Թուրք սպաները ուղղակի ներգրավված են Արցախի դեմ Ադրբեջանի գործողություններում. Նիկոլ Փաշինյանը՝ BBC-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին հարցազրույց է տվել բրիտանական BBC-ի լրատվական ծառայությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հարցազրույցի շրջանակում Հայաստանի վարչապետը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն 3 օր է` Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակիչները, իսկ այսօր ագրեսիային, այդ թվում՝ Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ, ուղղակի միացել են նաև թուրքական ուժերը:

«Օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Մենք որակում ենք դրանք նախօրոք պլանավորված ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը, քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները: Այսօր նույնը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գյուղերի նկատմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները: Շատ կարևոր է նշել, որ Թուրքիայի ռազմական հրահանգիչները և սպաները տեղակայվել են Ադրբեջանում և ուղղակիորեն ներգրավված են ռազմական գործողություններում, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ զոհվել են, հարյուրավոր մարդիկ` վիրավորվել»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի և Արցախի նկատմամբ ոտնձգություններ են իրականացնում նաև Թուրքիայի F-16 ռազմական կործանիչները: «Թուրքիայի F-16 կործանիչները հենց այս պահին թռչում են Լեռնային Ղարաբաղի հատվածում և ամբողջովին ներգրավված են ռազմական գործողություններում: Թուրքիան գաղտնի չի պահում դա, և միայն երկու երկիր են ասել, որ պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, առաջինը` Ադրբեջանը, երկրորդը` Թուրքիան: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կանգնած են էքզիստենցիալ վտանգի առաջ»,- նշել է Հայաստանի վարչապետը:

Անդրադառնալով Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, թե իբր հայկական կողմն առաջինն է սկսել ռազմական գործողությունները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր մեղադրանքի հիմքում պետք է կոնկրետ փաստեր լինեն: «Դառնալով Հայաստանի վարչապետ՝ ես նշել եմ ԼՂ հակամարտության հիմնախնդրի լուծման կոնկրետ բանաձև, ես հավատում եմ, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Այդ բանաձևն այն է, որ յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես բանակցային գործընթացում ներգրավված Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով նման հայտարարություն է արել»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ Արցախի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, իսկ ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից, որովհետև նրա ներգրավվածությունն այս հակամարտությունում ավելի է վատթարացնում իրավիճակը:

Վարչապետի հարցազրույցի ձայնագրությունը BBC-ի լրատվական ծառայությանը՝

https://www.bbc.co.uk/sounds/play/p08sw5px

Տեսանյութեր

Լրահոս