
Սամվել Կարապետյանի հետ կատարվողը քաղաքական հետապնդում է. լռելն այլևս հանցակցություն է. Նինա Կարապետյանց
«Հայ հասարակությանն առաջարկում եմ մտածել և հասկանալ՝ երբ երկրի ղեկավարը հրահանգում է գործողություններ սկսել մի մարդու նկատմամբ, որը խոսել է ընդամենը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին կանգնելու մասին ու հայտնվել բանտում, իրականում դա ի՞նչ է նշանակում. ի՞նչ է դա, եթե ոչ՝ քաղաքական հետապնդում։ Գիտեք, ես երկար ժամանակ խուսափում էի մասնավորապես Սամվել Կարապետյանի գործով օգտագործել «քաղաքական հետապնդում» տերմինը, բայց հիմա հստակ կասեմ՝ այո՛, հենց դա է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
«Սամվել Կարապետյանի նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում է։ Այս մասին լռելը հավասար է դա անողների հետ հանցակցության։ Փաշինյանն ու նրա թիմը տեղ չեն թողել այլևս լռելու։ Այս իշխանությունը Կարապետյանի հարցազրույցը մեկնաբանում է՝ որպես Կարապետյանի կողմից քաղաքական դաշտ մտնելու ցանկություն, մինչդեռ իրականում այդ հարցազրույցում խոսք չկա այդ մասին։ Բացարձակ որևէ ադեկվատ հիմնավորում չկա, իրականում նման հիմնավորում կա ընդամենը Փաշինյանի հիվանդագին պատկերացումներում»,- ասաց Նինա Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ աղետալին այն է, որ Հայաստանում նման իրավիճակի առաջ ենք կանգնած չբարեփոխված իրավապահ համակարգի և Նիկոլ Փաշինյանի PR-ին լծված, այսպես կոչված, քաղհասարակության պայմաններում։
«Ավելին, միջազգային մեր գործընկերները ցուցաբերում են խտրական դիրքորոշում. այն քիչ թվով կազմակերպությունները, որոնք համարձակվում են քննադատել ՀՀ իշխանություններին, կանգնում են ֆինանսական լուրջ խնդիրների առաջ»,- ասաց Կարապետյանցը՝ ընդգծելով՝փաշինյանական իշխանությանը հակազդող որևէ կառույց, բացի Եկեղեցուց, չի մնացել, հակառակ դեպքում, եթե լիներ, օրինակ, հակազդող Ազգային անվտանգության ծառայություն կամ Գլխավոր դատախազություն, ապա Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներից հետո ուժայինները պետք է գնային հենց նրա հետևից։
«Փաշինյանի ամեն գրառումից հետո պետք է քրգործ հարուցվեր նրա նկատմամբ. այս մարդու հետևից պետք է գնային։ Նման վարքագիծ ունեցող մարդը չի՛ կարող երկիր ղեկավարել։ Սա նորմալ չէ»,- ասաց Կարապետյանցը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։