ԵՄ-Ն և ՆԱՏՕ-ն պետք է դատապարտեն Բաքվի և Անկարայի ագրեսիան. նիդերլանդական քրիստոնեական կուսակցություն
Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» կոալիցիոն կուսակցությունը դիրքորոշում է հայտնել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վերաբերյալ՝ նշելով, որ այդ ագրեսիան պետք է խստորեն դատապարտվի Նիդերլանդների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի կողմից։
«Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը։
«ԲԱՎԱԿԱՆ Է
Թուրքիան կրկին հատել է կարմիր գիծը: Այժմ էլ թեժանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը: Նիդերլանդները և ԵՄ-ն հստակ չեն արտահայտում իրենց մարդասիրական տեսակետը, սակայն բավ է, ժամանակն է սթափվել և տալ հստակ գնահատական:
Նախկինում Թուրքիան Սիրիայում իրականացնում էր հարձակում քրդերի վրա, Լիբիայում խախտում էր զենքի էմբարգոն և սրում թուրք-հունական հարաբերությունները, իսկ հիմա ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան սպառնում է Հայաստանին: Դա արվում է պատերազմական հռետորաբանությամբ և ռազմական միջոցներով: Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» (ChristenUnie) կուսակցությունը գտնում է, որ վաղուց Նիդերլանդների և Եվրամիության դիրքորոշում ստանձնելու և միջոցներ ձեռնարկելու ժամանակն է:
Անցյալ կիրակի օրվանից ծանր մարտեր են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի սահմաններին, որի ազգաբնակչությունը հիմնականում հայ է: Ադրբեջանի նախագահ Ալիևի խոսքը հստակ էր. նա արտահայտում է վրեժխնդրություն՝ նպատակ ունենալով նվաճել տարածաշրջանը, որը խորհրդային տարիներին ներառված էր Խորհրդային Ադրբեջանի կազմում: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ հրետակոծելով գյուղերն ու քաղաքները: Այժմ Հայաստանի սահմանամերձ տարածքը, որը սահմանակից չէ Լեռնային Ղարաբաղի հետ, ևս ենթարկվում է հրետակոծության:
Քրիստոնեական Հայաստանում իրականացվում է ընդհանուր զորահավաք:
Մենք տեսնում ենք ցնցող կադրեր, որոնցում մարդիկ հրաժեշտ են տալիս ընտանիքին, լսում ենք կատաղի մարտերի մասին և տխուր զեկույցներ ստանում մարտում ընկածների մասին: Սա մի ծանր ողբերգություն է, որն ինձ շատ է հուզում:
Թուրքիան ի սկզբանե ստանձնել է Ադրբեջանի ռազմատենչ դաշնակցի դերը և դա չի սահմանափակվում միայն խոսքով: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատում է, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստներին ուղարկում է տարածաշրջան: Հայաստանը հայտնում է, որ հայկական կործանիչ ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի կողմից: Հայաստանի նկատմամբ թուրքական այս թշնամանքը մեզ հիշեցնում է ավելի քան հարյուր տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության մասին, երբ Օսմանյան կայսրության կողմից մեկուկես միլիոն հայ սպանվեց: Հայերը մտավախություն ունեն, որ վտանգված է իրենց երկրի և ժողովրդի գոյատևումը:
Միանշանակ է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան պետք է խստորեն դատապարտվի Նիդերլանդների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի կողմից: Այնուամենայնիվ, նրանք զսպվածություն և զգուշություն են ցուցաբերում՝ Թուրքիայի հնարավոր արձագանգի պատճառով. նա կարող է դադարեցնել փախստականների գործարքը ԵՄ-ի հետ, ինչի արդյունքում վերջին տարիներին շատ ավելի քիչ փախստականներ են հասնում Եվրոպա:
Եվրոպական տարբեր առաջնորդներ պնդում են մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և զինադադարի ռեժիմի վերականգնման վրա։ Նրանցից շատերը՝ այդ թվում Նիդերլանդները, ցուցաբերում են ընդհանրական և ոչ կոնկրետ հասցեական մոտեցում:
Թուրքիայի առաջնորդ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևն իրենց ռազմատենչ հռետորաբանությամբ չեն զիջում միմյանց: «Բոլոր միջոցներով և ի խորոց սրտի» Էրդողանն Ադրբեջանի կողքին է: Հայաստանը պետք է վերջ տա «Ադրբեջանի տարածքի բռնազավթմանը», ասում է նա,- ուստի տատանվելու առիթ չկա»:
Ֆրանսիան այժմ ճանաչել է ինչպես Ադրբեջանի ագրեսիան, այնպես էլ՝ Թուրքիայի միջամտությունը: Ժամանակն է, որ Նիդերլանդները հետևի Ֆրանսիայի օրինակին: Առաջնահերթ կարևորություն է Եվրամիության և ՆԱՏՕ-ի շրջանակներում խստորեն դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան և կոչ անել զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից: Մերժման պարագայում պետք է հետևեն խիստ տնտեսական պատժամիջոցներ:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությունը պետք է դադարեցվի: Թուրքիայի դեպքում պետք է անտեսել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի սկզբունքը, ըստ որի, պատերազմ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի հետ նշանակում է պատերազմ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների հետ: Թուրքիան պետք է ընկալի, որ ագրեսիան չդադարեցնելու դեպքում չի կարող ակնկալել ՆԱՏՕ-ի աջակցությունը:
Ցավալի է, որ Թուրքիան պարբերաբար հատում է կարմիր գիծը՝ բերելով ողբերգական հետևանքների: Թող այս աղետալի պատերազմը լինի վերջինը»: