«Եթե խոսքը «Լավրովյան պլանի» մասին  լիներ, ապա խոսակցությունը կշարունակվեր». Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի հայտարարության մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հայ ժողովուրդն Արցախի հարցում նույնիսկ  պատրաստ է ցավալի փոխզիջումների, բայց ոչ երբեք Արցախի կապիտուլյացիայի, նշեց, որ խոսքն այն մասին է, որ հայկական կողմը մշտապես պատրաստ է եղել բանակցությունների։

«Եթե բանակցությունների ընթացքում կար կամ կլիներ որևէ առաջարկ, որը մեզ համար կլիներ ընդունելի, ապա դա կդրվեր Արցախի ու Հայաստանի ժողովրդի քննարկմանը։ Փաստն այն է, որ նմանատիպ առաջարկներ չեն եղել ու չեն կարող լինել այս փուլում, ցավոք, այս խոսակցությունն այլևս սպառված է։ Սրա մասին է խոսքը, որևէ կոնկրետացում մտցնել կամ փորձել դրա մեջ ինչ-որ բան գտնել՝ սխալ է»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Ճշտող հարցին՝ խոսքը «Լավրովյան պլանի» մասի՞ն էր, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե խոսքը դրա մասին  լիներ, ապա դրա հետ կապված արդեն փաստաթուղթը պատրաստ էր, բանակցությունները գնում էին, և այդ խոսակցությունը կշարունակվեր»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի ժամանակ ասաց, որ հայ ժողովուրդը պատրաստ է ցավոտ փոխզիջումների, բայց ոչ երբեք՝ Արցախի կապիտուլյացիայի: «Հիմա ես ուզում եմ՝ մենք շատ հստակ պատասխանենք մի հարցի: Հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների: Ես կարծում եմ, որ, այո, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների: Ես կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը նույնիսկ, մենք, պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների: Բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի և հայ ժողովուրդը պետք է, ինչքան էլ սա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ,  հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու, ընդ որում, իր իրավունքները պաշտպանելու, այո: Մենք հիմա, հաշվի առնելով նաև մեզնից ակնկալվող միջազգային ճկունությունը, մենք պետք է այնուամենայնիվ ուժ ունենանք, էսպես ասած, գործել մեր շահերի եզրագծին, մեր շահերի կարմիր գծերին մոտիկ, բայց մյուս կողմից՝ անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը գնա կապիտուլյացիայի: Եվ հետևաբար՝ մենք պետք է գտնենք ռեսուրսներ, որպեսզի կարողանանք մեր շահերը պաշտպանել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս