Բաժիններ՝

«Այս շաբաթ հանդիպելու ենք այն մարդու հետ, ով պետք է զբաղվի մեր տղաների հարցով». Անահիտ Ադոյան

44-օրյա պատերազմում անհետ կորած տղաների ծնողները  նախորդ շաբաթ 2 օր փակ պահեցին Բաղրամյան պողոտան, նրանք պահանջում էին վերադարձնել ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին, ով զբաղվում էր անհետ կորածների հարցերով, ընդունում ծնողներին, լսում նրանց պահանջները։ Բաղրամյան պողոտան փակած ծնողները մտահոգություններ էին հայտնում, որ Աբազյանին պաշտոնանկ անելուց հետո իրենց տղաների ճակատագրի հարցով որևէ մեկը չի զբաղվի։

Սակայն ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի հետ հանդիպումից հետո ծնողները որոշեցին բացել պողոտան։

«Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ծնողներին այդքան էլ հետաքրքիր չէ, թե ով կլինի ԱԱԾ ղեկավարը, իրենց հետաքրքիր է, թե անհայտ կորած տղաների հարցով ո՞վ պետք է զբաղվի։

«Այս շաբաթ, առաջիկա օրերին պետք է հանդիպենք այն մարդու հետ, ով պետք է զբաղվի մեր տղաների հարցով։ Հիմա թե՛ դա կլինի ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, թե՛ մեկ այլ պաշտոնյա՝ չեմ կարող ասել, գնանք՝ կտեսնենք»,- նշեց Անահիտ Ադոյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է նախատեսված հանդիպումից ակնկալիքներին, մեր զրուցակիցը փոխանցեց՝ ով էլ լինի անհետ կորած տղաների հարցով զբաղվող անձը, պարտավոր է այն նույն հաճախականությամբ ընդունել ծնողներին, ինչպես ընդունում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանը։

«Մենք իրենցից որևէ բան չենք ուզում, իրենց պաշտոնն էլ, ունեցվածքն էլ իրենց գլխին կպնի, մեզ մեր երեխաներն են պետք, իսկ դրա համար որևէ մեկն իրավունք չունի մեր առջև դուռ փակի։ Իսկ եթե փորձեն դուռ փակել, մենք հաստատ այդ փակ դուռը կոտրելու ենք»,- նշեց Անահիտ Ադոյանը։

Նշենք, որ 2023 թվականի ամռանն անհետ կորած տղաների ծնողները կրկին փակել էին Բաղրամյան պողոտան, պահանջելով, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իրենց ընդունի։ Քանի որ Կառավարության շենքը վերանորոգում էին, Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ ժամանակավոր տեղափոխվել էր Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր։ Սակայն ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Կառավարությունից որևէ պաշտոնյա ծնողներին չընդունեցին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին Էջմիածնի N զորամասից 60 զինծառայողներ մեկնել էին Կովսական՝ մարտական գործողությունների մասնակցելու համար, սակայն, ինչպես հարազատներն են պնդում, սխալ հրամանի պատճառով հայտնվել են շրջափակման մեջ: Մի մասին հաջողվել էր դուրս գալ շրջափակումից, իսկ 30-ից ավելի զինծառայողից մինչև այս պահը որևէ տեղեկություն չկա: Ծնողները վստահ են՝ նրանք ադրբեջանական գերության մեջ են։

Հարուցվել է քրեական գործ, այս պահին ընթանում է «Քիմիկների զորամաս» անվանումը ստացած քրեական գործով դատաքննությունը։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ով այս պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 8-ին։

Այս պահին ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Անդրանիկ Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս