Բուխարեստի առաջնորդանիստ հայոց տաճարում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք՝ ի զորակցություն Արցախի
Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի նախաձեռնությամբ և հրավերով հոկտեմբերի 15-ին Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ վասն խաղաղության և զորակցության հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների:
Էկումենիկ աղոթքին մասնակցել են և ներկա են եղել Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումին Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Դանիել պատրիարքի ներկայացուցիչ, գերշ. Վառլաամ եպիսկոպոս Պլոիեշտիանուն, Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս գերշ. Աուրել Պերկայի և Հունա-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս գերշ. Միխայ Ֆրացիլայի ներկայացուցիչները, Հունգար Կալվին Բողոքական եկեղեցու ներկայացուցիչ Զսոլդ քահանա Բելան, Բուխարեստում Վատիկանի ներկայացուցիչ գերշ. Միգուել Մաուրի եպիսկոպոս Բուենդիան, Ռումինիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչ Ալեքսանդեր Վասիլեվը, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչ քահանաներ ու հոգևորականներ, տաճարականներ, հայոց թեմի հոգևորականներն ու համայնքի անդամները:
Իր խոսքում Տաթև Սրբազանը դատապարտել է թուրք-ադրբեջանական ուժերի ագրեսիան Արցախի հայ ժողովրդի հանդեպ, անդրադարձել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու և քաղաքացիական օբյեկտների հրթիռակոծություններին՝ մասնավորապես նշելով. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության իրողությունը, որի ընթացքում հոկտեմբերի 8-ին ռմբակոծվել է նաև Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին:
Որևէ հաջողության չհասնելով ռազմաճակատում՝ ադրբեջանական կողմը, ունենալով Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող սիրիացի վարձկանների ու ահաբեկիչների աջակցությունը, հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը, շենք-շինությունները, դպրոցներն ու մանկապարտեզները, այժմ նաև եկեղեցիներն ու սրբավայրերը, որոնք որևէ ռազմավարական նշանակություն չունեն:
Արդյունքում զոհվում և վիրավորվում են մեծ թվով խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև հայաստանյան և օտարերկրյա լրագրողներ, որոնք շատ անգամ թիրախավորվում են հատուկ:
Մեզ համար վաղուց ճանաչելի է նման ցեղասպան ձեռագիրը և միջազգային ահաբեկիչների վանդալիզմը հանդեպ պատմամշակութային արժեքներն ու սրբավայրերը, որոնց ականատեսն ենք եղել նաև Մերձավոր Արևելքում ոչ վաղ անցյալում: Մենք կոչ ենք անում բոլոր Եկեղեցիներին, կրոնական ու եկեղեցական կառույցներին, միջազգային հանրությանը դատապարտելու այս վանդալիզմը, խոսելու և բարձրաձայնելու բարբարոսների կողմից մարդու իրավունքների բոլոր հնարավոր նորմերի խախտումների մասին, ստիպելու հարգել Արցախի հայության ազատ ապրելու իրավունքը:
Հոկտեմբերի 8-ին, մեկ օրվա ընթացքում երկու անգամ ռմբակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Արցախի հայության անպարտ ոգու խորհրդանիշն է: Ինչպես 1990-ականներին, այսօր էլ այն պիտի վերականգնվի ու պիտի շարունակի ոգեշնչել և իր օրհնությունը տարածել համայն հայության վրա»:
Սրբազան Հայրը շեշտել է հատկապես այն գաղափարը, որ սա կրոնական պատերազմ չէ, սա քրիստոնեության և իսլամի պատերազմը չէ, այլ Թուրքիայի նպատակն է ավարտին հասցնել իր ծրագիրը, որը չկարողացավ անել 1915թ. հայոց ցեղասպանությամբ, այն է՝ բնաջնջել հայ ժողովրդին իր պատմական հայրենիքի տարածքում:
Խոսքով հանդես է եկել Վառլաամ եպիսկոպոս Պլոիեշտիանուն և Դանիել Պատրիարքի անունից իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն՝ խոսել է հայ և ռումին ժողովուրդների դարավոր բարեկամության, ռումին հողի վրա հայ ժողովրդի 1000-ամյա ներկայության և պատմության, եղբայրական հարաբերությունների մասին, աղոթք է բարձրացրել Հայաստանում և Արցախում հանուն խաղաղության հաստատման և բարեկամ հայ ժողովրդի անսասանության համար:
Խոսքով հանդես է եկել նաև Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը և ընթերցել է Ռումինիայի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի ընդհանուր հայտարարությունը՝ ուղղված Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին, նշել է, որ քրիստոնյա հայ ժողովուրդն այս օրերին անցնում է ծանրագույն փորձությունների միջով և համաժողովի նախագահ գերշ. Աուրել արքեպիսկոպոս Պերկանի և բոլոր եպիսկոպոսների անունից իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին:
Վերջում հանուն խաղաղության վերահաստատման իրենց աղոթքի ձայնն են բարձրացրել առ Աստված ներկա բոլոր եկեղեցիների ներկայացուցիչները՝ յուրաքանչյուրն իր լեզվով: