«Չեմ զարմանա, որ Թուրքիան Արցախից իր ագրեսիվությունը տարածի նաև Հայաստանի վրա». Ռուբեն Սաֆրաստյան

Ստամբուլում Wargonzo նախագծի աղբյուրները փոխանցել են, որ Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան։

Ի դեպ, հենց այդ աղբյուրներն էին խոսում թուրքամետ զինյալների՝ Բաքու տեղափոխման մասին պատերազմի մեկնարկից առաջ, ինչը փաստացի համապատասխանում է իրականությանը։

«Տեղեկատվություն կա, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի՝ Սիրիայում Էրդողանի խմբավորումների դեմ զանգվածային հարվածներից հետո թուրքական «սուլթանն» անմիջապես որոշել է վրեժ լուծել և հարձակվել Հայաստանի հարավային որոշ շրջանների վրա։ Այսպիսով՝ պատերազմն անցնում է նոր, շատ ավելի մեծ փուլ»,- ասվում է նախագծի տելեգրամյան ալիքում։

168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ չի հետևել Wargonzo-ի հաղորդած տեղեկատվությանը, բայց եթե ընդհանուր գնահատական տա, ապա որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Ադրբեջանի հետ Արցախի դեմ կռվում է Թուրքիան՝ իր ահաբեկիչներով։

«Այս մասին արդեն հաստատված տվյալներ էլ կան՝ Արցախի դեմ կռվում են նաև Թուրքիայի հատուկջոկատայինները, բավականին մեծ թվով սպաներ։ Այնպես որ, Ադրբեջան նոր թուրքական ստորաբաժանումների տեղափոխումը սովորական բան է Թուրքիայի համար։ Ուստի, կարծում եմ՝ այդ տեղեկատվությունը  ճիշտ է»,- նշեց  Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքագետն ընդգծեց՝ համոզված է, որ Թուրքիայի պահվածքը վկայում է այն մասին, որ նրանց թիրախը, բացի Արցախից ու տարածաշրջանից, Ռուսաստանին թուլացնելուց, նաև Հայաստանն է։

«Ըստ էության, Թուրքիան ցանկանում է շարունակել ցեղասպանության  քաղաքականությունը, որը սկսել էին Երիտթուրքերը, շարունակել էր Մուստաֆա Քեմալը, հիմա էլ Էրդողանն է ցանկանում շարունակել։ 1920 թվականին, երբ թուրքական բանակը մտել էր Հայաստան, նոյեմբերի առաջին օրերին թուրքական բանակի հրամանատարը՝ Կարաբեքիր փաշան, Անկարայից ստանում է  հրաման, որտեղ գրված էր՝ Հայաստանը պետք է ոչնչացվի։ Այդ գաղտնի հրամանի տեքստը հայտնի է դարձել, ժամանակին այն հրատարակել եմ հայերեն թարգմանությամբ։ Այնպես որ, Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ կավարտի Աթաթուրքի այն գործերը, որոնք նա չի հասցրել ավարտել։ Չեմ զարմանա, որ Թուրքիան Արցախից իր ագրեսիվությունը տարածի նաև Հայաստանի վրա»,- հավելեց Ռ. Սաֆրաստյանը։

Միևնույն ժամանակ թուրքագետը նկատեց՝ Հայաստանի վրա հարձակման դեպքում Թուրքիայի համար զսպող մեխանիզմ կարող է լինել ոչ միայն ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, այլև Ռուսաստանը՝ որպես Հայաստանի դաշնակից։

«Մենք Ռուսաստանի հետ ունենք պայմանագիր, ունենք պայմանագիր նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Այնպես որ, Ռուսաստանը կարող է զսպող մեխանիզմ լինել, այսինքն՝ ոչ միայն կարող է, այլև համոզված եմ, որ Ռուսաստանը դա թույլ չի տա։ Սակայն Թուրքիան Էրդողանի շրջանում պատրաստ է արկածախնդրությունների, ագրեսիվ բնույթի արկածախնդրությունների, անկանխատեսելի է։ Դրա համար հույս դնել Էրդողանի բանականության վրա, որ նա նման բան չի անի՝ անիմաստ է»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Տեսանյութեր

Լրահոս