«Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերը տնտեսական թույլ հիմքերի վրա են». տնտեսագետ

Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի  կատարած ուսումնասիրությունների՝ Թուրքիայում տնտեսական վիճակն այնքան էլ բարվոք չէ: Տնտեսագետն ուսումնասիրել է, թե ինչո՞վ է պայմանավորված թուրքական տնտեսության հաջողությունը, և նկատել է, որ Թուրքիայի կառավարությունը սուբսիդավորում է տնտեսության հատկապես այն ճյուղերը, որոնք միտված են արտահանման:

«Արտաքինից կարող է թվալ, որ այնտեղ ազատ շուկայական հարաբերություններ են, մրցակցություն, լավ ներկայացված համաշխարհային տարբեր ընկերություններ, եզակի երկրներից է, որ բոլոր խոշոր ընկերությունները ներկայություն ունեն, որտեղ բոլոր խոշոր ընկերությունները ձգտում են ներկայություն ունենալ: Կար ձևավորված տեսակետ, որ Թուրքիան գյուղատնտեսական մթերքների արտահանման համար միշտ դոտացիաներ է տալիս, սուբսիդավորում է, նույն տուրիզմի ոլորտում ինքը սուբսիդավորում է, բայց պարզվում է, որ տնտեսության բոլոր ճյուղերում, որոնք միտված են արտահանման, սուբսիդավորում է իրականացվում: Այսինքն՝ առանց պետության օգնության այդ ընկերությունները չեն կարող աշխատել»,- ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի տնտեսությունն արդեն 3-4 տարի գտնվում է ճգնաժամի մեջ և, մի շարք գործոններով պայմանավորված, այդ թվում՝ տարբեր երկրների հետ պատերազմներն ու կորոնավիրուսը, ճգնաժամը խորանում է:

«Պատերազմական գործողություններով պայմանավորված՝ անընդհատ մեծանում են ռազմական ծախսերը, որոնք այս պահին բյուջեի 13 տոկոսն են կազմում, դրանք ահռելի ծախսեր են: Թուրքիայի այսօրվա կառավարության վարած քաղաքականության արդյունքում ներդրողները պարզապես փախչում են Թուրքիայից, և անցած տարվա համեմատ՝ արդեն 40 տոկոս կրճատում կա, դրան ավելացրած նաև արտարժույթի արժեզրկման գերարագ տեմպերը (անցած տարի լիրան 5.74 էր, այսօր 8.12, մի ամիս առաջ 7.80 էր): Թուրքիան ունի ահռելի արտաքին պարտք՝ մոտ 58 տոկոս ՀՆԱ-ի , և եթե ներքին պարտքն էլ միացնենք, արդեն 60 տոկոսից անցնում է, ի վերջո, կորոնավիրուսի ազդեցությունը, որի հետ կապված՝ ներդրումներից բացի, արտարժույթի  ներհոսք չկա, և ամենավերջինը, որ Էրդողանը դարձել է ամենամեծ տնտեսագետը և Կենտրոնական բանկի նախագահի պարտականություններն է իր վրա վերցրել: Զուտ տնտեսագիտորեն, երբ երկրում կա բարձր ինֆլյացիա, այդ դեպքում դու վերաֆինանսավորման տոկոսը ԿԲ-ի չես իջեցնում, ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսի իջեցման նպատակն այն է, որ տնտեսական աճ ապահովվի, և ինֆլյացիան որոշակի մակարդակի բերի, բայց քանի որ ինֆլյացիան 11-12 տոկոս է կազմում, իսկ վերաֆինանսավորման տոկոսը 8.5 է, Էրդողանը մեկ այլ տնտեսագիտական ուղղության գաղափար իրականացրեց՝ տնտեսությունն աշխուժացնելու համար պետք է էժան փող, պարտադրում է ԿԲ-ին էժան փող տալ, բայց էժան փող կարող ես տալ, եթե դու ունես այնպիսի մեքենա, ինչպիսին դոլարն է, կամ եվրոն, եթե ունեք այդպիսի տպելու սարք, եթե չունեք, ձեր տեղական արժույթը բավարար չէ այդպիսի քաղաքականության համար: Լիրայի այսօրվա արժեզրկումը դրա պատասխանն է»,- ասաց տնտեսագետը:

Նա նշեց, որ միջազգային հայտնի կազմակերպությունների գնահատումներով՝ Թուրքիայի տնտեսական և ֆինանսական կայունության գնահատականը հավասար է Ուգանդային:

«Այս պայմաններում թուրքական ապրանքներն արդեն շուկայից իրենք են դուրս գալու: Շատ ընկերություններ, որոնք այնտեղ ունեին ներկայություններ, որոնք հայտնի բրենդեր են, իսպանական ընկերություններ, դուրս են գալու այնտեղից, կամ փակվելու են, այդպիսի կանխատեսումներ կան տնտեսագետների կողմից, որովհետև այլևս ձեռնտու չի լինելու Թուրքիայում դրանով զբաղվել, նրանք պետք է այլ շուկաներ փնտրեն»,- ասաց Խաչատրյանը:

Մի շարք անբարենպաստ պայմանների պատճառով հայտնի բրենդերի Թուրքիայից դուրս գալու առիթից, ըստ տնտեսագետի, կարող է օգտվել Հայաստանը, հատկապես՝   թեթև արդյունաբերությամբ զբաղվողները:

«Հայաստանում աշխարհի լավագույն հայտնի բրենդերից մեկը ներկայացված է ՝ Gucci-ն, բավական հաջող, լրջագույն աշխատատեղեր է ապահովում, և որևիցե խնդիր որակական կամ այլ հատկությունների առումով չի առաջանում: Նմանատիպ ցանկացած ընկերության ներկայություն Հայաստանում կարող ենք ապահովել: Հասկանում եմ, որ շուկան փոքր է, մեր հնարավորությունները սահմանափակ են, բայց եթե երկրում կա ֆինանսական, տնտեսական կայունություն, դա ավելի գրավիչ է: Թուրքիայում այդ ամենը չկա, փոխարենը՝ կա Էրդողանի նման անկանխատեսելի ղեկավար՝ տնտեսական առումով»,- ասաց Խաչատրյանը:

Տնտեսագետը նշեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի քաղաքական երկարակեցությունը պայմանավորված է եղել իր տնտեսական հաջողություններով, որոնք նա այժմ ապահովել չի կարողանում և փորձում է իր ժողովրդին «կերակրել» Մեծ Թուրանի մասին պատմություններով:

«2000-2007 թ.-ին՝ «տնտեսական հրաշքի» տարիներին, տնտեսական աճը Թուրքիայում եղել է 7,5 տոկոս տարեկան, այս տարի -8 տոկոս է, երկրորդ եռամսյակում 11,2 տոկոս է ՀՆԱ-ի անկումը, եկող տարի էլի մինուս կլինի, 2022-ին եթե հաջողվի՝ կարող են 2-3 տոկոս տնտեսական աճ ունենալ: Այս ամենը խոսում է այն մասին, որ այն ծավալապաշտական ծրագրերը, որ փորձում է իրականացնել Թուրքիան, տնտեսական առումով թույլ հիմքերի վրա է: Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ հանգիստ լինենք, այլ սա օբյեկտիվ վիճակն է Թուրքիայի»,- ասաց տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանը նաև նշեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանում թուրքական ապրանքների վաճառքի արգելքը ևս կարող է նշանակություն ունենալ Թուրքիայի տնտեսության համար:

Տեսանյութեր

Լրահոս