Գյուղացիները խաղողով բեռնված մեքենաները տարել են Արարատի մարզպետարան
Արարատի մարզի տասնյակ խաղողագործներ այս պահին խաղողով բեռնված մեքենաներով մարզպետարանի դիմաց են:
168.am-ի հետ զրույցում գյուղացիները պատմեցին, որ արդեն 3-րդ օրն է՝ Ոստան համայնքում գտնվող գինու գործարանը չի ընդունում իրենց բերքը, և, որ խոսքը հարյուրից ավելի մեքենաների մասին է:
«Ահավոր վիճակ է, միտումնավոր չեն ընդունում, ուրիշ մեքենաները 80 դրամով բերում, առանց հերթի մթերում են, իսկ մենք, որ իբր 135 դրամով պետք է հանձնենք, օրերով կանգնած ենք:
Ախպերս առաջին գծում կռվում է, իր խաղողն է, ես եմ տարել հանձնեմ, բայց 3 օր է՝ մեքենա տեղից չի շարժվել»,- ասացին գյուղացիները:
Մարզպետարանի դիմաց գյուղացիներին մի քանի րոպեով հանդիպել է մարզպետ Գարիկ Սարգսյանը, խոստացել է, որ հարցին լուծում կտրվի, բայց խաղողագործները չեն հավատում մարզպետի խոսքին. «Էլի մեքենայի միջից խոսեց, փափուկ բարձ դրեց գլխներիս տակ ու գնաց: Ասում է՝ տարեք «Վեդի Ալկո», կընդունեն, բայց այնտեղ 60 դրամ է, մեզ պետք չէ»:
168.am-ը եղավ նաև Ոստան համայնքում գործող գինու գործարանում և գործարանի պատասխանատու Լևոն Վարդանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ են պայմանավորված նման հերթերը: Գործարանի պատասխանատուն նախ հերքեց այն լուրերը, թե գործարանն այլ անձանցից 80 դրամով խաղող է ընդունում, և, որ միտումնավոր է ձգձգում բերքի ընդունման գործընթացը, որպեսզի հերթում սպասող գյուղացիներն էլ էժան հանձնեն:
«Կոռուպցիոն ռիսկերի մասը լրիվ բացառում եմ, չի կարող նման բան լինել: Ուրիշ բողոքներ էլ են լինում կապված գնի հետ, թե 90 դրամով խաղող է մթերվում: Ես կարող եմ հենց հիմա բոլորին ասել, եթե ինչ-որ մեկը կարող է բերել գնման ակտ, որտեղ նշված կլինի, որ ես 90 դրամով խաղող եմ մթերել՝ ամբողջ համայնքից ներողություն կխնդրեմ, չի՛ կարող նման բան լինել: Իսկ հերթը կախված է բերքի քանակից, բերքը շատ է, գործարանը վերջին օրերին տեղի հետ կապված խնդիրներ ունի, գինենյութն ուղարկում ենք ուրիշ տարածք, որպեսզի կարողանանք մթերել: 3 օր, հնարավոր է, որ հերթում սպասում են, բայց ոչ ավելի: Հենց այս պահին բոլոր մեքենաները չեկավորված են, որ հերթի խախտում չլինի, որն իմ գործառույթի մեջ չի մտնում, բայց վիճակից կախված՝ դա էլ եմ անում»,- ասաց Վարդանյանը:
Նրանից հետաքրքրվեցինք նաև, թե 1 օրում որքա՞ն խաղող է կարողանում մթերել գործարանը.
«Վերջին օրերին մի քիչ պակասել է մեքենաների թիվը՝ կապված տեղի հետ, բայց միջինն օրական մթերվում է 40 մեքենա խաղող: Մարզպետի հետ էլ եմ խոսել այս հարցով, 4-5 համայնքի ղեկավարներ մի ամբողջ օր եղել են գործարանում, հորդորել ենք, որ գյուղացիները մի 4-5 օր դադար տան, խաղողը չփչանա, հերթը մի քիչ պակասի. Խաղողի փչանալը ոչ մեզ է ձեռնտու, ոչ գյուղացուն: Մենք չենք ուզում նեխած խաղող մթերել, 4-5 օր կանգնելով՝ շատ հնարավոր է, որ որակը գցի: Մարզպետն անմիջապես կապվել է գյուղապետերի հետ, տվել է հանձնարարություն, նրանք էլ, բնականաբար, գյուղացիների հետ են խոսել, բայց թե ո՞վ է լսել, ո՞վ չի լսել, հարցի երկրորդ կողմն է»:
Գործարանի պատասխանատուն նաև պարզաբանեց, որ խաղողն էժան են ընդունում միայն այն դեպքում, երբ շաքարայնությունը պակաս է լինում, սակայն վստահեցրեց, որ 1 կամ 2 դեպք է եղել, երբ 100-110 դրամով են մթերել, դրանից պակաս գնով երբեք խաղող չեն ընդունել:
«Հազարավոր տոննաների մեջ կարող է լինի՝ 30-40 տոննա: Ստույգ թիվն այս պահին չգիտեմ, բայց միայն այս տարի՝ այս պահի դրությամբ՝ արդեն 14.000 տոննան անցել ենք»,- եզրափակեց գործարանի պատասխանատու Լևոն Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Արարատի մարզում այս տարի առաջին դեպքը չէ, որ խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են, որ մարզպետարանը համակարգի գործընթացը, որպեսզի իրենց բերքը չփչանա: