Բաժիններ՝

Կատարում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին կոչ է արել պատսպարվել ապաստարաններում

Կատարում ԱՄՆ դեսպանատունն Իրանի հնարավոր պատասխան գործողությունների ֆոնին կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին պատսպարվել ապաստարաններում մինչև հետագա ծանուցումը։ Այս մասին հետևում է դիվանագիտական առաքելության կայքում տեղադրված հայտարարությունից, գրում է ՌԻԱ Նովոստին։

Fox News հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, այսօր հայտնել է, որ ԱՄՆ-ը Կատարի իր ռազմաբազային Իրանի հնարավոր հարվածը համարում է «անխուսափելի սպառնալիք»:

«Որպես նախազգուշական միջոց, խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին պատսպարվել ապաստարաններում և մնալ այնտեղ մինչև հետագա ծանուցումը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ Կատարի իշխանությունները որոշում էին կայացրել անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակել երկրի օդային տարածքը:

Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:

Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։

Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ–ի հարվածներից հետո հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա այդ դեպքը չէ, և Իրանը կձեռնարկի բոլոր միջոցներն իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս