
«Զանգեզուրի միջանցք»-ի հարցն Այաթոլլա Խամենեիի վերահսկողության տակ է, եթե կարմիր գծերը խախտվեն, Իրանը կպատասխանի. Խայալ Մուազզին
«Իրանը, թեկուզ պատերազմական իրավիճակում, իր վերահսկողության տակ է պահում «Զանգեզուրի միջանցքի» հարցը»,- այս մասին այսօր 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի ընթացքում ասաց իրանցի քաղաքագետ, միջազգային լրագրող Խայալ Մուազզինը՝ անդրադառնալով Իրան-Իսրայել պատերազմին, ԱՄՆ ներգրավմանն ու Իրանի «զբաղվածության» ֆոնին՝ Հարավային Կովկասում Ադրբեջանի հնարավոր ռազմական սադրանքներին:
Նա նշեց, որ ԱՄՆ խենթ քայլը՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելը, Իրանին հնարավորություն տվեց դառնալ միջուկային տերություն, թույլ տվեց լքել միջուկային զենքի չտարածման համաձայնագիրը:
Խայալ Մուազզինի դիտարկմամբ, այն, որ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի միջուկային օբյեկտներին, միջազգային կանոնների խախտում էր, բացի այդ՝ նրանք չհասան անհրաժեշտ արդյունքին, քանի որ հարձակվեցին դատարկ միջուկային օբյեկտների վրա:
«Անհրաժեշտ դետալներն արդեն տեղափոխվել էին գաղտնի օբյեկտներ, և չի եղել քիմիական աղտոտվածություն: Մեր միջուկային ծրագիրն աշխատում է անհրաժեշտ ձևով՝ դեռ խաղաղ միջուկային ծրագրի ձևաչափով: Դիվանագիտական խողովակներն աշխատում են, քաղաքականությունն աշխատում է իր տեղում, իսկ բանակն իր գործն է անում: Այս հակամարտությունը հասել է այն կետին, որ վերադարձի ճանապարհ չկա, պետք է պատժել սիոնիստական ռեժիմին: Ժողովրդի պահանջը բանակից դա է: Թույլ չենք տա Նեթանյահուին քաղաքական միավորներ հավաքել, Իրանը մինչև վերջ է գնալու»,- ասաց Մուազզինը:
Նա շեշտում է՝ Իրանը բոլոր հարձակումներին պատասխան է տալու: «Այդ պատասխանները լինելու են ճիշտ ժամանակին»,- նկատեց նա:
Իրանցի վերլուծաբանը գտնում է, որ մեր աչքի առջև ձևավորվում է նոր աշխարհակարգը:
«Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում չափազանց կարևոր է այս ֆոնին, սա այս գործընթացի կարևորագույն մասն է, իրանական հարցը ևս այդպիսի հարց է, քանի որ, եթե Իրանն ընկնի, հերթով ընկնելու են բոլորը: Այդ դեպքում կարելի է մոռանալ բազմաբևեռ աշխարհի մասին: Ուստի առաջին հերթին պետք է մեր գործընկերները մեզ աջակցելիս սրա մասին մտածեն: Արաղչիի այցը Ռուսաստան և հանդիպումը ՌԴ նախագահի հետ չափազանց կարևոր է, այդ թվում՝ այս հակամարտության ապագայի տեսանկյունից»,- ասաց Մուազզինը:
Նա նշեց, որ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը չի բացառում Իրանին Ռուսաստանի կողմից ռազմական օգնությունը:
«Դա խոսում է այն մասին, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվելու կուլիսում: Դեռևս վաղ է որևէ բան հայտարարել՝ բացահայտելով մանրամասները: Լինելու է բացառիկ մի բան, շատ լավ բացառիկ պայմանավորվածություն: Մենք՝ իրանցիներս, սիրում ենք զարմացնել»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանում գերիշխող մտավախություններին՝ Իրանի զբաղվածության և այդ ֆոնին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի ուղղությամբ Ադրբեջանի ուժային գործողությունների հնարավորությանն ու Իրանի հնարավոր արձագանքին՝ Խայալ Մուազզինն ասաց, որ Իրանի հաղթանակը կարևոր է նոր աշխարհակարգի հաստատման, ինչպես նաև հարևան երկրների ապագայի համար:
«Հարևան երկրները հաշվի են առնում Իրանի ուժը, եթե Իրանը հաղթանակի, կանգնի և պաշտպանի հայրենիքը, Կովկասի ուղղությամբ ոչինչ տեղի չի ունենա»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:
Մեկնաբանելով Իրանի դիրքորոշումը, նա նշեց, որ Իրանը ոչ թե դեմ է «Զանգեզուրի միջանցքին», այլ դեմ է պատմական սահմանների, քարտեզի փոփոխությանը:
«Եթե մեր կարմիր գիծը խախտվի, ապա մենք կպատասխանենք: «Զանգեզուրի միջանցքը» պետք է հաշվի առնի Հայաստանի ու Իրանի շահերը, չպետք է փոխվի քարտեզը: Սա Իրանի անփոփոխ, սկզբունքային քաղաքականությունն է: Սա գտնվում է Այաթոլլա Խամենեիի վերահսկողության տակ, որևէ պարագայում դա չի մոռացվում: Որոշ փորձագետներ գուցե համարեն, որ Իրանը պատերազմի մեջ է և մոռացել է միջանցքը, ո՛չ, դա մեր վերահսկողության տակ է, կարմիր գիծ է, եթե հարևան երկրները միջանցք են ցանկանում, պետք է հաշվի առնեն բոլորի շահերը»,- ասաց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում: