Սեյրան Օհանյանը դեռ Արցախում է
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով սեպտեմբերի 29-ին մեկնել էր Արցախ՝ ընթացող մարտական գործողություններով պայմանավորված, դեռ Արցախում է:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Սեյրան Օհանյանը, հավելելով, որ մարտական գործողությունների վերաբերյալ տեղեկատվության պետք է հետևել պաշտոնական աղբյուրներից, պաշտոնյաներից, դա է ճիշտ այս պահին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Արցախում իր ճեպազրույցի ժամանակ Սեյրան Օհանյանը նշել էր, որ ԱՀ պաշտպանության նախկին նախարարներով այցելել են ՊԲ հրամանատարի ղեկավարման կետ, հայտնել իրենց աջակցությունը:
«Տիրապետում ենք իրավիճակին, ծանոթացել ենք այն աշխատանքներին, որ իրականացնում է ՊԲ ղեկավարությունը: Պաշտպանության այսօրվա նախարարն իր շտաբով, ողջ անձնակազմով` ստորաբաժանումների, զորամասերի հրամանատարության հետ մեկտեղ, հմուտ գործողություններ են իրականացնում` կանխարգելելու հակառակորդի` Ադրբեջանի և Թուրքիայի համապատասխան գործողությունները»,- նշել էր Օհանյանը` վստահեցնելով, որ ՊԲ այսօրվա հրամանատարն իր ենթականների հետ հմուտ, փորձառու կերպով է ղեկավարում մարտական գործողությունները:
«Մենք համոզվեցինք, որ նրա ղեկավարման կետում բան չունենք անելու»,- ընդգծել էր նա: