Սամվել Կարապետյանի մանիֆեստը

«Հանրահայտ գրոսմայստեր Յու. Ավերբախը, իր գրքերում խոսելով Տիգրան Պետրոսյանի մասին, ասում է հետևյալը. «Բազմաթիվ հավասար գրոսմայստերներից առաջ անցնելու և աշխարհի չեմպիոն դառնալու՝ Պետրոսյանի հիմնական մոտիվացիաներից մեկը Հայաստանի հանդեպ պատմական պարտքի զգացումն էր. նա սրբորեն հավատում էր դրան»։ Այս դիպուկ մեջբերումը ներկայացրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը՝ իր «Փոփոխությունների էությունը՝ պատմական պարտքի մարման ճանապարհը» հոդվածում՝ անդրադառնալով «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած և հնարավոր փոփոխություններին։

Դրանցից ամենակարևորը, ինչպես նշում է Հովաննիսյանը, նախկինում բոլորին բնորոշ ստանդարտ նախընտրական մտածողության փոփոխությունն է։

Սամվել Կարապետյանի կալանավորումն իսկապես կարող է հանգեցնել այդպիսի փոփոխության, ավելին՝ չհանգեցնելու դեպքում՝ դա դառնալու է ընդամենը գործարարի, բարերարի աղմկոտ, բայց հերթական ապօրինի հետապնդման մասին պատմություն։

Մտածողության փոփոխություն անհրաժեշտ է բոլորին՝ քաղաքական գործիչներին, մտավորականներին, գործարարներին, լրագրողներին, բոլոր նրանց, ովքեր երկրում կատարվող գործընթացների նկատմամբ ունեն որոշակի վերաբերմունք և քիչ կամ շատ ազդեցություն։ Կոնկրետ խոշոր գործարարների, այս դեպքում՝ Ս Կարապետյանի դեպքում մտածողության այդ փոփոխությունն օրգանապես կապված է նրանց/նրա ունեցած կարողության ու դրանով պայմանավորված՝ սոցիալական ու հանրային դերի հետ։

Կարդացեք նաև

Հայաստանում ոչ միայն հիմա, այլ հետանկախացման ողջ ժամանակահատվածում խոշոր գործարարները հանդես են եկել և ընկալվել են՝ որպես ուղղակի շատ փող ունեցողներ, «հարուստ մարդիկ», որոնց նպատակը միայն ունեցած փողն ավելացնելն է։

Գործարարի այս մոդելի չափման միավորն ընդամենը փողի քանակությունն է, այս մոդելի խոշոր գործարարը ձեռնտու է բոլոր իշխանություններին, որովհետև նա՝ բացի փողի ավելացումից, սոցիալական, հանրային պատասխանատվություն ու դրանից բխող որևէ գործողություն ենթադրող վարքագիծ չի ցուցաբերում։ Մինչդեռ կապիտալը, հատկապես խոշոր կապիտալը միայն փող չէ, եթե դրա կրողն ուղղակի սպառողական մեկը չէ, որն ամբողջությամբ համապատասխանում է «Իրական Հայաստանի» «Այստեղ հաց, այստեղ կաց» տափակաբանությանը։

Խոշոր կապիտալը, դրա կրողը նաև, իսկ ինչ-որ պահից սկսած՝ առաջին հերթին՝ առաքելության զգացում ունեցող մարդն է, որի վարքագիծը՝ կախված անձնային հատկություններից, կարող է ամենատարբեր դրսևորումներն ունենալ։ Կոնկրետ Սամվել Կարապետյանի դեպքում այդ առաքելությունը մինչ այս պահն արտահայտվել է ամենատարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելով և ազգային, պետական նշանակություն ունեցող կառույցներին աջակցությամբ։ Հայ Առաքելական եկեղեցին դրանցից ամենախոշորն է։

Սամվել Կարապետյանի ներկայիս գործողությունները, նրա դեմ հարուցված քրեական գործի համար հիմք հանդիսացած մեկ արտահայտությունն իրականում այդ առաքելությանը խոչընդոտող գործոնների դեմ պայքարի մանիֆեստ է, որը՝ արտահայտված լինելով կոնկրետ մարդու կողմից, կարող է և պետք է գոնե մտածելու տեղիք տա հայազգի մյուս խոշոր գործարարներին։

Գնահատականները, թե այս գործընթացով գործարար Կարապետյանը ձգտում է իշխանության, ճղճիմ են՝ դրանց հնչեցնողների հանգույն։

Մյուս կողմից, սակայն, եթե անգամ առաքելություն զգացող մարդը ձգտում է իշխանության, դա անթույլատրելի կամ դատապարտելի չէ, եթե չի հակասում Սահմանադրությանն ու օրենքներին։ Բայց տվյալ դեպքում խոսքը ոչ այնքան ֆորմալ իշխանության, որքան ավելի լայն իմաստով իշխանության՝ առաքելության իրացման իմաստով իշխանության մասին է, որը, ըստ էության, այսօրվա Հայաստանում կարող է դառնալ պատմական պարտքի վերադարձման միակ հնարավորությունը։

Հ․Գ․ Մոտիվացիայի ամենահայտնի տեսություններն ապացուցել են, որ ֆիզիկական ու անվտանգության պահանջմունքների բավարարումից հետո անհատը ձգտում է նախ՝ պատկանելության, և որպես վերջին՝ ամենաբարձր մակարդակի պահանջմունք՝ իշխանության։ Դա բնորոշ է բոլոր անհատներին, անխուսափելիորեն՝ նաև խոշոր գործարարներին։ Հայաստանի իշխանությունը, սակայն, անում է ամեն ինչ, որ խոշոր գործարարները որևէ դեպքում «հարուստի», «փողատերի» ինքնագնահատականից ու ընկալումից չբարձրանան և պատմական պարտքի փոխարեն՝ վճարեն «պալատական պարտքը»։

Սամվել Կարապետյանը դուրս է եկել այս սխեմայից, կոտրել է գործարարներին իշխանության կողմից ներկայացվող հնազանդության պահանջի կատարման կանոնը, ինչի համար այսօր գտնվում է բանտում՝ միևնույն ժամանակ ստանալով իր պատմական առաքելությունն իրականացնելու ու պատմական պարտքը վճարելու բացառիկ հնարավորություն։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս