«Նման գործողությունների մտածված հաջորդականությունը կարող է բերել հաղթանակի». Ռազմական փորձագետ
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյբուքյան էջում գրել էր. «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն էլ գրել էր, որ այդ օդանավակայանի տարածքում է գտնվում նաև վերանորոգման գործարան. «Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 19-ին Գանձակի օդանավակայան վայրէջք էին կատարել թուրքական F-16-երը։ Իսկ երկու ամիս շարունակ հենց այս օդանավակայանով էին համատեղ զորավարժություն անում և հպարտանում»։
168.am-ի հետ զրույցում ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասաց, որ, երբ նշում են, թե Գյանջայի օդանավակայանը չկա, դա մի քիչ կատեգորիկ պնդում է։
«Հասցվում է հարված, որը կարող է վնասել օդանավակայանի ինչ-որ մի մասը, ու շատ հավանական է, որ հակառակորդի ինքնաթիռները, օրինակ, այդ հատվածից ժամանակավոր չկարողանան թռչել։ Սա չի նշանակում՝ չեն կարող վերականգնել ինչ-որ ժամանակով։ Սա, այսպես ասած, նորմալ աշխատանք է․ պատերազմական ու պատերազմի ժամանակ լինում են, որ ինչ-որ օբյեկտներ մասամբ կամ լիովին շարքից դուրս են գալիս։ Թե վնասների աստիճանը որքան է, մինչև բարձր որակի արբանյակային լուսանկարներ չլինեն, դժվար է դատել»,- նշեց Կ. Վրթանեսյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը կխանգարի Ադրբեջանին որոշ գործողություններ անել, սակայն այն չի կանգնեցնելու ագրեսորին, քանի որ թշնամին ունի ռազմական օդանավակայանների թռիչքուղիների բավականին զարգացած ցանց։
«Մենք այս մասին մանրամասն ասել ենք, ժամանակին նույնիսկ հատուկ ժողովածու էինք հրապարակել, որտեղ ադրբեջանական ռազմական օդանավակայանների հարցին անդրադարձել ենք։ Միայն Գյանջայի օդանավակայանն ինչ-որ ժամանակով շարքից հանելը պատերազմ չի հաղթում, բայց նման գործողությունների մտածված հաջորդականությունը կարող է բերել հաղթանակի։ Ադրբեջանը փորձում է ոչնչացնել մեր ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, կամուրջներ, էլեկտրակայաններ և այլն»,- հավելեց ռազմական փորձագետը։
Անդրադառնալով թշնամու կողմից Ստեփանակերտ քաղաքը հրետակոծելու փաստին, Կարեն Վրթանեսյանն ասաց, որ թշնամու այդ քայլը հետապնդում է երկու նպատակ։ Առաջին նպատակը ռազմականն է, երբ հարվածում են ենթակառուցվածքներին, էլեկտրակայաններին և այլն, դրանով մաքսիմալ դժվարացնում են Ստեփանակերտում աշխատելը։ Երկրորդը՝ բնակչությանը և զորքին բարոյալքելն է, փորձել բնակչությանը ստիպել լքել տարածքը, և այդ ամենը նկարել, ցուցադրել ու մեծ խուճապ տարածել։
Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին տեղեկատվական դաշտին, Կարեն Վրթանեսյանն ասաց, որ մարդիկ զգոն են, շատ ապատեղեկատվություն չի նկատել։
«Պատերազմը կարող է երկար տևել, կարող է նաև արագ ավարտվել, բայց մենք պետք է պատրաստ լինենք ծանր ու երկար ռազմական գործողությունների, սա բոլորի վրա ազդելու է, ցավոք, նաև մարդկանց հարազատներից կարող են զոհվել։ Բայց մենք պետք է հասկանանք, որ սա կարող է երկար տևել, պետք չէ անիմաստ ոգևորվել։ Եթե երկար է տևելու, պետք է հասկանանք, որ էմոցիաները մի կողմ ենք դնելու ու աշխատում ենք պատերազմական ռեժիմով՝ անկախ այն հանգամանքից՝ մարդը բժի՞շկ է, հացթո՞ւխ է, թե՞ այլ մասնագետ։ Ամեն մեկն իր տեղում պետք է աշխատի, հաղթանակը երբ լինի, մենք կոգևորվենք և կտոնենք, բայց այսօր ամենակարևորը մոբիլիզացվելն է, առանց անիմաստ էմոցիաների»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։