Պարզաբանում՝ պարզաբանմանը
Այսօր ավելի վաղ ընթերցողին էինք ներկայացրել «Հրապարակումների արգելված լինելու հիմնավորումը կառավարության որոշման՝ գոյություն չունեցող կետերով» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացրել էինք Ոստիկանությունից ստացված պատասխանը՝ 168.am-ի հարցմանը:
Մեր հարցմամբ, մասնավորապես, խնդրել էինք պարզաբանումներ, թե ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման, ինչպես նաև Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո
- Լրատվական գործունեություն իրականացնող քանի՞ սուբյեկտի մոտ է հայտնաբերվել արգելված հրապարակում:
- Որո՞նք են այդ սուբյեկտները:
- Լրատվական գործունեություն իրականացնող ո՞ր սուբյեկտի ո՞ր հրապարակումն է իր մեջ պարունակել ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշմամբ սահմանված կանոնների խախտում:
- Ի՞նչ սկզբունքների և հստակ չափանիշերի չեն համապատասխանել տվյալ հրապարակումները:
- Կան արդյո՞ք պաշտոնապես հաստատված հստակ չափանիշեր, որոնց պետք է համապատասխանեն մամուլի հրապարակումները:
Չանդրադառնալով նյութում տեղ գտած մյուս հարցերին, նշենք, որ ստացված պատասխանում ասված էր, թե արգելված հրապարակումների գնահատումը կատարվել է՝ հիմք ընդունելով «ՀՀ-ում ռազմական դրության մասին» ՀՀ կառավարության 27.09.2020 թ. թիվ 1586-Ն որոշման 9.1-րդ և 9.2-րդ կետերը, որոնց խախտումն առաջացնում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով կամ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվությունը:
Մեր հոդվածում արձանագրել էինք, որ «ՀՀ-ում ռազմական դրության մասին» ՀՀ կառավարության 27.09.2020 թ. թիվ 1586-Ն որոշման մեջ չկան 9.1 և 9.2 կետեր: Կառավարության վերոնշյալ որոշումը, որը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում, բաղկացած է 4 կետից և հավելվածից, և, որ հավելվածում ևս 9.1 և 9.2 կետեր մեզ գտնել չհաջողվեց: Որոշման հավելվածի 9-րդ կետը որևէ ենթակետ չունի:
Սակայն Տեղեկատվության ստուգման կենտրոնը լրացուցիչ պարզաբանում էր հրապարակել, չնայած մենք ավելի վաղ էինք խնդրել հստակեցնել և ճշգրտել մեզ ուղարկված պատասխանը: Իսկ վերը նշված պարզաբանման մեջ նշված է, որ 168.am կայքում հրապարակված հոդվածի հեղինակին չի հաջողվել գտնել կառավարության մեկ այլ որոշում, որի մասին Ոստիկանությունն իր պատասխանում չի նշել և հղում է կատարել այլ ամսաթվով և համարով որոշմանը, առանց նշելու հոկտեմբերի 8-ին կատարված կառավարության որոշման լրացումների մասին:
Մինչդեռ, արդեն այլ լրատվամիջոցի տարածած՝ «Պարզաբանում» վերտառությամբ հոդվածում նշված է, որ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 08.10.2020թ. թիվ 1655-Ն որոշմամբ, լրացումներ են արվել «ՀՀ-ում ռազմական դրության մասին» ՀՀ կառավարության 27.09.2020 թ. թիվ 1586-Ն որոշման մեջ ու որպես լրացում ավելացվել են 9.1 և 9.2 կետեր:
Հ.Գ. Փաստենք, որ ամեն ինչ կարելի է փնտրել ու գտնել, սակայն, երբ պետական գերատեսչություն հարցում ես ուղարկում, ապա պարտավոր ես հրապարակել հենց այն պատասխանը, որ ստանում ես տվյալ գերատեսչությունից՝ հետևելով հենց կառավարության ընդունած որոշմանը՝ հրապարակել «բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվություն»: