«Աշխարհազորը բացառապես կամավորականների կողմից ձևավորվող զինվորական խումբ է, նրանց ամրակցվում է զենք, համազգեստ». Գաբրիել Բալայան
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացնելով «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ ասաց, որ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի համաձայն՝ օրենսդրորեն սահմանվում է աշխարհազոր եզրույթը՝ որպես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ։
Գաբրիել Բալայանի խոսքով՝ առաջարկվող կարգավորումների համաձայն՝ աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով՝ ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման.
«Պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից: Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացվելու է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի կողմից աշխարհազորային շտաբի միջոցով: Աշխարհազորային զորամիավորման ղեկավար է հանդիսանալու համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալը, իսկ Երևանում՝ քաղաքապետի տեղակալը: Աշխարհազորային բրիգադի ղեկավար հրամանատար է հանդիսանալու համապատասխան քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքների ղեկավարի տեղակալը, իսկ Երևան քաղաքի վարչական շրջանում՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը: Աշխարհազորային գումարտակի ղեկավար հրամանատար է հանդիսանում գյուղական բնակավայրեր ներառվող, չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալը կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարի տեղակալը: Աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների համալրում աշխարհազորայիններով տարածքային սկզբունքով իրականացնում են Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները, պահեստազորում հաշվառված և պատերազմի ժամանակ հաստիքներին չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաև ՏԻՄ-երը համապատասխան համայնքում, Երևան քաղաքում՝ ըստ վարչական շրջանների հաշվառված քաղաքացիներից: Աշխարհազորայինի հետ կնքվում է պայմանագիր, նրան ամրակցվում է զենք, հատկացվում է զինվորական համազգեստ, և աշխարհազորայինը նշանակվում է համապատասխան պաշտոնի աշխարհազորային շտաբի ղեկավարի հրամանով»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Պաշտպանության փոխնախարարին ճշտող հարց ուղղեց․
«Աշխարհազորը բացառապես կամավորականների կողմից ձևավորվող զինվորական խումբ է և մոբիլիզացիայի հետ կապ չունի: Դրա հետ կապված ձեր պարզաբանումները խնդրում եմ ասեք, որովհետև քաղաքացիների մոտ սրա հետ կապված հարցեր կային»:
Գաբրիել Բալայանը պատասխանեց, որ աշխարհազորը ձևավորվելու է բացառապես կամավորության սկզբունքով.
«Ասեմ ավելին, աշխարհազորում կարող են ընդգրկվել պահեստազորում հաշվառված, սակայն կցագրում չունեցող քաղաքացիները»:
Պարզաբանման համար փոխնախարարին հարց ուղղեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը.
«Այն քաղաքացիները, որոնք ենթակա են զորակոչի, իրենք աշխարհազորի մեջ չե՞ն մտնելու»:
«Այո, այն քաղաքացիները, որոնք ունեն համապատասխան զինվորական հաշվառում պահեստազորում և կցագրում, նրանք աշխարհազորի կազմի մեջ չեն մտնելու: Խոսքը նրանց մասին է, ովքեր կամավորներ են և համապատասխան զինվորական պարտավորություն չունեն»,- պատասխանեց Գաբրիել Բալայանը:
Աղազարյանի մյուս ճշտող հարցին, որ օրենսդրությամբ նախատեսված են դեպքեր, երբ առանձին քաղաքացիներ ազատված են զորակոչվելու պարտավորությունից, արդյոք իրենք կարո՞ղ են աշխարհազորի մեջ մտնել, Գաբրիել Բալայանը պատասխանեց՝ այո, քանի որ նրանք կցագրում չունեն: