
Արդյո՞ք այն մարդիկ, որոնք խիստ քննադատության են ենթարկել ՌԴ դեսպանին՝ օկուպացված Շուշի այցելելու համար, նույնն անելու են նաև Ֆրանսիայի դեսպանի հանդեպ. Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ այցելել է օկուպացված Շուշի և նույնիսկ արտահայտվել, որ առաջին անգամ է Շուշիում՝ «Ադրբեջանի արվեստի ու մշակույթի» կենտրոնում:
Պետք է սպասել, թե արդյո՞ք բոլոր այն մարդիկ, որոնք խիստ քննադատության են ենթարկել Ռուսաստանի դեսպանին՝ օկուպացված Շուշի այցելելու համար, նույնը անելու են նաեւ Ֆրանսիայի դեսպանի հանդեպ:
Ինքս՝ չեմ անելու: Չեմ արել դա Ռուսաստանի և որևէ այլ դեսպանի դեպքում, չեմ անելու նաև Ֆրանսիայի դեսպանի պարագայում:
Այո, խիստ անընդունելի է, երբ որևէ դեսպան այցելում է ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի օկուպացված տարածքներ, առավել ևս՝ գովական արտահայտվում այդ այցերի մասին:
Ես խոսել ու խոսում եմ այդ պետությունների քաղաքականության, դրա նպատակների, հնարավոր ռիսկերի ու հետևանքների մասին:
Ինձ համար էական չէ՝ որևէ երկրի դեսպան այցելե՞լ է օկուպացված Շուշի, թե՞ ոչ: Այցերով ու չայցերով բացարձակապես չի մեղմվում Շուշիի, Արցախի կորստի ցավը: Եթե անգամ որևէ դիվանագետ, որևէ օտարերկրացի չայցելի օկուպացված Արցախ, դրանով կորստի ցավը բոլորովին մեղմ չէ:
Եվ ոչ էլ փոխվում է այդ երկրների քաղաքական ստրատեգիան ու նպատակների տրամաբանությունը՝ այցելում են, թե ոչ: Այո, այդ այցերը որոշակի ընթացիկ ինդիկատորներ են, բայց դրանք չեն պայմանավորում ռազմավարությունն ու հիմնական քաղաքականությունը:
Իսկ այդ իմաստով ես պարբերաբար արտահայտվում եմ, այդ թվում՝ Ֆրանսիայի առնչությամբ:
Այս իրավիճակները պարզապես պետք է ցուցիչ լինեն հանրության համար՝ Հայաստանում միջազգային քաղաքական պրոցեսների գնահատման շատ, թե քիչ լրջմտության ցուցիչ:
Կրկնեմ՝ շատ, թե քիչ լրջմտության, ոչ թե բացարձակ ճշմարտության, որովհետև մենք չունենք այդ պրոցեսներում բացարձակ ճշմարտությունների մասին դատելու իրազեկվածություն:
Մենք պարզապես պետք է կարողանանք որպես հանրային օրգանիզմ մշակել մեր դատողությունների և գնահատումների ազգային-պետական այն համակարգը, որը թույլ չտա մեզ մանիպուլյացիայի ենթարկել որևէ երկրից հնչող կենացներով ու ականջահաճո այլ բառամթերքով»: