Ինչպես վարվել թուրքական ներկրումների հետ

Չնայած դիվանագիտական հարաբերությունների իսպառ բացակայությանը՝ մեր երկիր մեծ քանակությամբ թուրքական ապրանքներ են ներկրվում։ Տարիներ շարունակ խոսվել է դրանց ներկրումից և սպառումից հրաժարվելու մասին, բայց գործնականում ոչինչ չի փոխվել։ Մինչև հիմա էլ Հայաստանը մեծածավալ ներկրումներ է իրականացնում Թուրքիայից՝ ուղղակիորեն ֆինանսավորելով այդ երկրի տնտեսությունը։

Այսօր, երբ Թուրքիան բացահայտ հայտարարում է Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին և իր ռեսուրսները կենտրոնացրել է այդ հանցավոր նպատակի իրականացման համար՝ Ադրբեջանի միջոցով հերթական ռազմական ագրեսիան սանձազերծելով հայ ժողովրդի նկատմամբ, կրկին օրակարգ է եկել թուրքական ներկրումները դադարեցնելու և մեր ձեռքով մեր թշնամու տնտեսությունը հզորացնելուց հրաժարվելու հրամայականը։ Թե այս անգամ որքանո՞վ կհաջողվի լուծել այդ խնդիրը, ցույց կտա ժամանակը։ Բայց արդեն կան առաջին քայլերը, որոնք միտված են թուրքական ապրանքներից հրաժարվելուն։

«Կարգո» ընկերությունը, որը զբաղվում է Թուրքիայից բեռնափոխադրումներ իրականացնելով, հայտարարել է այդ երկրից ներկրումները դադարեցնելու մասին՝ միաժամանակ կոչ անելով նույն կերպ վարվել նաև մյուս բեռնափոխադրողներին։

Սա այն նվազագույն քայլն է, որը կարող է սահմանափակել այդ երկրից ապրանքների ներկրումը։ Բայց դրանով չի ավարտվում խնդրի լուծումը։

Թուրքական ապրանքների հոսքը հայաստանյան շուկա դադարեցնելու և դրանց սպառումից հրաժարվելու համար հարկավոր են համալիր միջոցառումներ։ Այդ երկրից մեծ քանակությամբ և տարբեր տեսակի ապրանքներ են գալիս Հայաստան։ Ուստի պետք է մտածել նաև դրանց փոխարինելիությունը ներքին շուկայում արագ ապահովելու և առաջացող բացը լրացնելու մասին։

Այս պահին, բնականաբար, վաղ է խոսել տեղական արտադրությամբ շուկան հագեցնելու մասին։ Անշուշտ, կլինեն նաև նման ապրանքներ, որոնք կարող են փոխարինել թուրքականին։ Բայց ներքին արտադրության մեջ դրանց քանակը շատ չէ։ Այն դեպքում, երբ գործ ունենք թուրքական ապրանքների բավական մեծ տեսականու հետ։ Խոսքն ընդհուպ 7-8 հարյուր անուն ապրանքների մասին է. սկսած սննդամթերքից՝ վերջացրած տնտեսական ու կենցաղային տարբեր պարագաներով։

Այդ ապրանքների ներկրման տեսքով այսքան տարի լուրջ ծավալի ներարկում ենք կատարում Թուրքիայի տնտեսության մեջ։ Տարբեր հաշվարկներով, անցած 25-30 տարիներին դրանք կազմել են 3-4 մլրդ դոլար։

Մեզանից անկախ՝ այդքան գումար ենք ներարկել մեր թշնամու տնտեսության մեջ։ Այն թշնամու, որն այսօր իր տնտեսական ու ռազմական հզորություններն ուղղել է հայ ժողովրդի դեմ՝ փորձելով ռազմական ճանապարհով հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը։

Ներմուծումների տեսքով վերջին տարիներին Հայաստանը Թուրքիայի տնտեսության մեջ կատարում է տարեկան 200-ից մինչև 300 մլն դոլարի ներդրումներ։ Անցած տարի այն կազմեց 268 մլն դոլար։ Այս տարի ներմուծումները նվազել են՝ կապված ներքին շուկայում սպառողական ընդհանուր պահանջարկի կրճատման հետ, բայց դարձյալ քիչ ներարկում չի արվել։

Անցած 7 ամիսների պաշտոնական տվյալներով՝ դրանք կազմել են շուրջ 120 մլն դոլար։

7 ամսում այդքան գումար է մտել Հայաստանից Թուրքիայի տնտեսության մեջ։ Այն Թուրքիայի, որն իր երկրի շուկան փակ է պահում հայկական ապրանքների համար, իսկ մենք մեր շուկան լայնորեն բացել ենք նրանց առաջ ու առատորեն ներմուծում ենք թուրքական ապրանքներ։

Տարբեր ժամանակներում փորձել են ինչ-որ կերպ լուծել այս խնդիրը, բայց ապարդյուն։ Այդպիսի մի փորձ էլ արվեց ապրիլյան պատերազմից հետո։

Կատարվեցին ուսումնասիրություններ, ընտրվեցին մի քանի տասնյակ ապրանքատեսակներ, որոնք առաջին փուլում պիտի փոխարինեին թուրքականին։ Դա նախատեսվում էր իրականացնել հիմնականում տեղական արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու միջոցով։

Սակայն շուտով ամեն ինչ մոռացվեց և անցավ պատմության գիրկը։ Արդյունքում՝ թուրքական ապրանքները շարունակեցին անարգել հոսել Հայաստանի սպառողական շուկա։

Իրավիճակը ոչնչով չփոխվեց նաև իշխանափոխությանը հաջորդող շրջանում։ Ներմուծումը, այդ թվում՝ թուրքական ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ քայլեր այդպես էլ չարվեցին։ Ավելին, մեր երկրի սոցիալական իրավիճակը ստիպում է անընդհատ հետաձգել այն մաքսասակագնային կարգավորումները, որոնք ինչ-որ կերպ կարող են զսպել թուրքական ապրանքների մուտքը հայաստանյան շուկա։

Հերթական անգամ նման իրավիճակի բախվեցինք վերջերս, երբ վերստին օրակարգում էր մի շարք երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու հարցը։ Կառավարությունը ստիպված էր կրկին հրաժարվել այդ նախաձեռնությունից։

Ամեն անգամ այդպես է լինում, որովհետև մինչ այդ պետք է մտածել տնտեսությունը դրան նախապատրաստելու մասին։ Իսկ մենք ոչինչ չենք անում այդ ուղղությամբ։ Ու ամեն անգամ բախվում ենք խնդիրների՝ ստիպված լինելով հետքայլ կատարել։

Մինչ մենք դեռ մտածում ենք, թե ինչպես պետք է վարվենք թուրքական ապրանքների հոսքը մեր տնտեսություն սահմանափակելու կամ դադարեցնելու մասին, կան երկրներ, որոնք անցել են կտրուկ քայլերի։ Սաուդյան Արաբիան օրերս հայտարարեց թուրքական ապրանքների ներմուծման վրա էմբարգո կիրառելու մասին։ Այն կսկսի գործել հոկտեմբերի 3-ից։

Սա լուրջ հարված կարող է լինել Թուրքիայի տնտեսությանը և հատկապես ֆինանսական շուկային։ Խոսքը բավական մեծ ծավալի ապրանքային հոսքերի մասին է։

Այս երկիրն առնվազն 10-12 անգամ ավելի մեծ ներմուծումներ ունի Թուրքիայից, քան Հայաստանը։ Այն հասնում է տարեկան մինչև 3 մլրդ դոլարի։ Այդ գումարը մտնում է Թուրքիայի ոչ միայն՝ տնտեսության մեջ, այլև՝ ֆինանսական շուկա։

Զարմանալի չէ, որ վերջին զարգացումների, այդ թվում՝ Ղարաբաղում սանձազերծած պատերազմի ֆոնին, թուրքական արժույթը մեծ տեմպով արժեզրկվում է։ Այն հասել է դոլարի նկատմամբ իր պատմական մինիմումին։ Չեն օգնում նաև կիրառվող վարչական ու ֆինանսական միջամտությունները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս