Մնում են մենակ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը. սրա՞նք ես փոխզիջելու. Էդգար Առաքելյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եղբայր, ի՞նչ փոխզիջում, էն էլ ցավոտ:
Եթե պատերազմը հենց սենց ու հենց էսօր ավարտվում ա (ինչին անհնար ա հավատալ), քո «փոխզիջումային ֆոնդ»-ից մնում են մենակ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը: Սրա՞նք ես փոխզիջելու: Թե՞ ադրբեջանցիների` Շուշի վերադա՞րձն ես փոխզիջելու:
Նախ` ինչի՞ դիմաց: Կարգավիճակի՞: Դրան թուրքերը սկի պատերազմից առաջ չէին համաձայնվում, չնայած «ֆոնդ»-ումդ 7 շրջան էր ու տարիների ամրացրած պաշտպանական գիծ, հիմա էդ ո՞նց պիտի համաձայնվեն, երբ Գորիս-Ստեփանակերտը ուղիղ նշանառության տակ ա արդեն գրեթե: Իսկ եթե պիտի ոչ թե թուրքը, այլ այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը ճանաչի, ապա ո՞րն ա ըտեղ փոխզիջումը, առանց որևէ զիջման էլ հանուն Արցախի բնակչության փրկության կարան ճանաչեն պրծնեն:
Հետո, քարտեզին նայե՞լ ես, նայելո՞վ ես ասում փոխզիջում: Բա դրանք տալուց հետո, եթե անգամ կարգավիճակը ապահովես, երկարաժամկետ կտրվածքով Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Շուշիի ու Ստեփանակերտի անվտանգությունը ո՞նց ես ապահովելու: Էդ մարդիկ ո՞նց են գիշերը գլուխները բարձին դնելու, ո՞նց են հող մշակելու, տուն կառուցելու, երեխա ունենալու, բիզնես հիմնելու, ապագայի պլաններ կազմելու: Բա Սյունիքո՞ւմ, Գեղարքունիքո՞ւմ, Վայոց Ձորո՞ւմ, Արարատո՞ւմ, Երևանո՞ւմ ի վերջո:
Ի՞նչ ես բանակցելու, ո՞ւմ հետ ես բանակցելու: Երկընտրանքը ցավոք սրտի շատ ակնհայտ ա: Կա՛մ պահում ենք, միացնում ենք մեզ ու ասում ենք կրկին փորձիր, կա՛մ չենք կարողանում, տալիս ենք ամբողջը ու կապիտալացվում: Էս ա: Խաղաղության համաձայնագիրն ու Նոբելյան մրցանակը մոռացի, մեկընդմիշտ էդ վարդագույն ակնոցները հանի՛, վանի՛ քեզանից: Դրանք արդեն կործանարար են ազգի համար:
Սա արցախա-ադրբեջանական կոնֆլիկտ չի, որ թեկուզ տեսական հնարավորություն պահպանվի երկու (կամ ասել քեզ` երեք) ժողովուրդների միջև խաղաղության հաստատման: Էրդողանը եկել-հասել ա, հազարներով վարձկան ա բերել, գեներալ, ինքնաթիռ ու սուպերժամանակակից կործանիչներ ա տրամադրել, քաղաքական օրակարգի թիվ մեկ թեմա սարքել, որ մի քանի շրջան վերցնի ու խաղաղություն հաստատի՞ Հայաստանի հետ: Լո՞ւրջ: Շատ կուզենայի հավատալ, բայց չի կպնում, բանականությունս սկսում ա հայհոյել ինձ:
Հա՛մ ասում ես կյանքի գնով էլ լինի, դիրքը պետք ա պահեք, հա՛մ ասում ես ցավոտ փոխզիջումների ենք պատրաստ: Դե գնա խրամատում կանգնածին ասա, որ իրա կյանքով պահած դիրքը ու տարածքը փոխզիջման ենթակա են, տես քանի՞ հոգի կպահի:
Խնդրում եմ, պահանջում եմ, հանի՛ էդ հիմար ուղերձները շրջանառությունից: Այլևս մի՛ գործածի դրանք ո՛չ քո ժողովրդի հետ խոսելիս, ո՛չ էլ առավել ևս թշնամու ու միջազգային հանրություն կոչվածի: Վերջինները խորապես թքած ունեն դրա վրա, թշնամին պատրաստ ա քո ամբողջական կապիտուլյացիային ու վերջ, իսկ քո ժողովրդին էլ էդ երկակի խաղը միայն կոտրելու ու հուսլքելու ա, ուրիշ ոչինչ:
Եթե հայրենական, մինչև վերջ կանգնելու պատերազմ ա, ուրեմն ուղերձը պետք ա լինի շատ հստակ` մինչև վերջ կանգնել ու հաղթել: Փոխզիջում աղերսելը թույլի, հոգու խորքում, պարտվածի, հանձնվածի հոգեբանություն ա, որից պետք ա հրաժարվել, եթե ուզում ենք էս հողի վրա շարունակել ապրել:
Չէի գրի, եթե լռության կոնսենսուսն էդքան հանկարծակի ու անբռնազբոսիկ կերպով չխաթարվեր: Էսքանը»։