«Ադրբեջանը մեր ռազմագերիների հանդեպ կիրառում է ֆիզիկական և հոգեբանական ճնշման միջոցներ». Արցախի ՄԻՊ

«Վերջին օրերին ադրբեջանական սոցիալական մեդիայում ինտենսիվորեն տարածվում են տարբեր լուսանկարներ և տեսանյութեր, որոնք հիմնականում լինում են ճիշտ, ոչ կեղծ տվյալներ, և այնտեղ տարբեր տիպի պատերազմական հանցագործություններ են ներկայացված լինում՝ դիակների ու ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր»,- այսօր իր ճեպազրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Գլխատման դեպքեր, ռազմագերիներին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու դեպքեր, ինչպես նաև ակնհայտ է երեկ և նախորդ օրը հրապարակված մի շարք տեսանյութերից, որ նրանք ռազմագերիների հանդեպ կիրառում են ճնշման միջոցներ՝ ֆիզիկական և հոգեբանական, որպեզի նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզչական թեզերը ներկայացնելու համատեքստում, ինչը միանշանակ անընդունելի է և կրկին խախտում է Ժնևյան կոնվենցիաների միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները»,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ հրավիրելով միջազգային հանրության ուշադրությունը, որպեսզի կանխարգելի հետագա խախտումները և երաշխավորի ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում, նաև հայ զինծառայողների դիակների մասով բացառեն հետագա իրավախախտումներն ու ոտնձգությունները:

Արտակ Բեգլարյանն այս համատեքստում կարևոր համարեց մեկ անգամ ևս ընդգծել, որ Ադրբեջանը 2 անգամ հրաժարվել է հրադադարի պայմանավորվածությունները պահել, ինչի հետևանքով՝ հայ և ադրբեջանցի զինծառայողների դիակները հնարավոր չի լինում մարտի դաշտից տեղափոխել, փոխանակել և հասցնել իրենց ընտանիքներին, ինչն անմարդկային վերաբերմունք է այդ դիակների հանդեպ, և, որ այստեղ ևս միջազգային հանրությունը հետևություններ պետք է անի:

«Տպավորություն կա, որ Ադրբեջանը միտումնավոր չի համաձայնում մարդասիրական հրադադարի պահպանմանը, որովհետև ունի բազմաթիվ զոհեր և չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին, որը կարող է մեծ ռեզոնանս առաջացնել ադրբեջանական հասարակության մեջ»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նկատում է, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ադրբեջանական զինված ուժերը փորձում են թիրախավորել կենսական նշանակության ճանապարհները և այլ ենթակառուցվածքներ, որպեսզի Արցախի բնակչության շրջանում խորացնեն հումանիտար աղետը:

«Մասնավորապես, երեկ հրետանային միջոցներով թիրախավորել են նաև Բերձոր քաղաքը: Սա ցույց է տալիս իրենց միտումը, որ փորձում են այս ճանապարհը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետություններն իրար կապող, ինչ-որ ձևով կրակի տակ պահել, որպեսզի հնարավորինս խաթարեն հաղորդակցությունը 2 հանրապետությունների միջև, որը, հասկանալի է, որ հումանիտար մեծ նշանակություն ունի»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:

Արտակ Բեգլարյանը նկատում է, որ ադրբեջանական իշխանությունները, քարոզչամեքենան վերջին օրերին սկսել են ակտիվորեն քարոզչական թեզեր շրջանառել հայերի հանդեպ իբր դրական վերաբերմունքի դրսևորման առումով, փորձելով ներկայացնել հայերի հետ համատեղ ապրելու հնարավորությունները: Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու հնարավորությունը.

«Դրանք ուղղակի քմծիծաղ են առաջացնում, քանի որ Արցախի ապագան որոշում է բացառապես Արցախի բնակչությունը՝ ողջ հայ ժողովրդի աջակցությամբ, քանի որ մենք ենք Արցախի Հանրապետության տերը, մենք ենք մեր հայրենիքի ճակատագրի որոշողը: Հետևաբար՝ որևէ խոսք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ապրելու հնարավորության մասին, դա պարզապես բացառվում է: Առաջին հերթին՝ մենք ունենք բացառիկ իրավունքներ մեր հայրենիքում ապրելու, երկրորդ հերթին՝ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարել, որ խորացրել են իրենց հասարակության մեջ հայերի հանդեպ ատելության մակարդակը և ուղղակի անհնար են դարձրել 2 ժողովուրդների համատեղ գոյակցությունը, որը տեսանելի ապագայում (համատեղ գոյակցություն ասելով՝ նկատի ունեմ  նույնիսկ ուղղակի փոխշփումները, կապ չունի կարգավիճակի հետ սա): Նաև սոցիալական մեդիայում, երբ իրենք հրապարակում են տեսանյութ կամ լուսանկար մեր ռազմագերիների կամ դիակների հանդեպ բացասական, անմարդկային վերաբերմունքի, տեսնում ենք, թե ինչպիսի «խրախճանք» է տիրում ադրբեջանական հասարակության մեջ: Այնպես որ, օր առաջ պետք է այս ատելության քարոզը դադարեցնել, եթե իրենք մտածում են հարևանություն անելու մասին: Սրա մասին պետք է մտածի նաև միջազգային հանրությունը, քանի որ միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում այս ամենի համար»:

Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ ԱՀ ՄԻՊ-ի թիմը շարունակելու է փաստահավաք առաքելությունը, մեկ փակ զեկույց արդեն ներկայացրել են միջազգային լսարանի համապատասխան մարմիններին, և, որ շուտով երկրորդ զեկույցը պատրաստ կլինի:

Արցախի ՄԻՊ-ը խնդրանք-հորդորով դիմեց քաղաքացիներին, որպեսզի ադրբեջանական սոցիալական մեդիայի և լրատվամիջոցների հրապարակած նյութերը չբերեն հայկական տեղեկատվական դաշտ, քանի որ դրանք լինում են քարոզչական բնույթի և ուղղված են հայկական ներքին լսարանին:

Տեսանյութեր

Լրահոս