«Թուրքիայի գործողությունները՝ ուղղված Հայաստանի ու Արցախի դեմ, չեն տեղավորվում ՆԱՏՕ-ի ռազմավարության տրամաբանության մեջ». Փորձագետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն  այսօր կայցելի Անկարա։ Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքի՝ այցի շրջանակներում Յենս Ստոլտենբերգը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

168.am-ի հետ զրույցում «Օրբելի» կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանն անդրադառնալով Ստոլտենբերգի Թուրքիա կատարելիք այցի ակնկալիքներին, նախ հիշեցրեց, որ օրեր առաջ տեղի ունեցավ Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցը, որի ժամանակ պայմանավորվածություն էր եղել կրակի դադարեցման վերաբերյալ, սակայն Թուրքիան նման քայլի չգնաց։

«Իհարկե, ՆԱՏՕ-ի հետ կապված իրավիճակն այլ է, Թուրքիան այդ դաշինքի երկիր է, և նրա գործողություններն այս պահին՝ ուղղված Հայաստանի ու Արցախի դեմ, չեն տեղավորվում ՆԱՏՕ-ի ռազմավարության կամ քաղաքականության տրամաբանության մեջ։ Քանիցս նշվել է, որ Թուրքիան և անձամբ Էրդողանն ինքնաբավ է իր գործողություններում ու քաղաքականությունում։ Միացյալ Նահանգների համար, որպես ՆԱՏՕ-ի գործընկեր, ըստ էության Էրդողանը դարձել է անվստահելի ու անկանխատեսելի գործընկեր։ Սա խնդիր է Միացյալ Նահանգների համար, Թրամփի վարչակազմն այստեղ խնդիր է տեսնում արդեն մի քանի տարի և դրա մասին անընդհատ բարձրաձայնում է։ ՆԱՏՕ-ի գծով կարող են լինել որոշակի հայտարարություններ, որոնք ինչ-որ կերպ մասնակի, հատվածային կարող են ազդել  Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության վրա և զսպեն նրա արկածախնդրությունը տարածաշրջանում»,- ասաց Կարեն Վերանյանը։

Միաժամանակ փորձագետն ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի կողմից արվող հայտարարությունները դժվար թե բավարար լինեն, որպեսզի Թուրքիան շատ կարճ ժամանակահատվածում հետ քաշի իր ուժերը և իր նպատակներից հրաժարվի։

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, Կարեն Վերանյանն ասաց, որ տարբեր հատվածների, խաղացողների կողմից  քննադատական հայտարարությունները և անհրաժեշտ մեխանիզմների գործադրումը հնարավորություն են տալիս, որպեսզի փուլային առումով ներազդեն Թուրքիայի իշխանության վրա և թուլացնեն նրա հավակնությունները, ախորժակի իրականացման վտանգները։

«Նման հայտարարություններն ավելի շատ հատվածային դերակատարություն կունենան, սակայն շատ կարևոր է, որ դրանք լինեն։ Շատ կարևոր է, որ հայկական կողմն օպերատիվ աշխատում է միջազգային հանրության հետ, դիվանագիտական տարբեր հարթակներում, տարբեր խաղացողների և այն սուբյեկտների հետ, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների կանխմանը»,- եզրափակեց Կարեն Վերանյանը։

Տեսանյութեր

Լրահոս