրկին ԵՄ-ն ի ցույց կդնի իր տկար արտաքին քաղաքականությունը, և կկորցնենք այն փափուկ ուժը, որն ունի ԵՄ-ն: