Մենք պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. Նիկոլ Փաշինյան
Հրադադարի երրորդ ձախողված փորձի մասին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հանրությանն իր դիտարկումներն ու տեղեկությունները ներկայացնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր բնորոշմամբ, շատ կարևոր հարց բարձրացրեց, որի պատասխանը, ըստ նրա, շատ կարևոր է ունենալ:
«Գուցե այդ մե՞նք ենք մեղավոր, Հայաստանը, մեր դիրքորոշումներում, որ հնարավոր չի լինում հրադադար հաստատել կամ հարցի կարգավորման հասնել»,- ինչ-որ թղթից կարծես ընթերցելով՝ այդ հարցը հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը:
Ապա Փաշինյանը պարզաբանեց, թե այս ողջ ընթացքում եղել են մաքսիմալ ճկուն, բայց եկել են եզրակացության, որ «Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ, ըստ էության ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիա»:
«Ընդ որում, այս, այսպես ասած, պահանջը, պահանջարկը, ոչ միայն այսօրվա, այլև պատերազմից առաջ գոյություն ունեցող պահանջարկ է: Ես մի քանի անգամ ասել եմ՝ էնտեղ, որտեղ մենք ճկունություն ենք ցուցաբերել, որևէ ճկունություն, տեսական կամ գործնական մակարդակի էդ ճկունությունն ընդունելի չի եղել արդեն Ադրբեջանի համար: Եթե մենք որևէ բանի համաձայնել ենք, դա արդեն ընդունելի չի եղել Ադրբեջանի համար, որովհետև նրանք ցանկացել են ավելին: Քաջալերված լինելով Թուրքիայի կողմից, թե չքաջալերված լինելով՝ այս պահին բոլորովին էական չէ:
Եվ այսպիսով մեր արձանագրումն այն է, և մենք դա պիտի հստակ արձանագրենք, որ Ադրբեջանը, հիմա առավել ևս, ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլև ուզում է առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա:
Հիմա ես ուզում եմ՝ մենք շատ հստակ պատասխանենք մի հարցի: Հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների: Ես կարծում եմ, որ, այո, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների: Ես կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը նույնիսկ, մենք, պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների: Բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի և հայ ժողովուրդը պետք է, ինչքան էլ սա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ, հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու, ընդ որում, իր իրավունքները պաշտպանելու, այո: Մենք հիմա, հաշվի առնելով նաև մեզնից ակնկալվող միջազգային ճկունությունը, մենք պետք է այնուամենայնիվ ուժ ունենանք, էսպես ասած, գործել մեր շահերի եզրագծին, մեր շահերի կարմիր գծերին մոտիկ, բայց մյուս կողմից՝ անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը գնա կապիտուլյացիայի: Եվ հետևաբար՝ մենք պետք է գտնենք ռեսուրսներ, որպեսզի կարողանանք մեր շահերը պաշտպանել:
Եվ, ընդ որում, մենք պետք ա գտնենք ռեսուրսներ, որպեսզի կարողանանք իրավիճակը դարձնել այնպիսին, որ Ադրբեջանի պահանջը այլևս լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ լինի փոխզիջումը: Այսինքն՝ Ադրբեջանի համար ընդունելի լինի փոխզիջումային տարբերակը: Եվ սա է ամենակարևոր պրոբլեմը, որ մինչև հիմա թույլ չի տվել լուծել Ղարաբաղի հարցը, որովհետև Ադրբեջանը պատրաստ չի եղել և հիմա, առավել ևս, պատրաստ չէ, ինչո՞ւ առավել ևս, որովհետև ռազմական էդ ֆոնին պատրաստ չէ փոխզիջման: Եվ մենք պետք է ռեսուրսներ գտնենք իրավիճակի վրա ազդելու այնպես, միևնույն ժամանակ՝ լինելով շատ ճկուն և, էլի եմ ասում, գործելով մեր շահերի եզրագծի վրա, մեր շահերի եզրագծին մոտիկ, որպեսզի մի կողմից՝ միջազգային հանրության համար լինենք կառուցողական, մյուս կողմից՝ այնուամենայնիվ մեր շահերը կարողանանք պաշտպանել, և երրորդ կողմից՝ նաև Ադրբեջանին կարողանանք հակել փոխզիջման ընդունելիության»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ճակատագրական պահ է, ու պետք է կենտրոնացնել բոլոր ռեսուրսները: