
Հայերն ու օտարազգիները Չեխիայում բողոքի ակցիայով զորակցություն են հայտնել Արցախին և Հայաստանին

Չեխիայում բնակվող հարյուրավոր հայեր և նրանց սատարող օտարերկրացիներ դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողություններն ու ռազմահայրենասիրական երգերի ներքո բողոքի ակցիա են անցկացրել Պրահայում՝ Կառլովի կամուրջի վրա: Նրանք տարբեր երկրների իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ճանաչել Արցախի անկախությունը:
Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են բժշկական դիմակներ, որոնց վրա գրված են եղել տարբեր պետությունների անուններ: Նրանց ձեռքում պաստառներ էին, որոնց վրա գրված էր՝ «Արցախն ուժեղ է», «Չեխիայի Հանրապետություն, խոսի՛ր», «Փոքր երկիրը պայքարում է ապրելու համար», «Կանգնեցրե՛ք Ալիևին», «Խաղաղություն հայերին», «Հայերը կռվում են ահաբեկչության դեմ»:
Ցուցարարներից մեկը նշել է, որ կամուրջի երկարությունը 547 մետր է, և բողոքի ակցիայի մասնակիցները կանգնել են կամուրջի ամբողջ երկայնքով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը:
Աշխարհասփյուռ հայությունը բողոքի ակցիաներ է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում՝ այդ երկրների իշխանություններից պահանջելով դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային և ճանաչել Արցախի անկախությունը: